×


Քրիստինե Պեպելյանը` մարդասպանի եւ բույրերի մասին

Ընթերցանությունը խրախուսելու նպատակով Հայաստանի ժամանակակից արվեստի միությունն իրականացնում է “Խորհուրդ են տալիս հայտնիները” նախաձեռնությունը, որին միացել է Քրիստինե Պեպելյանը: Երգչուհին ընթերցասերների հետ երեկ քննարկել է գերմանացի ժամանակակից գրող Պատրիկ Զյուսքինդի “Օծանելիք. մի մարդասպանի պատմություն” վեպը, որը գրել է 1985 թվականին եւ դարձել ամենահայտնի գրքերից մեկը:

Քրիստինե Պեպելյանը


Վեպի հերոսը՝ մոր կողմից լքված Ժան-Բատիստ Գրենույը, ունի հոտառության գերմարդկային զգացում եւ ցանկություն պահպանել կնոջ բույրը: Նա մեկը մյուսի հետեւից սպանում է տասներկու կանանց, որպեսզի ստեղծի այնպիսի օծանելիք, որը կարող է հնազանդեցնել ու ստիպել ամբոխին սիրահարվել:

Վեպը գրելու ընթացքում հեղինակն այցելել է բոլոր այն վայրերը, որոնք հիշատակել է գրքում եւ հաղորդակից դարձրել օծանելիքի ստեղծման գաղտնիքներին: Այս գործը թարգմանվել է 45 լեզվով, այդ թվում՝ լատիներեն, հավանաբար, հատուկ բժիշկների համար: “Նիրվանա” ռոք խմբի վոկալիստ եւ կիթառահար Կուրտ Քոբեյնը խոստովանել է, որ “Օծանելիք”-ն իր ամենասիրելի գիրքն է, խումբը նույնիսկ երգ ունի, որը Ժան-Բատիստ Գրենույի մասին է, այլ խմբեր եւս նրան նվիրված երգեր են գրել: Իսկ 2006 թվականին ռեժիսոր Թոմ Տիկվերն ֆենթզի-դրամա ժանրում էկրանավորվել է “Պարֆյումեր” ֆիլմը:

Քրիստինե Պեպելյանը հանդիպման սկզբում նշեց, որ գրքի քննարկման ձեւաչափը հետաքրքիր է եւ երկար է հիշելու: Նա ընթերցել է վեպն ու դիտել ֆիլմը. “Սովորաբար, ֆիլմն ավելի թույլ է լինում, քան գիրքը, սա էլ բացառություն չէ, բայց չեմ կարող ասել, որ ֆիլմից հիասթափված եմ: Ինձ դուր եկավ, թեեւ երկրորդ անգամ չեմ դիտի: Գիրքն էլ դժվարությամբ եմ կարդացել, կստեմ, եթե ասեմ՝ մեծ բավականություն եմ ստացել, որովհետեւ տհաճ էր պատկերացնել նկարագրվող տեսարանները: Նա սպանում էր կանանց, ընդամենը հանճարեղ բույր ստանալու համար, բայց մարդկային կյանքից առավել հանճարեղ ոչինչ չկա աշխարհում, որեւէ սրվակի համար չեմ կարող արդարացնել զոհերի քանակը”:

Հերոսի հանճար լինելը երգչուհու համար անհասկանալի է. “Գրենույն իրեն հանճար էր համարում, բայց ինձ թվում է՝ հանճարների մեծ մասն իրենց հանճարեղ չեն համարել, հասարակ կյանքով են ապրել: Ինձ համար մարդասպան հերոսը հանճար չէր, իսկ իր բույրով ամբոխներին հնազանդեցնելը ֆանտաստիկայի ժանրից է: Սիրում եմ կարդալ ու դիտել բաներ, որոնք մարդկային են. որպես ընթերցող, չհավատացի վերջաբանին: Հակված չեմ հավատալ, որ հոտի շնորհիվ մարդ կարող է բոլորին տնօրինել ու ենթարկեցնել իրեն: Հերոսն ուներ սիրո պակաս, իր կյանքի ընթացքում չէր սիրվել, չէր հասկացվել ու իրեն պիտանի մարդ չէր զգացել: Գուցե ինքնահաստատման կարիք ուներ՝ ցույց տալու, որ կարեւոր մարդ է: Նա իբրեւ թե անմեղ ձեւով էր սպանում կանանց, որ աշխարհին նոր բույր տա, բայց չեմ կարողանում արդարացնել: Հերոսի մեջ կար անհասկանալի հանճարի եւ չընկալված մարդու կռիվը”:

Քրիստինե Պեպելյանը


Քրիստինեն գրքից մեջբերել է իր ամենից շատ հավանած մեջբերումը.“Աստված սահմանում է ե՛ւ լավ, ե՛ւ վատ ժամանակներ, բայց ցանկանում է, որ դժվար պահին մենք չբողոքենք ու չողբանք, այլ իսկական տղամարդու պես պահենք մեզ: Ես այս մտքի հետ համաձայն եմ, մեզ համար կան անկառավարելի իրավիճակներ, ինչքան էլ փորձենք ուժեղ լինել, միեւնույն է՝ մարդկային հույզերը տեղի են տալիս, եւ ի վիճակի չենք լինում մեզ ճիշտ դրսեւորել: Խելացի մի միտք կա, ըստ որի՝ երջանիկ մարդիկ մի լուրջ խնդիր ունեն, քանի որ համարում են, որ դժբախտ մարդիկ են մեղավոր իրենց դժբախտության համար, բայց կան անկառավարելի երեւույթներ”:

Ըստ Քրիստինեի՝ մարդու հոտը ուղիղ համեմատական է սեփական հոգեվիճակին. “Ամեն մարդ բուրում է իր իրավիճակին համապատասխան: Երջանկությունն իր բույրն ունի, տխրությունն էլ՝ իր, բայց ամենադաժանը՝ անհույս իրավիճակի բույրն է, որովհետեւ մարդու համար ավելի տխուր բան չկա, քան անհույս լինելը”, - ասել է նա ու հավելել, որ հոտերի նկատմամբ շատ զգայուն է .“Դեռ տարիներ առաջ կարող էի աշխատանքից տուն վերադառնալ ու ասել, թե օրվա ընթացքում ովքեր են եկել մեր տուն:): Իմ բոլոր ընկերներին գիտեմ իրենց հոտերով, իմ մեքենան կարող եմ ճանաչել հոտով: Ինձ համար աշխարհում ամենակարեւորն իմ մայրիկի բույրն է: Կարծում եմ՝ հոտը հիշողություն ունի, շատ բաներ կարող ենք ասոցացնել միայն հոտ առնելով: Կցանկանայի կարողանալ ստեղծել մի բույր, որն օգտագործելով, մարդիկ կժպտային ու երջանկության զգացողություն կունենային: Այն երեւի կլիներ երկնագույն”:

Թե ինչով է պայմանավորված այս գրքի համաշխարհային ճանաչումն ու հաջողությունը, երգչուհին իր կարծիքն ունի.“Ենթադրում եմ, որ հանելուկները շատ են, մարդկանցից հեռու իրավիճակներ ու անիրական հարցեր կան, որ լուծում են ստանում: Խորհուրդ կտամ ընթերցել ու բացահայտումներ անել”:

Թե ում կամ ինչ թեմայի մասին կցանկանար գիրք գրել, երգչուհին պատասխանել է. “Չեմ պատկերացնում, որ երբեւէ կկարողանամ գիրք գրել, բայց կարծում եմ՝ կգրեի ինձ հետ պատահած զվարճալի ու հետաքրքիր դեպքերի մասին, որոնք անպակաս են իմ առօրյայից”:

Եթե Քրիստինեին հնարավորություն տրվեր անձամբ ընտրել քննարկման գիրքը, ապա կընտրեր Մարկեսի “Հարյուր տարվա մենություն”-ը.“Վստահ կարող եմ ասել, որ իմ սիրելի գործն է: Իսկ իմ ամենասիրելի հեղինակը, որին չեմ փոխի այլ գրողի հետ, Համո Սահյանն է: Ժամանակակից գրողներից հավանում եմ Շեկոյանին, Արամ Պաչյանին, նաեւ իմ ընկերներից Զառա Բաթոյանին, բայց բաներ կան, որ չեմ հավանում ու իրեն ասում եմ այդ մասին. կարեւորն իրեն եմ սիրում:)”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW