×


Մերիլ Սթրիփը, Ժան Դյուժարդենը եւ “Օսկար’’-ի մյուս հաղթողները

84-րդ “Օսկար”-ն այլեւս պատմություն է: Ամբողջ գիշեր աշխարհահռչակ դերասանները, ռեժիսորները, պրոդյուսերները եւ շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչները մասնակցել են կինոյի աշխարհում ամենասպասված եւ հեղինակավոր մրցանակաբաշխությանը:

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին


Այս տարի միջոցառումն իր շքեղությամբ ու փայլով չզիջեց նախորդներին: Մրցանակաբաշխությանը ներկա հյուրերի թիվը գերազանցել է 3 հազարը: Հայտնիներն, իհարկե, քայլեցին կարմիր գորգով, ցուցադրեցին իրենց հագուստներն ու ստորագրություններ բաժանեցին երկրպագուներին, որոնք օրեր առաջ արդեն իսկ հերթ էին կանգնել գորգի մոտ` սիրելի աստղերին տեսնելու համար:

Ի դեպ, բազմաթիվ են եղել նաեւ երեկոյին ներկա լրագրողները: Միայն “ABC” հեռուստաալիքը տեղադրել է 20 տեսախցիկ: 225 երկիր, այդ թվում` Հայաստանը, ուղիղ եթերում հեռարձակել են “Օսկար”-ը:

Ժան Դյուժարդենը


Բացի հյուրերից, անվանակարգերից, պերճաշուք հագուստներից, յուրաքանչյուր տարի “Օսկար’’-ն աչքի է ընկնում հիշարժան որեւէ ելույթով: Այս տարի միջոցառման մեխը դարձավ “Դյու Սոլեյ’’ կրկեսի ելույթը, որը հատուկ մրցանակաբաշխության համար ներկայացում էր  պատրաստել: Երեկոյի հաղորդավարն էր սիրված դերասան եւ շոումեն Բիլի Քրիսթալը, որն արդեն 9-րդ անգամ է հանդես եկել որպես “Օսկար”-ի հանդիսավար:

Ջենիֆեր Լոպեսն ու Քեմերոն Դիասը


Իսկ հիմա հաղթողների մասին. Տարվա լավագույն դերասանուհի է ճանաչվել եւ իր երրորդ “Օսկար’’-ն է տուն տարել Մերիլ Սթրիփը` “Երկաթե լեդի” ֆիլմում Մարգարետ Թետչերին մարմնավորելու համար: “Երբ իմ անունը հնչեց, ես կարծես լսեցի, թե ինչպես Միացյալ Նահանգների բնակչության կեսը հոգոց հանեց` “Օ, ոչ, կրկին նա՞”:): Բայց իսկապես երբեք չեմ մտածել, որ կրկին “Օսկար’’-ի կարժանանամ”, -ասել է Սթրիփը: Նշենք, որ վերջին անգամ Մերիլն “Օսկար” է ստացել 1983 թվականին:

Գվինեթ Փելթրոուն ու Ռոբերթ Դաունի կրտսերը


Իսկ ահա տարվա լավագույն դերասան Ժան Դյուժարդենի համար իր հաղթանակն անակնկալ չէր: “Արտիստ” ֆիլմը ճանաչվել է լավագույնը գրեթե բոլոր մրցանակաբաշխություններին: Ժանը երջանիկ է նաեւ “Օսկար” ստանալու համար. “Գիտեք, ուզում եմ շնիկին` Ուգիին, շնորհակալություն հայտնել: Իհարկե, կարծում եմ` դա իր համար ոչ մի արժեք չի ներկայացնում, որովհետեւ հավանաբար չի էլ հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Նա այնքան էլ խելացի շուն չէ, բայց միեւնույն է, շնորհակալ եմ իրեն:)”:

Մերիլ Սթրիփն ու Ժան Դյուժարդենը


2012 թվականի “Օսկար” մրցանակաբաշխության հաղթողների ցուցակը, ինչպես նաեւ միջոցառմանը ներկա հայտնիների լուսանկարներն առաջարկում ենք դիտել ստորեւ.

Լավագույն ֆիլմ – “Արտիստը”

Լավագույն ռեժիսոր – Միշել Հազանավիչուս (“Արտիստը”)

Լավագույն դերասան – Ժան Դյուժարդեն  (“Արտիստը”)

Լավագույն դերասանուհի – Մերիլ Սթրիփ (“Երկաթե լեդի”)

Երկրորդ պլանի լավագույն դերասան – Քրիստոֆեր Փլամեր (“Սկսնակները”)

Երկրորդ  պլանի լավագույն դերասանուհի – Օկտավիա Սփենսեր, “Աղախինը”

Օտարալեզու լավագույն ֆիլմ – “Նադերի եւ Սիմինի ամուսնալուծությունը”, Իրան

Անիմացիոն լավագույն  ֆիլմ – “Ռանգո”

Ադապտացված լավագույն սցենար – “Հետնորդները”, Ալեքսանդր Փեյն, Նետ Ֆիքսոն, Ջիմ Ռաշ

Օրիգինալ լավագույն սցենար – “Կեսգիշերը Փարիզում’’, Վուդի Ալեն

Լավագույն  օպերատոր – “Ժամանակի պահապանը’’, Ռոբերտ Ռիչարդսոն

Լավագույն մոնտաժ – “Վիշապի դաջվածքով աղջիկը”, Էնգուս Վոլ, Քիրք Բաքսթեր

Լավագույն ձայն – “Ժամանակի պահապանը’’

Լավագույն էֆեկտներ – “Ժամանակի պահապանը’’

Լավագույն բեմադրիչ – “Ժամանակի պահապանը’’

Լավագույն կոստյում – “Արտիստը’’, Մարք Բրիջես

Վավերագրական լավագույն ֆիլմ – “Անպարտելի”

Անիմացիոն կարճամետրաժ լավագույն ֆիլմ – “Մորիս Լեսմորի ֆանտաստիկ թռչող գրքերը”

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW