Արդեն տասը տարի անընդմեջ “Օրրան” ցերեկային խնամքի կենտրոնը “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում կազմակերպում է բարեգործական ընթրիք, որի նպատակը դրամական միջոցներ գտնելն է Երեւանի եւ Վանաձորի կենտրոններ այցելող կարիքավոր երեխաների ու տարեցների համար։
Արտակ Հերիքյանը, Արմինե Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը եւ Նազենի Հովհաննիսյանը
10-րդ հոբելյանական ընթրիքին հրավիրված էր շուրջ 250 հոգի՝ գործարարներ, դիվանագետներ, Ֆրեզնոյից բժիշկներ, շոու-բիզնեսի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ տարբեր երկրներից ժամանած “Օրրան”-ի նվիրատուներն ու աջակիցները, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում։
Հյուրերի ընդունելությունից հետո Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը կատարել է ճաշի օրհնության արարողությունը, տերունակական աղոթքից հետո ներկաները համտեսել են մատուցված խորտիկները։
Բարեգործական ճաշի հանդիսավարներ Հերմինե Ստեփանյանը, Արտակ Վարդանյանը եւ Նազարեթ Սեֆերյանը ներկայացրել են այն ծառը, որի վրա փակցված էին սաների ձեռքով նկարազարդված խորհրդանշական մագնիսները. “Ապահովեք մեկ երեխայի կամ մեծահասակի օրական տաք ճաշով եւ հագուստով՝ նվիրաբերելով մեկ տարվա համար 500 դոլար, եւ ընտրեք երեխաների նկարազարդած գեղեցիկ մագնիսներից որեւէ մեկը”։
"Օրրան"-ի բարեգործական ընթրիքին
Նվիրատվությունների երեկույթի ընթացքում ելույթ են ունեցել “Օրրան”-ի երեխաները եւ տարեցների երգչախումբը, նախկին շահառու Հռիփսիմե Մալխասյանը պատմել է այն դրական երեւույթների մասին, որ կատարել է “Օրրան”-ն իր կյանքում։ Հյուրերի համար երգել են Արթուր Իսպիրյանը, Վարդան Բադալյանը եւ Նառան։
Ընթրիքի ժամանակ իրականացվել է ավանդույթ դարձած շամպայնի գավաթի վիճակախաղը, որի հաղթողը ստացել է ոսկե մատանի, սակայն այն տրամադրել է “Օրրան”-ին: Հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը նշել է, որ մատանին կնվիրեն “Օրրան”-ի այն սանին, ով մոտ ապագայում կնշանադրվի։
Այնուհետեւ աճուրդին խաղարկվել է երեք մետաքսյա շարֆ, որոնցից մեկը գնել է Նազենի Հովհաննիսյանը, աճուրդի են հանվել նաեւ թանկարժեք վիսկի, սաների կողմից պատրաստված կերամիկական բաժակներ ու ափսեներ, հյուրանոցի վաուչեր, մշտադալար եղեւնի Օրրանի այգում, որը կոչվելու է բարերար Վահագն Հովնանյանի անվամբ։
“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` կնոջ հետ
Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս ամենամեծ հանգանակությունը կատարել է “Վիվասել-ՄՏՍ”-ը եւ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ընտանիքը։ Նա միանալով աճուրդին՝ նշել է, որ կարեւորում է բարեգործական կենտրոնի աշխատանքը, եւ կշարունակեն աջակցել.“Կարեւոր է հայրենիքը սրտանց, ոչ թե ձեւական սիրելը, եթե իրոք սիրում ենք մեր երկիրը, չպետք է կարողանանք գիշերը հանգիստ քնել, որովհետեւ ունենք շատ խնդիրներ, հատկապես կարիքավոր ու մուրացող երեխաներ։ Մեր հնարավորությունների սահմանում պիտի օգնենք վերացնել այս խնդիրը։ Դժբախտաբար, այժմ ամեն ինչ արհեստական է դարձել, ինչը ստիպում է մեզ անտարբեր լինել եւ ուրիշների խնդիրները չլուծել: Մենք ուզում ենք զարմացնել մեր ավտոմեքենաներով, շքեղ տներով, ոսկեղենով, էքստրավագանդ արձակուրդով, բայց հակառակը՝ պետք է հոգանք երեխաների կարիքները՝ մեր շարունակող սերնդի ապագան”։
Շուշաննա Թովմասյանը
Արմինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նվիրատուներին եւ հիշել այն մարդուն, որն ամենաառաջինն է նվիրատվություն արել.“Մեզ հավատացին ու օգնեցին աշխարհի տարբեր երկրներում ապրող հայրենակիցները։ Այս ամենը հնարավոր է դարձել մեր առատաձեռն բարերարների շնորհիվ”։
Աճուրդի երկրորդ հատվածում հանդիսավարներին եւ Ռալֆ Յիրիկյանին միացել է Նազենի Հովհաննիսյանը.“Մասնակցության շնորհիվ այս ծառի պտուղները դառնում են լիարժեք, յուրաքանչյուր երեխայի համար կարող եք ապահովել մեկ տարվա կտրվածքով լիարժեք կյանք։ Էական չէ՝ որ երեխան է եւ ում երեխան է, էական է մեր վերաբերմունքը”։
Րաֆֆի Հովհաննիսյանը եւ բարեգործական ընթրիքի մյուս մասնակիցները
Այս տարի բեմից ներկաներին ողջունել է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը.“Ես երբեւէ հանպատրաստից չեմ խոսել այստեղ, որովհետե “Օրրան”-ի աստղն Արմենուհին է։ Նա շփվում է ամենատարբեր խավերի հետ եւ վայելում նրանց սերն ու հարգանքը, որն ավելի բարձր է, քան քաղաքականությունը։ Երբ մենք ամուսնանում էինք, Արմենուհին խոստացավ, որ 14 երեխա կունենանք, բայց մենք ունենք 5 զավակ, այսօր մեր կողքին է մեր ավագ որդին՝ Կարինը։ Եզրափակելով աճուրդը՝ կմիանամ եւ ինը երեխայի ծախսերը կհոգամ”։
2000 թվականին հիմնադրված “Օրրանը” սկզբում աջակցել է 16 երեխայի, այսօր Երեւանի եւ Վանաձորի մասնաճյուղերում կենտրոնի հոգածության ներքո են շուրջ 200 երեխա եւ 95 տարեց։ Նրանցից յուրաքանչյուրի համար սահմանված 500 դոլարը հավաքվել է, որի արդյունքում “Օրրան”-ը մեկ տարվա ընթացքում կհոգա բոլոր շահառուների սննդի, բժշկական, սոցիալական, կրթական ծախսերը։ Ընթրիքի ընթացքում հանգանակվել է մոտ 74 միլիոն 570 հազար դրամ:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: