×


Ֆրանսիայում կներկայացվի Շառլ Ազնավուրի նկարահանած բացառիկ ֆիլմը

Նույնիսկ մահվանից հետո լեգենդար արտիստը չի դադարում զարմացնել՝ շուտով էկրաններին կհայտնվի Շառլ Ազնավուրի նկարահանած բացառիկ ֆիլմը. հոկտեմբերի 2-ից այն կցուցադրվի Ֆրանսիայի կինոթատրոններում: «Շառլի հայացքը» («Le regard de Charles») կոչվող ֆիլմը մինչ այս ներկայացվել է տարբեր կինոփառատոններում եւ ընկերական շրջանակում: BRAVO.am-ի փարիզյան թղթակիցը ներկա է գտնվել մտերիմների համար կազմակերպված ֆիլմի նախնական ցուցադրությանը:

Հաճախ ենք հանդիպում արտիստների, ովքեր իրենց փորձում են տարբեր ոլորտներում, Շառլ Ազնավուրի նմանատիպ փորձերը, սակայն, գլուխգործոցների են վերածվել: Երգիչ-երգահանը մահվանից հետո իր հանդիսատեսին է ներկայանում լիովին այլ ոճով՝ ինքնակենսագրական ֆիլմով: Հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆն 1948թ.-ին Ազնավուրին մի տեսախցիկ է նվիրել, որն էլ դարձել է երիտասարդ երգչի մշտական ուղեկիցը:

Միշա Ազնավուրը


Իր մեծ կարիերայի ընթացքում նա նկարահանել է ամեն ինչ, սակայն երբեք չի նայել իր արած կադրերը. դրանք հավաքել եւ մահվանից երկու տարի առաջ հանձնել է ընկերոջը՝ Մարկ Դի Դոմենիկոյին, ով էլ հենց այդ կադրերով ֆիլմ է ստեղծել՝ ֆիլմի պրոդյուսեր Միշա Ազնավուրի աջակցությամբ:

«Դուք տեսել եք իմ անունը կարմիր տառերով գրված «Օլամպիայի» ճակատին, ինձ տեսել եք բեմի վրա, մոտիկից, հեռվից, իմ պատկերները, որոնք իրար կողքի կարծես նկարել են կյանքս... Դուք ինձ տեսել եք, այո՛, բայց չգիտեք, որ ես էլ եմ ձեզ տեսել... Ի դեպ, ձեզ նայում եմ հենց ամենասկզբից։ Իմ տեսախցիկն է ինձ տարել ամենուր, աշխարհի ծայրը, հրաշքների երկիր... Ես երբեք չեմ նայել իմ նկարահանածը, բայց համոզված էի, որ մի օր դուք դրանք կնայեք»,-ասում է մեծանուն ֆրանսահայը:


Ֆիլմում տեսնում ենք նրա առաջին այցը Հայաստան, հանդիպումը Վազգեն Առաջին կաթողիկոսի հետ, իր մտորումներն այդ այցի ժամանակ։ Տարբեր վայրեր այցելելով՝ արտիստն ասում է, որ յուրաքանչյուր անկյունում մտածում էր, թե ինչպիսին կլիներ ինքը, իր կյանքը, եթե հենց Հայաստանում ծնված լիներ։ Չնայած՝ իր ծնողներից որեւէ մեկը Հայաստանում չի ծնվել, նշում է, որ միեւնույն է՝ հենց այդ երկրից են իր արմատները, Հայաստանն է իր հայրենիքը։

Մաեստրոն, ով մշտապես մտահոգված էր մարդկանց խնդիրներով, երբեք չէր «փակվում» իր փառքի մեջ, այլ փորձում էր բարի գործեր անել, իր այցելած բոլոր երկրներում նա նկատում էր մարդուն, նրա ապրելակերպը, խնդիրն ու ցավը եւ, իհարկե, բազմատեսակ գեղեցկությունները:


Ֆիլմը պատմում է Ազնավուրի երեք կանանց, 5 երեխաների, կյանքի ամենամեծ վշտի՝ որդու կորստի մասին: Իր սիրային պատմություններից յուրաքանչյուրը պատմելիս երգիչը պոետիկ ու քնքուշ բառերով է նկարագրում կանանց, խոսում իր սխալների մասին, բայց ոչ երբեք՝ նրանց: Վերջում նկարագրում է իր մեծ ու հարատեւ սերը, Ուլլայի հետ ամուսնությունը, երեխաների ծնունդը:

Այս ֆիլմի վրա աշխատած մասնագետները նշում են, որ սա պարզապես սիրողական նկարահանում չի եղել. մաեստրոն տիրապետել է կինոյի արվեստին: Պատկերները համր են եղել, սակայն մասնագետների ջանքերով Ազնավուրի տեքստերը լիարժեք համընկել են պատկերներին։

Տեքստը՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport