Երգչուհու ձեռագրով CD-ն` շուտով:)
Նախորդ տարի երգն Աստղիկ Սաֆարյանին գտավ, 2010-ն էլ սեփական ձեռագրով ներկայանալու թվականն է:): “Իմ ձեռագրով”-ը հեղինակային ձայնասկավառակ է. բոլոր ստեղծագործությունների երաժշտության եւ խոսքերի հեղինակը հենց երգչուհին է: Նոր ալբոմի 11 երգն էլ փոփ-ռոք ոճում են: Իր թվով երկրորդ ձայնասկավառակը Աստղիկը իր ձեռագրով կստորագրի նոյեմբերի 21-ին “Star City” խանութ-սրահում:
Մինչ օրս երգչուհին “իր ձեռագրից” միայն “Մի պատուհան” է բացել. մյուս երգերը, ինչպես ինքն է նշում, չլսված են:): “Նախորդ ձայնասկավառակիս շնորհանդեսը 2009 թվականի նոյեմբերին էր: Արդեն հունվար ամսին ես ուղղակի ինքս ինձ մարտահրավեր նետեցի եւ որոշեցի հեղինակային ձայնասկավառակ ստեղծել: Նույնիսկ չգիտեի` պատրաստ եմ դրան, թե` ոչ: Առաջին երգը գրվել է հունվարի 15-ին, վերջինը` այս ամիս` հոկտեմբերին: Բոլոր երգերը թարմ են, ինչը ես շատ եմ կարեւորում. չկա այնպիսի երգ, որ տարիներ է` ունեմ, չի ստացվել առաջին CD-ում ներառել, հիմա եմ անում: Նման բան չկա”,- ասաց Աստղիկ Սաֆարյանը:
Bravo.am-ը օրերս հետեւել է “Իմ ձեռագրով” ալբոմի ձայնագրությունների ընթացքին: Երգչուհին հիմնականում երեկոյան է ձայնագրվել. “Այդ ժամերին ձայնը լավ է հնչում”: Երգերի թեմաներն էլ Աստղիկ Սաֆարյանի կողմից ապրված են. “Շատ զգացմունքային եւ անկեղծ ստեղծագործություններ են: Կարծում եմ` յուրաքանչյուրն էլ լսելիս իրեն անպայման կգտնի այդ գործերում: Մեծ մասը ուղղակի հոգուցս բխած երգեր են: Խոսք կա, ասելիք կա. իմ ասելիքն է, իմ մտածելակերպը, ոճը, ես եմ այդտեղ: Այն ամբողջությամբ իմ ձեռագրով է. դրական էմոցիաներ է փոխանցելու”:
“Սեւ ակնոց” երգը այն մասին չէ, որ Աստղիկ Սաֆարյանը թաքնվել է սիրում. “Ուղղակի կապված է հիշողությունների հետ ու ամեն ինչ փոխաբերական իմաստով է ներկայացված”: “Ժպտա”-ն լսելիս երգչուհու տրամադրությունն էլ է բարձրանում:): “Մի երգ էլ կա, որ շատ հետաքրքիր լուծում ենք տվել ես ու Գարիկը: “Անձրեւ է”-ի առաջին հատվածում իմ խոսքն է, իսկ երբ ասելիքս վերջացնում եմ, սկսվում է Գարիկի սոլո հատվածը: Նա ոչ թե երգում է, այլ իր խոսքն ասում երաժշտության միջոցով: Խորը ռոքային երգ է:)”,- նոր երգերը ներկայացրեց երգչուհին:
“Իր ձեռագրով” միայն երկու անգլերեն երգ է գրել, մնացածը հայերեն են: CD-ում, նշում է, ռոքի տարբեր ճյուղեր է ներկայացրել. “Ես մնացել եմ փոփ-ռոքի մեջ, բայց ներկայացրել եմ իմ մտածելակերպը ռոքի վերաբերյալ: Փոփ-փանկ, էթնո-ռոք ոճի մեջ երգեր էլ են ներառված: Զուլալ ռոքային դանդաղ գործեր էլ կան, որ իմաստային առումով գուցե տխուր թվան, բայց, այնուամենայնիվ, դրական ավարտ ունեն”:
“Իմ ձեռագրով”-ը գործիքավորել են “Vitamin” ակումբից Գարիկը, VO.X խմբից Արամ Րիանը: Այս անգամ երգչուհին համագործակցել է նաեւ ԴերՀովայի եւ դիջեյ Սերժոյի հետ: “Ինձ շատ հարազատ է Գարիկը: Նա միշտ իմ ու իմ երաժշտության կողքին է: “Մի պատուհան”-ն էլ է ինքը գործիքավորել: Շատերը լսում են, չեն պատկերացնում, որ դա ռոք է: Գարիկի հետ հիմնականում հանդարտ գործերն ենք արել, Արամ Րիանի հետ` ակտիվները: ԴերՀովան իր առաջին փորձն արեց փոփ-փանկի մեջ: Էքսպերիմենտալ է դիջեյ Սերժոյի կատարած գործիքավորումը. մոդեռն բան է, որ ներառում է իմ եւ սերժոյական ոճերը”:
“Միգուցե տարօրինակ է, բայց ես այդպիսին եմ:)”. Աստղիկ Սաֆարյան
Աստղիկ Սաֆարյանը ֆիքսել է յուրաքանչյուր երգի ստեղծման ամսաթիվն ու ժամը. “Երգերի ժամանակագրությունը պահված է: Ես արտասահմանյան կատարողների շատ-շատ օրիգինալ դիսկեր եմ ունեցել, բայց նման բան չեմ հանդիպել”:
Ձայնասկավառակի ֆոտոսեսիան Փարիզում է արվել. “CD-ի ընդհանուր դիզայնով զբաղվել է իմ շատ մտերիմ ընկերուհի Տաթեւիկ Սիրաբյանը: Շատ գունավոր վիճակների մեջ է, շատ ռոքային է: Ռոքը բնականություն է ուզում, ազատություն, մտքի թռիչք. ամեն ինչ պահպանված է: Շատ կանացի է արվել, բայց նաեւ շատ ռոքային”,- նշեց երգչուհին:
Աստղիկ Սաֆարյանին ստեղծագործելու համար սիրահարվել պետք չէ:): “Երբ տրամադրվում եմ, որ ստեղծագործեմ, մուսան ինքն իրեն գալիս է, երգերը գրվում են: Ցանկացած երեւույթի վրա երբ մի փոքր բարկացած եմ լինում, ինձ ավելի ուժ է տալիս երգեր գրելու համար, միգուցե տարօրինակ է, բայց ես այդպիսին եմ: Գիտեմ` շատ ստեղծագործողներ անընդհատ սեր են փնտրում, որ զգացմունքային դարձնի, կարողանան ստեղծագործել: Այս անգամ չեմ էլ բողոքում, իսկապես շատ դրական ձայնասկավառակ է, նույնիսկ եթե բողոքում եմ, վերջում դրական լուծում է ստանում երգը”:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: