Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկն է տրվել երեկ: Առանձնացրել ենք բացման արարողության ամենահիշվող ու գեղեցիկ դրվագները:
Արարողությունից առաջ մի փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ՝ կազմակերպիչները հյուրերին զգուշացրին կարմիր գորգին պատշաճ կերպով ներկայանալու մասին. արգելվեց հագնել թափանցիկ ու չափազանց մեծ ծավալով զգեստներ: Այս առումով կանոնը փոքր-ինչ խախտել է Քվենտին Տարանտինոյի կինը՝ Դանիելա Պիկը՝ մեջքի բավական մեծ բացվածքով զգեստով:
Կինոփառատոնի բացումն ազդարարեց հենց Տարանտինոն: Նա անսպասելի կերպով հայտնվեց բեմում, հայտարարեց բացման ֆիլմը, ցուցադրական կերպով բարձրախոսը նետեց գետնին ու բառացիորեն պարելով հեռացավ դեպի կուլիսներ:
Առաջին անգամ փառատոնը բացվեց կին ռեժիսորի աշխատանքով: Ներկաները դիտեցին Ամելի Բոնինի «Հեռանալ մի օր» ֆիլմը, որը պատմում է խոհարարական շոուի աստղ Սեսիլի ու նրա սիրեցյալի մասին, որոնք ցանկանում են Փարիզում ռեստորան բացել: Սակայն շուտով Սեսիլն իմանում է, որ հղի է, իսկ հայրը կաթված է ստացել, ինչից հետո որոշում է մեկնել իր ծննդավայր ու այցելել ընտանիքին պատկանող խորտկարան:
Կադրը՝ Ամելի Բոնինի «Հեռանալ մի օր» ֆիլմից
Այս տարի կազմակերպիչները «Ոսկե արմավենու ճյուղի» են արժանացրել Ռոբերտ դե Նիրոյին: Իսկ հանձնելու պատիվը տրված էր դերասանի խաղընկեր Լեոնարդո ԴիԿապրիոյին: Նա իր ելույթում գովեց ավագ գործընկերոջն ու նշեց նրա կարեւորությունն իր կյանքում ու մյուս դերասանների համար՝ որպես օրինակ եւ ուսուցիչ: Իսկ ահա դե Նիրոն ներկաների ուշադրությունը հրավիրեց Թրամփի քաղաքականությանը, որի համաձայն՝ արտասահմանյան ֆիլմերի համար 100 տոկոս մաքսատուրք կգործի: Նա կոչ արեց կինոյի ուժի միջոցով շարունակել պայքարել դրա դեմ։
78-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահը 61-ամյա Ժուլիետ Բինոշն է, որը կարմիր գորգին հայտնվեց իր գլխավորած հանձնաժողովի մյուս անդամների՝ ռեժիսորներ Հոն Սան-սուի, Կառլոս Ռեյգադասի, Փայալ Կապադիայի, Դիեդո Համադիի, դերասան Ջերեմի Սթրոնգի, դերասանուհիներ Հոլի Բերիի ու Ալբա Ռորվահերի, գրող Լեյլա Սլիմանի հետ ձեռք ձեռքի տված:
Բինոշի ընտրած հագուստն ամենաքննարկվածներից մեկն է դարձել, նա որպես իրական ֆրանսուհի շեշտը դրել էր զսպվածության վրա՝ Dior-ի գլխաշորով վերնահագուստով ու տաբատով աստվածուհու էր նման, իսկ կերպարն ամբողջացրել էր Chopard-ի ականջօղերով։ Իսկ նրա ելույթը բացման ժամանակ կրքոտ ու ազդեցիկ էր, ահա մի հատված.
«Պատերազմը, աղքատությունը, կլիմայի փոփոխությունը, կնատյացությունը, մեր բարբարոսության դեւերը հանգիստ չեն տալիս բոլորիս: Որպես հակակշիռ այս հսկայական փոթորկին՝ պետք է վերափոխենք մեր տեսլականները, դրանք վերածենք վստահության, բաց թողնենք մեր վախերն ու եսասիրությունը, փոխենք ընթացքը»։
Իսկ ահա Հոլի Բերին բացման համար բոլորովին այլ զգեստ էր ընտրել, բայց քանի որ հագուստի հետ կապված սահմանափակումներ եղան, վերջին պահին փոխել է այն:
Կինոփառատոնի ամենավերափոխված հյուրն էլ մոդել Բելլա Հադիդն էր: Նա ներկայացել է վարսերի նոր գույնով եւ Saint Laurent-ի գայթակղիչ զգեստով:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: