“Պետք չէ «ընկածին» հրել կամ ծեծել” 2012-ին Ադրբեջանում կայանալիք “Եվրատեսիլին” Հայաստանի մասնակցության վերաբերյալ Արա Գեւորգյանն իր պատկերացումներն ու գաղափարներն ունի, որոնցով այսօր կիսվեց BRAVO.am-ի հետ: Երաժշտին հետաքրքիր չէ երկիրը, որտեղ անցկացվելու է երգի միջազգային մրցույթը, այլ` հայերի հաղթանակն ու լավ ելույթը: Արա Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շատ կարեւոր է երգի ու երգչի ընտրությունը. «Մաքսիմալ ճիշտ ընտրություն է անհրաժեշտ, ծանոթ-բարեկամներով պետք չէ հավաքվել: Պետք է այնպես անենք, որ ադրբեջանական հողում հայերը մի քանի անգամ բարձր լինեն, լավ ներկայանան»: Երաժիշտը կարծում է, որ երգը կարող է լինել հայերեն եւ անգլերեն: Պատասխանելով BRAVO.am-ի հարցին, թե ում կցանկանա տեսնել եվրատեսիլյան բեմում, Արա Գեւորգյանը նշեց Ռազմիկ Ամյանի անունն ու հավելեց. «Մենք իսկապես ունենք շատ լավ երգիչներ, բայց լրատվամիջոցներն ու առհասարակ մարդիկ պետք է նրանց վախի մեջ չպահեն»: Նա անդրադարձավ նաեւ Էմմիի ելույթին ու հետագա արձագանքներին. «Ես Հայաստանում չէի, բայց շատ նեղվեցի, երբ տեսա, թե ինչ արեցին մեր երգչուհուն, սխալ մոտեցում ունենք. պետք չէ «ընկածին» հրել կամ ծեծել»: Երաժիշտը գաղափարներից մեկն էլ ներկայացրեց. իր` «Սիրեցեք զմիմյանս» երգի ձայնագրված մի տարբերակ ունի, որտեղ հայ երգչի հետ հանդես են գալիս նաեւ գերմանացի, շվեդ եւ ֆինն երգիչներ, ովքեր պատրաստ են ամեն տեղ կանգնել հայկական դրոշի ներքո ու երգել այդ երգը. «Ինչպես գիտեք, երգը հենց խաղաղության մասին է, որի կոչը հայն է անում, իսկ նրան միանում են այլազգի երգիչներ, երգում այն գերմաներեն, անգլերեն եւ հայերեն լեզուներով: Սա մեծ հնարանք է իր մեջ պարունակում...»: Արա Գեւորգյանը նշեց, որ ունի նաեւ այլ երգ, որը կներկայացնի «Եվրատեսիլ 2012»-ի հայաստանյան նախընտրական փուլին. «Թող ժյուրին ընտրի... :)»: Իէն Գիլանի հետ համագործակցության եւ “Holy Water” երգի մասին : ) Արա Գեւորգյանն այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ խոսեց նաեւ բարձրորակ եւ լավ երաժշտության մասին: Նա իր ուրախությունը հայտնեց` վերջերս Հայաստան այցելած լեգենդար խմբերի եւ երգիչների երեւանյան ելույթների համար, իսկ նրանց թվում առանձնացրեց Իէն Գիլանի հետ համագործակցությունը, որի մանրամասները Bravo.am-ը ձեզ արդեն պատմել է` http://www.bravo.am/news/%D5%A1%D6%80%D5%A1-%D5%A3%D5%A5%D6%82%D5%B8%D6%80%D5%A3%D5%B5%D5%A1%D5%B6/ : Արան նշեց, որ իր եւ Իէն Գլիանի ծանոթությունն ու ընկերությունը սկսվել է դեռ 1990-ականներին, երբ իր «Ռալլի» խմբով ուրախությամբ գնացել են օդանավակայան` աշխարհահռչակ երգչի ձեռքը սեղմելու. «Մտածում էինք, թե նման առիթ էլ չի լինելու»: Բայց եղավ. Արան իմացավ, որ աշխարհահռչակ ռոք-երաժշտներով վերաթողարկել են “Smoke On the Water” երգն ու վաճառքից ստացված եկամուտը տրամադրում են երկրաշարժից տուժած Գյումրու երաժշտական դպրոցին, բոլոր բուհերից շնորհակալագրեր հավաքեց եւ հանձնեց Գիլանին` նրա` հայաստանյան այցի ժամանակ: «Այնուհետեւ եղավ ինձ համար շատ անսպասելի մի բան. Իէն Գիլանից առաջարկ ստացա իր երգերից մեկը մշակել հայկական տարբերակով: Շատ զարմացա, ուրախացա, դա արեցի մեծ հաճույքով: Երբ արդեն պատրաստ աշխատանքը հանձնեցի Գիլանին, նա շատ ուրախացավ եւ ինձ անգամ գումար առաջարկեց կատարածս աշխատանքի դիմաց, բայց ես, բնականաբար, հրաժարվեցի դրանից` հաշվի առնելով մեր 20 տարվա ընկերությունն ու նրա օգնությունն աղետի գոտուն: Դա “Holy Water” երգն է, որտեղ դուդուկի պարտիան կատարել է Արշակ Սահակյանը»: Տեղեկացրել ենք, որ երգն արդեն պատրաստ է: Այն թողարկվել է “WhoCares” խմբի սինգլում, որի վաճառքից գոյացած ողջ հասույթը ուղղվելու է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը: Դպրոցի վերակառուցման գործընթացն իրականացվում է Մեդիամաքսի եւ Do Something-ի կողմից` Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակներում: Հետաքրքրվողներ գրեթե չկան Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի փողային էստրադա եւ ժողովրդական գործիքներ բաժնում խուճապ կա. ժողովրդական գործիքներով եւ փողային էստրադայով հետաքրքրվողների թիվն այսօր շատ քիչ է: Բաժնի ամբիոնի վարիչ Արա Գեւորգյանն ու երաժշտագետ Անահիտ Խեչումյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ցանկացան հիշեցնել դիմորդներին, որ դիմում-հայտը պետք է ներկայացնել մինչեւ մայիսի 31-ը: Անահիտ Խեչումյանը նշեց, որ ժողովրդական եւ փողային նվագարաններն այսօր կորում են. «Եթե այսպես շարունակվի, մի գեղեցիկ օր հնարավոր է, որ մենք նաեւ դասավանդողներ չունենանք»: Իսկ Արա Գեւորգյանը հավելեց, որ ազգային երաժշտությունը հավերժ է. «Մեր արմատներից եկող երաժշտությունը երբեք չի մոռացվի, ուղղակի ժամանակը վատ առումով նպաստում է, որ այն թաքնված մնա: Այսօր բոլոր երգիչների հետ հանդես են գալիս նույն նվագախմբերը, նորն այնքան էլ չի քարոզվում, բայց ժողովրդական մի լավ խոսք կա` “տաշած քարը գետնին չի մնա”... : )»: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/ եւ Արա Գեւորգյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: