“Գործերս մի կողմ եմ դրել, որ վայելեմ”:) Արեւիկ Ալավերդյան. - Ուրախ եմ, երջանիկ, աչքերս էլ փայլում են, որովհետեւ ներքուստ ինձ շատ լավ եմ զգում: Ուրախ եմ աշխատանքիս համար, ինչ ուզում եմ, արդյունքը գոհացնում է: Ուրախ եմ նաեւ անձնականիս համար: Ներդաշնակ վիճակ է: Սնահավատ չեմ, չեմ ասում` թու-թու-թու, բայց Աստված տա` այս հանգստությունը, զգացմունքը պահպանվի: Փոփ-ռոք երգչուհին մի ամիս է` Zara օծանելիքն է օգտագործում, շատ է հավանել բույրը, մանավանդ որ Փարիզից ժամանած մտերիմն է նվիրել:): 24-ամյա Արեւիկ Ալավերդյանը վայելում է ամառը, Bravo.am-ն էլ “անմահացրել” է երգչուհու ու Հայկ Շահբազյանի երջանիկ դեմքերը:): Հայկին կհիշեք “Վերադարձ” հեռուստասերիալից. Էպիզոդային դերում է հանդես եկել, դերասան լինելուց բացի Փարիզում իր առանձին բիզնեսն ունի: Արեւիկը նրան երկու ժամ սպասել է օդանավակայանում, կարեւորը` երկուսն էլ կարոտն առել են:): Ի՞նչ է կատարվում, կռահեք ինքներդ:): - “Բարեւ, երջանկություն” ե՞րբ ես ասել:) - Բնականաբար, չեմ կարող ասել, որ միշտ երջանիկ վիճակների մեջ եմ, սուտ կլինի, չեմ ասի` հիասթափություններ, տրամադրության անկում է լինում: Շատ հաճախ է լինում, նույնիսկ անտեղի:), բայց շատ կարճ է տեւում, հիմնականում ուրախ եմ լինում: - Տխրելուդ պատճառնե՞րը: - Զարդ կոտրվի, հագուստը փչանա, արտաքինի հետ կապված ինչ-որ մի բան դուրս չգա, այդ ժամանակ: Ամեն ինչի հետ կապված կարող է տրամադրությունս ընկնի:): - Այսօր արթնացար, ի՞նչ մտածեցիր: - Գիտեի` օրս ինչպես եմ անցկացնելու, աչքերս բացել եմ, արագ պատրաստվել ու տնից դուրս եկել, մտածելու ժամանակ չի մնացել: Այս մի ամիսը ինձ համար ամեն ձեւ պլանավորված է:): Ազատ գրաֆիկ է. հանգստանում եմ, գործերս մի կողմ եմ դրել, որ վայելեի: - Վայելեցի՞ր: - Դեռ վայելում եմ: Այսօր էլ լողալու էի գնացել: - Ցանկանում էիր քեզ ջրահարս զգա՞լ:): - Հա, կարելի է այդպես ասել. ջրում ինձ ջրահարս էի զգում:): Հիմա էլ ինձ թագուհի եմ զգում:): - Արեւը համարենք մեծ աստղ, դու էլ Արեւիկն ես, նախատեսո՞ւմ էիր մեծանալ, “աստղ” դառնալ:): - Չեմ երազել երգչուհի, “աստղ” դառնալ, այդ ասվածը չեմ ընդունում, մանավանդ` Հայաստանի պայմաններում աստղային կյանքով ապրողներին մատների վրա կարելի է հաշվել: Երգչուհի դառնալ էլ ոչ թե երազել եմ, այլ գիտեի` այդ օրը գալու է, ու ես անպայման երգելու եմ: - Քո երազանքները ա՞յլ հարթության վրա են:): - Ուրիշ բաների մասին եմ երազում: Օրինակ` անձնական կյանքի, կանացի երջանկության, դրանք այնպիսի բաներ են, որ երազում ես ամեն ինչ հարթ դասավորվի: Ճիշտ է` էլի պետք է աշխատես այդ ուղղությամբ, բայց մի քիչ այլ է, իսկ աշխատանքում դու քեզ զարգացնում ես: - Երջանկությունը քեզ Հայաստանից տանելո՞ւ է: - Շոու-բիզնեսից հաստատ չի տանի, այ Հայաստանից տանել-չտանելը չեմ կարող ասել:): Համոզված եմ` կողքինս այնպիսի մեկն է լինելու, որ գնահատելու է իմ աշխատանքը, օգնելու, աջակցելու է: - Կողքիդ արտիստի՞ ես պատկերացնում: - Պարտադիր չի, ցանկալի կլիներ` բնագավառը նույնը լիներ, որովհետեւ այլ բնագավառի ներկայացուցիչները մի քիչ ուրիշ պատկերացումներ ունեն այս մեկի մասին ու հարաբերություններում երեւի շատ են կռիվներ լինում, անհամատեղելիություն է լինում: Չնայած` մարդուց է կախված, բայց ցանկալի կլիներ` ինչ-որ չափով նույն բնագավառից լիներ, որ ավելի շատ իրար հասկանայինք:): - Նորաձեւությանն ես հետեւում, երգում էլ ես, որովհետեւ նորաձե՞ւ է երգչուհի լինելը: - Ինձ ինչ հիշում եմ, երգում եմ: Անկեղծ կասեմ` սկզբում չէի ցանկանում երգչուհի դառնալ, որոշել էի մոդելավորողի մասնագիտությունը ընտրել: Փոքր ժամանակ էլ համ երգում, համ նկարում էի: Կերպարներ էի ստեղծում, հայրս մինչ օրս պահում է այդ մեծ քանակությամբ նկարները: Ճիշտ է` ես չեմ հավանում, բայց նա ասում է, որ շատ լավն են: Հայրս նաեւ լավ նկարում է, որ ասում է, մի բան գիտի: Հետո շատ կտրուկ եղավ երգարվեստում մասնագիտանալը: Ես պետք է ընդունվեի Գեղարվեստի ակադեմիա, չգիտես ինչու, միանգամից անցա կոնսերվատորիա: Գուցե ավելի շատ խորացա երգի մեջ, դրա համար: Գուցե չէ, հաստատ: Լրջորեն էի զբաղվում վոկալով: Հիմա փոշմանել եմ շատ, որովհետեւ վեց տարի սովորեցի, ավարտեցի, ավելի լավ կլիներ մոդելավորողի մասնագիտություն ստանայի, կողքից էլի երգեի: Նաեւ շատ վատ ուսանող եմ եղել:). ոչ թե չար, այլ ուշադրություն էի դարձնում միայն մասնագիտական առարկաներին: Էմմա Պետրոսյանն էր դասախոսս, շատ էի սիրում, մեկ էլ ֆոլքն ու անգլերենն էի սիրում: Քույրս` հակառակը, լավ սովորում էր, քննություններին պատրաստվում: Ես չէ, իմ ուշքն ու միտքը ուրիշ տեղ էր:): - Մասնագիտական կրթություն ստանալուց հետո՞ ես բեմ բարձրացել, թե՞ շատերի պես առաջինը բեմելդ է եղել, հետո մասնագիտանալու որոշում ընդունելը: - Մինչեւ կոնսերվատորիան երգում էի “Դո Ռե Մի” մանկապատանեկան ստուդիայում, ընդգրկվել էի “Հայեր” համույթի գլխավոր կազմում, մի քանի ամիս իրենց հետ էի` համերգներ, ձայնագրություններ… Կոնսերվատորիա ընդունվելուց հետո դուրս եկա, որովհետեւ չէի հասցնում: - Հաստա՞տ դա էր պատճառը: - Գիտես ինչ, ճիշտն ասած, ես չեմ սիրում երկրորդական պլանը: Խումբ է, բայց բոլորն էլ գիտեն` ով է լիդերը, ես որպես անհատ ինձ լավ չէի զգում երկրորդ պլանում: Շատ անգամ կարող է համերգների գնային, ես չգնայի, չգիտեմ, շատ կարճ տեւեց իրենց հետ աշխատելը: - Ուշադրությո՞ւն ես պահանջում:): - Ամսով կարիճ եմ, լիդերություն, ուշադրության կենտրոնում լինել սիրում եմ, իհարկե, դուետային վիճակները ուրիշ են: Շատ պարզ բան ասեմ, քույրս էլ է երգում, ընտանիքից երկու հոգի երգում ենք, էլի լիդերություն չկա, աբսուրդ է դա, որովհետեւ ես ամեն ինչում նրան օգնում եմ, բնականաբար, ինքն էլ` ինձ: Լիդերությունը ուրիշ հարց է. դու քո բնագավառում ուզում ես լինել ոչ թե ամենալավը, այլ լավը: Միջակ չես ուզում լինել: - Քո՞ւյրդ, թե՞ դու ես առաջինը ձայնը բարձրացրել: -:) Քույրս ավելի շուտ է սկսել երգել, ինձնից փոքր է երկու տարի: Մասնակցեց “Ընծա” փառատոնին, ես էլ պետք է մասնակցեի, բայց վատառողջ էի, երեւի բարին էլ դա էր: Գլխավոր մրցանակ ու տեսահոլովակ նկարահանելու հնարավորություն ստացավ: - Քո հայտնի դառնալու գործընթացը ե՞րբ է սկսվել: - Ինչ-որ չափով ճանաչվեցի, որովհետեւ երգս ու առաջին տեսահոլովակս աչքի ընկավ, սիրվեց: - “Ամեն ինչ կամ ոչինչ” երգի ձեռքբերման պատմությունը պատմիր: - Երաժշտությունը գրել է Արթուր Զաքյանը, բառերի հեղինակը Անիտա Հախվերդյանն է: Մինչ այս երգը էլի շատ լավ, բարի երգ ունեի, բայց մի այլ կարգի ուրիշ հոգեվիճակում էի, այնպիսի երգ էի ուզում, որ բնավորություն ունենա, ասեմ այն, ինչ ուզում եմ. վճռական երգ էի ուզում խոսքի եւ երաժշտության առումով: Անիտայի հետ խոսեցինք, ասացի` նման վիճակ է, ինքը հասկացավ, երկար ենք խոսել, ասաց` արի գնանք, շփվենք: Երգը, բնականաբար, անձնական կյանքիցս է, հորինված բառեր չեն: Հույզերս պատմեցի, թե ինչ եմ ուզում ասել երգի միջոցով, շատ լավ հասկացավ ու ճիշտ բառեր գրեց: Գլխավոր մտքերը` “կամ ամեն ինչ, կամ ոչինչ, սուտ է վիճակը կիսատ”, երկրորդը` “ես այսօր ազատ եմ արձակել սերը իմ, որ երեկ դեռ քո անունը ուներ”:): Չամիչ արտահայտություններ են: - Բոլոր հարցերու՞մ ե ս “կամ ամեն ինչ, կամ ոչինչ”-ով առաջնորդվում: - Չէ, կյանքում այդ սկզբունքով չեմ առաջնորդվում: Ինձ ամեն ինչ պետք չէ: Երջանիկ լինելու համար կան որոշակի բաներ, որ ուզում եմ` ներքին հանգստություն, աշխատանք, ընտանիք: “Ամեն ինչ կամ ոչինչ”-ը նյութականի մասին չէ, այլ զգացմունքների, թե չէ ես բավական հարմարվող եմ, եթե իմ սիրած մարդն իմ կողքին լինի, գնահատվեմ, սիրվեմ, դրանից ավել բան պետք չէ: - Կհարմարվես Փարիզու՞մ ապրել, թե՞ Սեւանի ափին մոտ գտնվող մի գյուղում:): - Դժվար հարց է: Քանի որ քաղաքային կենցաղն եմ սիրում, գյուղում չեմ հարմարվի: Սիրում եմ քաղաքի աղմուկը, անցուդարձը, անգամ պասիվ հանգիստը չեմ սիրում, երեւի կընտրեմ Փարիզը:): - Եղբայրդ` ռոք-երաժիշտ Հովակ Ալավերդյանը, ինչո՞ւ գնաց Հայաստանից: - Մեր լավագույն երաժիշտները թողնում, գնում են: Կորյուն Բոբիկյանն էլ վերջերս գնաց… Եղբայրս էլ ռոք-կիթառահար է, գնաց ԱՄՆ, որ ավելի զարգանա. իր ռոք խումբն ունի, իր տարերքի մեջ է:): - Եղբորդ հարսանիքը ռոքային էր, քոնն է՞լ է այդպիսին լինելու: - Չեմ կարող ասել` ինչպես կլինի, պետք է համաձայնության գամ կողակցիս հետ:): - Հարմարվող հայուհի ես փաստորեն: - Չէի ասի, շատ կամակոր եմ, իշխող բնավորություն ունեմ: Բայց փոխզիջման գնում եմ:): - Փոփ-ռոք ես երգում: Սիրում ես այդ ոճը, որովհետեւ թոփի՞ն է մոտ, թե՞ որովհետեւ ռոքային է:): - Ռոքին: Փոփը էստրադան է, իսկ ես մանավանդ մեր հայ էստրադան տանել չեմ կարողանում: - Անուշիկ Ալավերդյանի երգերն էլ չե՞ս սիրում: - Քրոջս երգերը տանել չեմ կարող, ինքն էլ գիտի, իմ ընկերուհիներն էլ գիտեն, չեմ սիրում այդ երգերը: Եղբորս կողմն եմ քաշել:): Ռոք երաժշտության տակ եմ մեծացել, ես հիշում եմ` բոլորը մուլտֆիլմ էին նայում, ես` Վան Հալենի երիտասարդ տարիների տեսանյութերը, “Deep Purple”, “Led Zeppelin, “Black Sabbath”, ինչ եղբայրս էր սիրում, ես էլ լսում էի, իր խմբի համերգներին էի գնում, կիթառի ձայնը ինձ ձգում էր: - Հարսանիքի՞դ էլ էստրադա չի հնչելու: - Կհնչի, ես ավելին ասեմ, կարող է 6/8 էլ հնչի:): Բայց, բնականաբար, հետաքրքիր շոու կկազմակերպենք: Թաթային շատ եմ սիրում ու հարգում, ռաբիզ երգիչ չեմ համարում, նրա երգերի տակ հարսանիքների ժամանակ կարող ես շատ լավ ուրախանալ: Ես էլ անպայման կերգեմ իմ հարսանիքին: -Աստղիկ Սաֆարյանն էլ է փոփ-ռոք ժանրում հանդես գալիս: Սո՞ւր մրցակցություն է ձեր մեջ: -Ընդհանրապես մտքովս չի անցել, որ ինչ-որ մեկի հետ մրցակցեմ: Գիսանե Պալյանը, որ փոփ-ռոք ոճում է, ավելի շատ երգ գրեց “Հայսուպերսթարից” Սուսաննա Պետրոսյանի համար, ով իմ մտերիմ ընկերուհիներից մեկն է, այդպես լիներ, իր հետ պետք է մրցեի: Ինձ համար ավելի լավ է ուշ-ուշ աշխատել, ուշ երեւալ, որակը իմ ուզածը լինի, քան մրցակցությունից ելնելով` մի բան անեմ, որ ետ չմնամ: - Երկու քույր շոու-բիզնեսում եք հայտնվել, ձգտում եք հաստատվել: Ասում են` ծնողներդ շատ հարուստ են, որ դստրերին այս ասպարեզ են մտցրել, առաջ են տանում: - Շատ-շատ հարուստ չենք, սովորական ընտանիք ենք: Եթե հարուստ լինեինք, ամեն մեկս մի վեց-յոթ տեսահոլովակ կունենար արդեն: Անուշիկը երկու տեսահոլովակ ունի, մեկը` նվեր: Հայրս է մեզ օգնում, այո, բայց շատ հարուստ չենք, մեր կարողությունների չափով ենք ամեն ինչ անում, գործին նայում ենք որպես բիզնես. պետք է փող ներդնենք, որ եկամուտ ստանանք: Ուշացնում ենք, որովհետեւ հենց ֆինանսն է պատճառը: Հայրս մասնագիտությամբ ճարտարապետ է, նաեւ “Ակունք” ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավարն է, կցանկանար իր ոճում երգենք, բայց հարգում է մեր որոշումը, հանգիստ է, որ լսել ենք ժողովրդական երգերը, երգել ենք, հիմա աջակցում է: Համ էլ ինքն է մեներգիչ, մայրս երաժշտական է, բայց չի երգում: - Ձեր տանը կազմակերպվող հավաքույթների ժամանակ ստիպո՞ւմ են` երկու քույր երգեք:): - Քեֆ-ուրախությունների ժամանակ հայրիկիս խմբից անդամներ են ներկա լինում, իրենք էլ ապահովում են զուռնան, դհոլն ու երաժշտությունը: Ես մերժում եմ, ուղղակի մեծական խնջույքներում սեղանի շուրջ երգելը չեմ սիրում: - Հիմա եթե մեկը քեզ երգ նվիրելու ցանկություն ունենա, ի՞նչ թեմայով կուզեիր երգել: - Հենց երեկ եմ մտածել այդ հարցի շուրջ: Նոր երգ եմ ուզում, երկու նոր երգ ունեմ, տեսահոլովակները կլինեն, մեկը շուտով եթեր կգնա, այն թեմայով է, ինչ ներկա պահին եմ ես զգում, երրորդը չեմ ուզում իմ ապրումների մասին լինի, այլ խաղ, կյանքից վերցված մի բան: Թիթիզ երգ եմ ուզում, աղջիկներին շատ կհետաքրքրի թեման: - Թիթիզություն ասացիր, մոդելավորածդ զգեստներն ի՞նչ ես անելու: - Քրոջս հետ ենք մտածել, տանը մեծ ալբոմ ունեմ, մոդելավորել եմ շատ տարբեր հագուստներ, ուզում եմ բուտիկ ունենալ, իմ անունով հագուստների բրենդային հավաքածու թողարկել: Կար ու ձեւ չեմ սիրում, շատ լավ դերձակներ ունեմ: - Իսկ եթե առօրյայում կարելու բան է լինում, մա՞յրդ է քեզ օգնում:): - Կոճակ կարել եմ սովորել:): Չեմ ասի` տուն տանելու աղջիկ եմ, բայց որոշ բաներ գիտեմ: - Ե՞րբ են հարս տանելու: - Աստված առաջ: Իհարկե, պլանավորում են ապագան, որովհետեւ եթե չպլանավորեն, ապագա չեն ունենա, այս արտահայտությունը սիրում եմ: Ամեն ինչ ճիշտ ժամանակին թող լինի: Հիմա ունեմ աշխատանք, նաեւ անձնական կյանք, ինչի համար շատ երջանիկ եմ, բայց չեմ ուզում` մեկը մյուսին խանգարի: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Արեւիկ Ալավերդյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: