“Սիրո օբյեկտը կա, աշխատանքները տարվում են:)” Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը չորս շաբաթով Հայաստանում է: Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկը հայրենիքում է` ոչ միայն հանգստանալու, կազդուրվելու, այլ նաեւ երկու կարեւոր նպատակով:): Ցանկալի փեսացուներից Արթուր Աբրահամը կարգավիճակը փոխելու ճանապարհին է: “Ամուսնություն դեռ որոշված չէ, բայց սիրո օբյեկտը կա, շփում կա, աշխատանքները տարվում են... Սովորական աղջիկ է”,- այսօր անկեղծացել է անվանի բռնցքամարտիկը` հավելելով, որ հայաստանյան իր այցի երկրորդ կարեւոր նպատակն էլ բարեգործությունն է. “Վլադիմիր Ենգիբարյանի անվան դպրոցին, որտեղ մարզվել եմ 4 տարի, 100 հազար եվրոյի օգնություն կհատկացնեմ` «Ադիդաս» ընկերության հետ. այս բրենդի ձեռնոցներով էլ մենամարտում եմ: Մարզական պարագաների մի մասն արդեն Հայաստանում է”: Չէր ուզում, բայց ստացվեց Արթուր Աբրահամը մայիսին իր կրած պարտությանն էլ անդրադարձավ: Նրա խոսքերով, պատճառը սխալ մարտավարություն ընտրելն էր. “Շատ լավ սկսեցի, ընթացքում ավելի շատ պաշտպանվում էի, որպեսզի մրցակիցս հոգներ ու վերջում նոկաուտի ենթարկեի, չստացվեց, եւ նա միավորներով հաղթեց: Ինձ համար նույնպես ցավալի է, ես էլ դա չէի ուզում, բայց ստացվեց: Իմ սխալն ուրիշների վրա չեմ սիրում գցել: Եթե հաղթում ենք, ես ու մարզիչս ենք հաղթում, երկուսով էլ պարտվում ենք”: Չի փոխի “Ինքս ինձ խոսք եմ տվել այս քաշային կարգում նույնպես աշխարհի չեմպիոն դառնալ: Միջին քաշային կարգում 30 մենամարտ եմ ունեցել, բոլորն էլ հաղթել եմ, գոտիս մոտ 12 անգամ պաշտպանել, այս քաշային կարգում նորից եմ ուզում դառնալ աշխարհի չեմպիոն: Թե մրցակիցներս ովքեր կլինեն, դեռ հայտնի չէ: Հայաստանից մեկնելուց հետ Գերմանիայում որակավորման 2-3 մենամարտի կմասնակցեմ, որից հետո նոր կկարողանամ մասնակցել աշխարհի առաջնությանը: Դա կլինի 2012-ի կեսերին”,- ասաց Արթուր Աբրահամը: Ադրբեջան գնալուն կողմ է «Boom-Boom» երգի տեսահոլովակում նկարահանված Արթուր Աբրահամը «Եվրատեսիլից» էլ խոսեց. “Մասնակցությունս կարող էր օգուտ տալ Էմմիին: Այն, որ նա եզրափակիչ չանցավ, նույնպես քաղաքականություն է. հաղթելը մեծ գումարների հետ է կապված: Սակայն չեմ կարող ասել` ինչու չհաղթեց, դժվար է այս հարցին պատասխանել”: BRAVO.am-ի հետ զրույցում Արթուրը նշեց` ակնկալում է Հայաստանի մասնակցությունը Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլում». “Մենք միշտ էլ պետք է ցույց տանք, որ հզոր ենք”: Հայ անվանի բռնցքամարտիկը ապագայի ծրագրերով էլ կիսվեց. “Նպատակ ունեմ Հայաստանում իմ կարիերայից հետո բոքսի դպրոց բացել, որի սաները կուսանեն նաեւ գերմաներեն եւ անգլերեն լեզուները: Եթե բռնցքամարտիկը լեզու չիմանա, չի կարող արդյունքի հասնել դրսում: Հիմա ինձ լիովին նվիրել եմ իմ աշխատանքին”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: