×


Եվգենի Կիսին. “Թուրքիա չեմ այցելում, քանի որ այդ երկիրը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը”

“Երեւանյան հեռանկարներ”-ով մեր մայրաքաղաքում ելույթ ունեցած Պլասիդո Դոմինգոյի, Յուրի Բաշմետի, Գիդոն Կրեմերի, Պինկաս Ցուկերմանի եւ մեծանուն այլ երաժիշտների շարքը համալրելու է եկել մեր օրերի խոշորագույն դաշնակահարներից Եվգենի Կիսինը:

Եվգենի Կիսինը


Երկու տարեկանից նա իմպրովիզացիաներ է անում դաշնամուրով, նրա առաջին մենահամերգը կայացել է 11 տարեկանում: 17 տարեկանում նա  նվագել է աշխարհահռչակ դիրիժոր Հերբերտ Ֆոն Կարայանի եւ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ,  որպես հատուկ հյուր ելույթ է ունեցել “Գրեմմի” մրցանակաբաշխության ժամանակ:

Արդեն 41-ամյա Եվգենի Կիսինի երեւանյան համերգը կկայանա սեպտեմբերի 27-ին` “Արամ Խաչատրյան” համերգասրահում: Երաժիշտը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ հայ հանդիսատեսի համար կկատարի Հայդնի, Բեթհովենի, Շուբերտի, Լիստի ստեղծագործություններից:

Եվգենի Կիսինը


“Ուրախ եմ 28 տարի անց կրկին լինել այս հրաշալի երկրում: Այստեղ ելույթ ունենալուս խթան է հանդիսացել այն արտիստների անունները, որոնք հանդես են եկել փառատոնի շրջանակում”,- ասել է Եվգենի Կիսինը` հավելելով, որ քաղաքական նկատառումներով չի այցելում մի շարք երկրներ, որոնց շարքում է նաեւ Թուրքիան. “Այդ երկիրը մինչ օրս հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը”:

Թուրքիայի կողմից հրավերները մերժելուց բացի, անվանի դաշնակահարը չի ցանկանում լինել նաեւ Չինաստանում. “Այս դեպքում էլ պատճառն այն է, որ ծնվել ու մեծացել եմ “կարմիր դրոշների տակ”:)”:

Եվգենի Կիսինը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո անցկացվող “Երեւանյան հեռանկարներ” փառատոնի հիմնադիր նախագահ եւ գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը նշել է, թե բախտավորություն է համարում Կիսինին Հայաստանում հյուրընկալելը. “8 տարի աշխատել ենք այս ուղղությամբ: Նա Հայաստանի մեծ բարեկամներից մեկն է, որ առանց թմբկահարելու օգնում է Հայաստանին` Սպիտակ, Գյումրի քաղաքներին, դեռեւս երկրաշարժի տարիներից: Այս համեստ մարդը հիմա էլ համերգի ամբողջ հասույթը պետք է փոխանցի “Հայաստանի երեխաներ” հիմնադրամին”:

Եվգենի Կիսինը արժանացել է երկու “Գրեմմիի” եւ բազմաթիվ այլ պարգեւների, բայց ինչպես նշել է, դրանցով այդքան էլ չի հետաքրքրվում. “Անկեղծ ասած, չգիտեմ էլ` իմ ստացած մրցանակներից բացի ինչ մրցանակներ  կան: Իհարկե, կան մրցանակներ, որոնք թանկ են. հայկական մրցանակները, երբ դարձա Սպիտակի պատվավոր քաղաքացի…”: 

BRAVO.am-ը "Երեւանյան հեռանկարներ" փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է: 

Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW