Տոնական համերգ` Կասկադում:) Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով հունիսի 1-ին տոնակատարություն եղավ նաեւ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի բացօթյա տարածքում` Կասկադում: Միջոցառմանը մասնակից երեխաները ժամանել էին նաեւ Գավառից, Ալավերդուց, Թալինից եւ մարզային այլ քաղաքներից: Միջոցառումը մեկնարկեց ժամը 17:00-ին. երեխաների համար գործում էին արհեստագործական տարբեր խմբակներ` կավագործությամբ, բատիկայով, կոլաժներով, նկարչությամբ զբաղվելու համար, իսկ բացօթյա տարածքում տեղադրված մեծ տախտակը կախարդական էր:): Հենց տախտակի վրա երեխաները գրում էին իրենց երազանքներն ու ցանկությունները` հույս ունենալով, որ դրանք կիրականանան մինչեւ տարվա վերջ: Այնուհետեւ երեխաները մի լավ ուրախացան հատուկ իրենց համար նախատեսված “Խաղ ու պար” համերգային ծրագրի ընթացքում: Բացօթյա տարածքը փոքրիկների համար հեքիաթային վայրի էր վերածվել` փուչիկներ, սիրված հերոսներ եւ սիրված կատարողներ: Իրենց երգերով ու պարերով երեխաներին ողջունեցին իրենց տարեկիցները` “Ռազմիկ եւ ընկերներ”, “Արեւիկ”, “Սյուրպրիզ” խմբերը, մանկական “Եվրատեսիլ 2010”-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը: Հայաստանի պետական ջազ նվագախումբը` Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ կատարեց հին ու սիրված մանկական երգեր: Այնուհետեւ բեմում նրանց միացան Անահիտ Շահբազյանը, Էմմա Ասատրյանն ու Ռադիկ Գաբրիելյանը: Ջազային հայտնի ստանդարտները շուտով իրենց տեղը զիջեցին էստրադային. ելույթ ունեցան Սոֆի Մխեյանը, Զարուհի Բաբայանը, Սիլվա Հակոբյանը եւ Արսեն Գրիգորյանը: Մինչ ուշ գիշեր երեխաները միտք էլ չունեին քնելու:): Համերգը եզրափակվեց հրավառությամբ:): Միջոցառման կազմակերպիչներն էին Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, “ԱրմենՏել” ընկերությունը եւ “World Vision Armenia” կազմակերպությունը: Տեքստը`Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: