“Երկուսս էլ արկածներ շատ ենք սիրում”
Անուշն իր երազներում անընդհատ սար է բարձրանում, Ինգան, ընդհակառակը, թռչում է սարերից: Քույրերը իրական կյանքում էլ մոտ մեկ տարի է` շրջագայում են “մեր սարերով”:): Արշակյանների խենթությունների, նոր ձեռք բերած ավտոմեքենայի, չարաճճիությունների, սիրահարությունների, տիեզերքի հետ կապի մասին` Bravo.am-ի հետ զրույցում ;):
Ինգա. “Ինչ լույս տեսավ “Մենք ենք մեր սարերը” երգը, տեսահոլովակը, այնուհետեւ` CD-ն, իհարկե, հասունացավ այն գաղափարը, որ պետք է մենահամերգ տալ, որը, կարծում եմ, շատ շքեղ եղավ”:
Անուշ. ““Մենք ենք մեր սարերը” խորագրով տուրնեի մեկնարկը տրվեց, բնականաբար, Երեւանում, Հայաստանի տարբեր մարզերում էլ ենք հանդես եկել, ինչպես նաեւ` Հալեպում, Բեյրութում, Մոսկվայում, Սոչիում: Ցավոք, Արցախում, նաեւ Միացյալ Նահանգներում մեր մենահամերգները հետաձգվեցին, բայց նման նախագիծ կա”:
Կարոտած հայեր
Ինգա. “Առաջինը Երեւանում ներկայանալը սկզբունքային էր: Կարծես քննություն ես հանձնում, որովհետեւ մեր հանդիսատեսը շատ պահանջկոտ է, եւ եթե այստեղ հաջողության ես հասնում, արդեն ինչ-որ չափով վստահություն ես ձեռք բերում, որ օտար երկրներում ավելի մեծ հաջողություն կունենա համերգը, քանի որ դրսի հայ հանդիսատեսի համար գոյություն ունի նաեւ կարոտի գործոնը: Այդ պատճառով բոլոր երգիչները, կարծում եմ, առաջին մենահամերգը տալիս են Երեւանում”:
Անուշ. “Բավական հագեցած գրաֆիկով էինք աշխատում: Պետք էր հասցնել կարճ ժամանակահատվածում զգեստափոխվել, միեւնույն ժամանակ այնպես անել, որ շունչդ չկտրվի, դա շատ կարեւոր է. ամբողջ համերգը կենդանի հնչողություն է: Տարբեր քաղաքներում տարբեր երգեր են բուռն արձագանք ստացել”:
Մայրամուտին սարերի մեջ երգելիս
Ինգա. “Մարզերում համերգները բացօթյա էին: Մեծ ստադիոններում մոտ 2-3 հազարից ավել հանդիսատես է հավաքվել. մի խոսքով, ամբողջ քաղաքը ներկա է եղել համերգներին:): Շատ ջերմ անցան: Ամեն ինչ արել ենք, որ անմոռանալի լինի այդ օրը բոլորիս համար”:
Անուշ. “Կապանում բեմ էին պատրաստել, եւ մեր ետեւում հենց սարեր էին, շատ գեղեցիկ էր: Մայրամուտ էր, գույներն այնքան լավն էին, որ չէիր ուզում բեմից իջնել”:
Ինգա. “Հրաշք էր, վայելում էինք, շատ-շատ ջերմ էին բոլորը, եւ մենք էլ շատ զգացված էինք ջերմ ընդունելությունից: Շարունակվում է “Մենք ենք մեր սարերը” խորագրով նախագիծը, համերգները, եւ հուսանք, որ այն վայրերը, ուր դեռ չենք եղել, անպայման կայցելենք, այդ թվում` նաեւ Արցախ”:
“Ճանապարհ”, որ մեր սարերով է անցնում :)
“Եթե մեր համերգներին էքստրիմ կա, ապա երաժշտության մեջ է: Կատարում ենք ռոք, փոփ-ռոք, ջազ-ռոք, բալլադներ, ուղղակի մաքուր ֆոլկլոր…”, դեռ տուրնեի մեկնարկից առաջ երաժշտական էքսպերիմենտալ լուծումներով սպասվելիք համերգների վերաբերյալ Bravo.am-ի հետ զրույցում նշել էին Արշակյան քույրերը:
Ինգայի եւ Անուշի` 2010 թվականի մայիսի 21-ին Երևանում կայացած մենահամերգն ու դրան հաջորդած “Մենք ենք մեր սարերը” խորագրով շրջագայությունը ամփոփվել է “Ճանապարհ”-ի մեջ: Համերգ-տեսաֆիլմը ներառում է նորաոճ մշակումներով ժողովրդական երգեր, հեղինակային ստեղծագործություններ` կենդանի նվագակցությամբ և դիտարժան բեմականացմամբ, ինչպես նաեւ` հատվածներ Հայաստանի մարզերում և Սփյուռքի հայաշատ քաղաքներում տեղի ունեցած համերգներից, քույրերի տեսահոլովակներից: “Ամեն ինչով “Շարմ հոլդինգ” ընկերությունն է զբաղվել”, - նշում են Արշակյանները:
Անուշ. “DVD-ով համերգներին ավարտ չի դրվում, հակառակը` սա սկիզբն է. Քուվեյթում է մեծ համերգ լինելու: Համերգի գովազդը հենց համերգն է”:
Սթափությունից մինչեւ խենթություն երկու քույր են :)
Ինգա. “Երեւանում երկու համերգ ունեցանք: Երկրորդ համերգի ժամանակ Անուշի բարձրախոսը անջատվեց. մարտկոցն էր հավանաբար նստել, պատահում է: Ես էլ իմ բարձրախոսն իջացրի, ու այդպես կենդանի երգեցինք: Եթե անկեղծ ես լինում, հանդիսատեսն ընդունում է”:
Անուշ. “Հորդառատ անձրեւի տակ էլ ենք երգել. գլխարկները ծանրանում են, բայց պետք է ժպտաս:): Դա տեխնիկական խնդիր չէ, պրոֆեսիոնալիզմի խնդիր է, որ պետք է կարողանաս իրավիճակից պարզերես դուրս գալ, սթափ լինել: Կիեւում համերգ էր նկարահանվում, մեր ելույթի ժամանակ “կիքս” եղավ, հնչյունային ռեժիսորին խնդրեցինք, որ անջատի երաժշտությունն ու ակապելլա երգեցինք: DVD-ում կա այդ հատվածը. մարդիկ հոտնկայս են ծափահարում, աննախադեպ բան էր երեւի: Իսկապես խուճապ, հուզմունք գոյություն ունի, կարծում եմ` զուտ քրոջս մենաշնորհն է, ես շատ ավելի գլուխս կորցնող եմ նման իրավիճակներում”:
“Մեր բնակարանն ենք վաճառել “Թամզարա”-ն ձայնագրելու համար”
Անուշ. “Կարող ենք ինչ-որ թանկ բանից հրաժարվել` հանուն որեւէ գեղեցիկ երգ ձայնագրելու: Ամբողջ ընտանիքն է միանում այդ խենթությանը, եւ ընտանեկան ամբողջ բյուջեն դրա վրա է ծախսվում: Նույնիսկ մեր բնակարանն ենք վաճառել, որ մեր առաջին` “Թամզարա” ալբոմը ձայնագրենք”:
Համոզում է, որ թռչի
Ինգա. “Դեռ չէինք աշխատում պրոդյուսերների հետ, հովանավորներ չկային, մենք միայնակ էինք կերտում մեր ճանապարհը: Հիմա, փառք Աստծո, ամեն ինչ շատ լավ է: Եվ ներկայի խենթություններից, օրինակ, ես երազում եմ պարապլանով թռչել: Վերջերս այդ գաղափարով խանդավառվեցի, երբ ընկերներիցս մեկը պատմեց, որ Արագածից պարապլանով թռչել է: Հիմա մայրիկիս եւ հայրիկիս եմ համոզում, որ թռչեմ: Իհարկե, վախ կա, բայց դա «ստիմուլ» է, որ վախդ հաղթահարես, նոր փուլ անցնես, բնավորությանդ որոշ գծեր կերտես: Չէի ասի` վախկոտ եմ, բայց կարծում եմ` մեր բնակչության 80 տոկոսը պարապլանով թռչելուց կհրաժարվի:)”:
Անուշ. “Ինգան բավական խիզախ անձնավորություն է, բայց սահմաններ կան, որոնք նա չի կարող հաղթահարել, ես դա հաստատ գիտեմ. ամերիկյան ամենախենթ ատրակցիոնները… Թվում է` ես եմ մեր երկուսից փափկամազիկը, չեմ դիմանում, բայց արի ու տես, որ այդպիսի բարձր թռիչքներից նա շատ ավելի է սարսափում”:
Չարաճճիություն են արել:)
ԱՆուշ. “Երկուսս էլ արկածներ շատ ենք սիրում: Արկածախնդիր ենք, “ավանտյուրաների” գնացող”:
Ինգա. “Լավ իմաստով”:
Անուշ. “Իհարկե, խենթության իմաստով: Բայց, բնականաբար, երկուսս էլ ներքուստ շատ զգայուն ենք: Միշտ էլ ընկերներ ենք եղել, բայց այս վերջին տարիներին ենք ավելի համախմբված, համատեղ որոշումներ կայացնում, ինչ-որ խենթությունների գնում”:
Ինգա. “Օրինակ` փոքր ժամանակ Անուշը մեր խոհանոցի փափուկ աթոռների երեսը ճղել էր, որ հասկանար` ինչ կա մեջը: Չարաճճիություն էր արել:)”:
Անուշ. “Ես անկյուն եմ կանգնել: Բա ինչպե՞ս եմ սովորել անկյուններում նկարել:): Գրիչներով նկարազարդում էինք մեր տան պատերը: Ծնողներս համակերպվեցին դրա հետ, մինչեւ չվերանորոգեցինք”:
Ինգա. “Ես չեմ հիշում, որ անկյուն եմ կանգնել”:
Ինգայի ավտոմեքենան ու Անուշի ճամփորդությունները:)
Ինգա. “Փառք Աստծո, երազանքներիս մեծամասնությունն արդեն կատարվել են: Մեկը վերջերս կատարվեց. մեկ ամիս առաջ “Լեքսուս” մակնիշի սեւ գույնի ավտոմեքենա գնեցինք մեզ համար. ես եմ վարում եւ շատ սիրում եմ վարել, փոքր ժամանակվանից էլ սիրել եմ. Անուշը տիկնիկներով էր խաղում, ես` մեքենաներով, ինքնաթիռներով: Խցանումներից դեռ չեմ նյարդայնացել, կհասցնեմ:): Տղամարդ վարորդների արձագանքները միայն հայացքներից ենք զգում. պատուհանները փակ են:):”:
Անուշ. “Դա իր խենթ երազանքն է եղել փոքր ժամանակ: Ինչո՞ւ եմ ասում խենթ, հիմա մի դեպք կպատմեմ: Պատմե՞մ ճաղերի պատմությունը (դիմում է քրոջը- հեղ.) ”:
Ինգա. “Չէ:)”:
Անուշ. “Պատուհանից դուրս էր նայում եւ հաշվում մեքենաները, ընտրում: Պատմեմ էլի ( կրկին դիմում է քրոջը- հեղ.) :
Ինգա. “Լավ, պատմիր:)”:
Անուշ. “Փոքր ժամանակ մի անգամ պատշգամբից կրկին ավտոմեքենաներին էր նայում, հետաքրքրությունից գլուխը ճաղերից դուրս հանեց ու էլ չկարողացավ ներս մտցնի. ամբողջ օրը այդպես անցկացրել է:): Հետո բոլորին պատմում էր, թե ինչպես է իր` ավտոմեքենաների հանդեպ հետաքրքրության պատճատով ճաղերից դուրս մնացել` “Ես հաշվում էի մեքենաները եւ մնացի դուրսը”:)”:
Ինգա. “Ախր միայն չէի հաշվում, այլ նաեւ ընտրում էի. կարմիրն` ինձ, կանաչը` Անուշին, կապույտը` պապային, դեղինը` մամային: Մանկական երազանք:): Գիտեք, յուրաքանչյուր շոշափելի երազանք կարելի է աշխատանքի միջոցով իրականացնել: Կան բաներ, որոնք քո ձեռքում չեն. ինչպես կկամենա Աստված, այդպես էլ կլինի: Ես իրագործում եմ այն երազանքները, որոնք իմ ձեռքում են` իմ աշխատանքով, նպատակասլացությամբ: Բնականաբար, առանց որեւէ մեկին վնաս հասցնելու է պետք իրագործել երազանքը, թեկուզ եւ ուշ”:
Անուշ. “Ես մեքենա վարել չեմ ուզում: Պետք է ասեմ, որ իմ երազանքներից շատերն էլ իրականացան: Իհարկե, երգչուհի դառնալն իմ գլխավոր երազանքն ու նպատակն էր, նաեւ երազել եմ ճամփորդել որքան հնարավոր է շատ, երազանքս իրականություն է դարձել: Հաջորդ երազանքս, որ արդեն այդքան նյութական չէ, ճակատագրի քմահաճույքից է կախված. դա ընտանիք ունենալն է, բնականաբար, որովհետեւ յուրաքանչյուր կնոջ առաքելությունը մայր լինելն եմ համարում”:
Ինգա. “Ես էլ էի դա ասում: Ուղղակի ես այլ կերպ մոտեցա, Անուշն ավելի ուղիղ պատասխանեց, հենց դրա մասին է խոսքը:): Երբ լինի համապատասխան անձնավորություն, որ միմյանց հասկանանք… Երբ լինի, միայն լավ լինի”:
Անուշ. “Մենք ռոմանտիկ ենք, բայց նաեւ` սթափ: Կա հստակ կողմնորոշվածություն, դաստիարակություն, որը մեզ ինչ-որ շրջանակների մեջ է պահում, եւ դա շատ լավ է, որովհետեւ մինչեւ հիմա մենք դրանից միայն շահել ենք: Իսկ գարունն ու էմոցիաները մեր երգերի մեջ են արտահայտվում: Ճիշտն ասած` երբեք չեմ զգացել, թե Ինգան սիրահարված է:)”:
Ինգա. “Որովհետեւ երբեք չեմ սիրահարվել: Եղել է համակրանք, բայց խոր զգացմունք չեմ ունեցել դեռ”:
Ինգան չորսն է ուզում :)
Ինգա. “Երկու տղա, երկու աղջիկ եմ ուզում ունենալ, որովհետեւ մենք, օրինակ, երկու քույր ենք, իրար հետ ընկերություն ենք արել, բայց միշտ եղբոր կարիք ու պակաս ենք զգացել ինչ-որ չափով, իսկ եղբորն էլ եղբայր է պետք: Գուցե վերացական եմ խոսում, բնականաբար շատ դժվար է երեխա ոչ թե ունենալն, այլ դաստիարակել, մեծացնելը, նպատակին հասցնելը: Այնպես որ մենք ծրագրում ենք, Աստված` որոշում”:
Անուշ. “Ինչպես կստացվի :)”
“Ինչ-որ ձեւով կապ ունենք տիեզերքի հետ”
Ինգա. “Եթե աչքերս փակում եմ, ուրեմն շատ հոգնած եմ, միանգամից քնում եմ ու ոչինչ չեմ տեսնում:): Բայց համերգից առաջ կենտրոնանալու, մտքերս հավաքելու համար աչքերս փակում եմ ու պատկերացնում երկրի միջուկից եկող ոսկեգույն լույս, որին տիեզերքից միանում է մանուշակագույնը: Այն քեզ լիցքավորում է, սկսում ես գիտակցել, որ ինչ-որ ձեւով կապ ունենք տիեզերքի հետ: Այդ էներգետիկ կապը նաեւ ապահովում է հանդիսատեսի հետ էներգետիկ շփումը”:
Ճանապարհը պետք է վերեւ տանի :)
Անուշ. “Երազներում անընդհատ աստիճան կամ սար եմ բարձրանում: Դա կապում եմ ճանապարհի, կյանքի հետ, գուցե ներքին աճի: Եթե կյանքն ընկալվում է որպես հոգեւոր ուղի, ապա ճանապարհը պետք է վերեւ տանի: Իմ երազները պարզապես արտացոլանք չեն, ինձ նախազգուշացնում են: Երբեմն տարբեր մարդկանց եմ հետագայում հանդիպում, որոնց տեսել եմ երազներումս այդ բարձրունքների վրա”:
Ինգա. “Ես էլ եմ սարեր տեսնում, ոչ այնքան հաճախ, ինչքան Անուշը, բայց երբ տեսնում եմ, թռչում եմ սարերից”:
Անուշ. “Մի անգամ երազումս երազ տեսա կարծես, ինձ ասացին` սարը պահապան ունի, իրավունք չունեմ ավելորդ քայլ անել: Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր վայր, լեռ ունի իր պահապանը, ինչպես` յուրաքանչյուր մարդ”:
Ինգա. “Սոչիում վերջերս հանդես եկանք “Մենք ենք մեր սարեր”-ի լավագույն երգերով: Առաջին բաժնում Եվա Ռիվասն էր, երկրորդում` մենք: Շատ լավ անցավ: Ապրիլի 16-ին մեկնում ենք Մոսկվա` “Արմենիա” մրցանակաբաշխությանը մասնակցելու: Սկսել ենք նոր ձայնասկավառակի վրա աշխատել եւ շարունակվում է “Մենք ենք մեր սարեր”-ի շրջագայությունը: “Ճանապարհ” DVD-ն արդեն վաճառքում է: Այս ամենը չէր կարող կայանալ առանց բեմադրիչ Արթուր Սահակյանի, ռեժիսոր Դավիթ Բաբայանի, նկարիչ Գարեգին Եվանգուլյանի, համակարգող Աննա Ավանեսյանի, “Շարմ”-ի: Հուսանք` մեր աշխատանքը ապարդյուն չի անցնի, եւ մարդիկ հոգեւոր որեւէ վերելք կապրեն` մեր երգերը լսելով”:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Ինգայի եւ Անուշի անձնական արխիվից


×
9,446





