×


Կամո Նիգարյան

Կամո Նիգարյան

“Վառեք լույսը ձեր գիտակցության մութ սենյակում” Ժամանակակից արվեստի թանգարանում հայ ժամանակակից արվեստի ամենաառեղծվածային նկարիչներից մեկի`Կամո Նիգարյանի գեղանկարչական աշխատանքները մշտական էքսպոնատներից են: Շատերի համար գաղտնիք է այն, որ Կամոն նաեւ զբաղվում է լուսանկարչությամբ: Մայիսի 11-ին ժամանակակից արվեստի թանգարանում առաջին անգամ բացվեց Կամո Նիգարյանի լուսանկարների ցուցահանդեսը: Kamo Nigiryan Կամո Նիգարյանի աշխատանքները քիչ են ցուցադրվում, նա չի սիրում տարբեր տեսակի միջոցառումներ, չի սիրում խոսել ու հրաժարվում է հարցազրույցներից: Աշխատանքներն են խոսում իր փոխարեն: Նա  գերադասում է թղթին հանձնել իր մտքերը: “Վառեք լույսը ձեր գիտակցության մութ սենյակում”,- գրում է Կամոն: Հենրիկ Իգիթյանի մահվան 2-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը կրում է “Մետահալյուցինացյաներ” խորագիրը, ներկայացված է  53 լուսանկար, որոնք 80-ական թվականներին են արվել: Exibition Ցուցասրահում ներկայացված աշխատանքները պարզապես լուսանկարներ չեն, այլ` կերպարվեստի եւ գրաֆիկայի համադրություն: Կամո Նիգարյանը լուսանկարների հետ աշխատելու “հեղինակային” ձեւ է գտել` նեգատիվների երեւակման հատուկ մեթոդ եւ բնօրինակների հետագա մշակում: Լուսանկարներն արված են դասական լուսանկարչության ձեւով` ժապավենով: Հիմնական աշխատանքը տարվում  է մինչ թղթի վրա տպելը` երեւակման փուլում: Հեղինակը աշխատում է ժապավենի վրա` խզբզում, ներկում, քերծում եւ եզրափակում աշխատանքներն արդեն տպված թղթի վրա: Բացի ռեալիստական դիմանկարներից եւ կոլաժներից, ներկայացված է նաեւ մի հետաքրքիր պատմություն ունեցող ֆոտոշարք: Ցուցասրահի աջ կողմում ներկայացված 24 լուսանկարից բաղկացած “Փաստեր ապագայից” խորագիրը կրող լուսանկարների շարքը ստեղծվել է 1984 թվականին Գյումրիում: Սկզբում շարքը կրել է “Պայթյուն 84” անվանումը, քանի որ նկարչի հեղինակային ոճը հնարավորություն է տվել պայթյունանման ցրված պատկերներ ստանալ: Չորս տարի անց` 1988 թվականի ավերիչ երկրաշարժը ուղղակի կամ անուղղակի փաստեց կանխազգացում երեւույթը արվեստում, եւ ֆոտոշարքը հետագայում վերանվանվեց: Narek Avetisyan “Քաղաքը հալվել էր այրող արեւից: Մարդիկ, կարծես, հարբած լինեին եւ չէին կարողանում անգամ դիրք պահել խցիկի առաջ: Կեսօրվա շոգը այլանդակել էր դեմքերը, եւ ֆոտոխցիկը արձանագրում  էր ծամածռություններ …  Տարերքն ամեն ինչի վրա էր իշխում: Խցիկն անհաղորդ արձագանքում էր”,- գրում է Նիգարյանը: 1980-ական թվականներին լայն տարածում ստացավ ֆիգուրատիվ արվեստը  կամ տրանս-ավանգարդիան, որը ներառում է բոլոր այն արվեստի գործերը, որոնք պահպանում են իրականության հետ նմանությունը: Կամո Նիգարյանը իր մտածելակերպով համարվում է այս շարժման հայաստանյան ներկայացուցիչ: Կամոն մասնագիտությամբ դիզայներ է, աշխատել է որպես նկարիչ-ձեւավորող: Հենց նա է ձեւավորել Մերկուրովի թանգարանը, Գյումրիի  “Ձիթողցենց տունը”, Երեւանի “Մոնումենտի”, “Հեղափոխության”,  Եղիշե Չարենցի թանգարանները: Նրան է պատկանում 14 հեղինակային արդյունաբերական նախագիծ, որոնք այդպես էլ չեն արտադրվել: Exibition “Մեր հիշողությունների վերահսկմանը ենթակա է միայն ու միայն անցյալը … Գիտակցությամբ է սրբագրվում հիշողությունը…Եվ գիտակցության ուրվագծերն են որոշարկում մեր ճամփորդության երթուղին … Ճամփորդեք ձեր հիշողության ալիքներով: Շուռ բերեք ձեր ներսը: Հակառակ դեպքում չեք կարողանա ինքներդ ձեզ հակադրել իրականությանը: Հնարավոր է, որ սա տխուր իրողություն է, բայց`փաստ”,- գրում է Կամո Նիգարյանը: Տեքստը`Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport