Հայաստանի 4-րդ առաջնությունը կայացավ Կիբեռսպորտի (համակարգչային սպորտի) Հայաստանի չորրորդ առաջնության հաղթողներն արդեն հայտնի են: Հիշեցնենք, որ այն նաեւ World Cyber Games (WCG)` Կիբեռսպորտի աշխարհի առաջնության որակավորման մրցաշար էր հանդիսանում: Օգոստոսի 20-ից 22-ը “Կոնգրես” հյուրանոցի մեծ դահլիճում գեյմերները մրցում էին Call of Duty (shooter), FIFA 10 (ֆուտբոլ) խաղ-մարզաձեւերում: Մրցաշարը կազմակերպել էր Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգան: Վերջինիս հիմնադիր Էդգար Սահակյանը Bravo.am-ին տեղեկացրեց, որ այս տարի մոտ 200 խաղացող էր հայտ ներկայացրել. “Օն-լայն գրանցման մեթոդը շատ հարցեր բացահայտեց: Շատ գրանցվեցին, բայց մենք գիտեինք` այդքան չեն գա: Ամեն անգամ աշխատում ենք առցանց գրանցվելու գաղափարը զարգացնել. Էլեկտրոնային գրանցումը շատ ավելի հեշտ, հանգիստ ու հարմար է: Արդյունքները ցույց տվեցին, որ այսօր շատերը ունեն ինտերնետ, կարողանում են օգտվել, հարցաթերթիկը լրացնել, մնացել է կարգապահության վրա աշխատել:)”: Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի հիմնադիրը նշեց նաեւ, որ հայտ ներկայացնողների հիսուն տոկոսն է մասնակցում 2010-ի մրցաշարին. “18-ից բարձր տարիք ունեցողները գեյմերների 25 տոկոսն են կազմում, մեծամասնությունը 14-16 տարեկան են: Մոտ հինգ տարի առաջ դժվար էր փոքրերի համար. ծնողները չէին թողնում մասնակցել: Հիմա էլ ծնողները մի քիչ դժգոհ դեմքերով են գալիս, ասում` չեն ուզում իրենց երեխան խորանա սրա մեջ: Ամեն դեպքում հիմա ընդունում են, որ կարելի է համակարգչային խաղերի մրցումներ անցկացնել, բերում են:)”: “Ռեակցիայի” սպորտի սիրահարները :) 21-ամյա Նարեկ Համբարձումյանը մասնագիտությամբ ծրագրավորող է, մրցաշարին երկրորդ անգամ էր մասնակցում, Call of Duty կես տարուց ավել խաղում է ու երրորդ տեղը գրավեց:): “Համարյա ստեղծման օրից խաղում եմ այս խաղը: 4 տարեկանից համակարգչային խաղեր եմ խաղում, ծնողներս էլ դեմ էին, իհարկե, բայց ես լավ եմ սովորում, կոմպենսացնում է:): Կիբեռսպորտը իմ սիրելի սպորտաձեւն է: Վազել, ֆուտբոլ խաղալ են սիրում մարդիկ, սա էլ իմն է, ռեակցիայի սպորտ է, մտածել է պետք, կարող ենք համեմատել շախմատի հետ: Առողջական խնդիրներ ունեցել եմ. համակարգչի դեմը շատ նստելուց փոքր ժամանակ հայմորիտով էի հիվանդացել: Թե չէ իդեալական տեսողություն ունեմ”,- ասաց Նարեկն ու նշեց, որ իր շրջապատում շատերին է “վարակել” կիբեռսպորոտով: Արթուր Մանուկյանն էլ 27 տարեկան է, կիբեռսպորտի Հայաստանի առաջնությանը առաջին անգամ էր մասնակցում. համակարգչային խաղերը որպես սպորտ նոր է բացահայտել:). “Վերջին երկու տարին ընկերներով հավաքվում ենք ու Call of Duty, ֆուտբոլ խաղում, բայց քանի որ միայն մի խաղի պետք է մասնակցեի, առաջինը ընտրեցի ու երկրորդ մրցանակին արժանացա:)”: Արթուրը մասնագիտությամբ տնտեսագետ է, ասում է` խաղերի վրա շատ ժամանակ չի ծախսում. “Շաբաթը երեք ժամ եթե տրամադրես, ոչ մի առողջական խնդիր էլ չես ունենա”: Call of Duty-ի հաղթողը 21-ամյա Հրանտ Շահաբասյանն է: Նրա համար համակարգչային խաղերը մոլուցքի են վերածվել երեք տարի առաջ:). “Բայց խաղալ սկսել եմ մոտավորապես 7 տարեկանից: Լուրջ, դժվար խաղեր խաղում եմ 1999 թվականից: Խմբակայիններն եմ սիրում, ռազմական, ստրատեգիական խաղերը: Ճիշտն ասաց` չեմ պատկերացնում` համակարգչով խաղալը ինչպես կարող է սպորտ համարվել, հա, ռեակցիայի հետ կապված, սպորտ է երեւի:)”,- ասաց մասնագիտությամբ երաժիշտ Հրանտը, ով կոնսերվատորիայում է սովորում եւ որոշել է Ժամանակ ունենալու դեպքում միշտ մասնակցել մրցաշարերին: 18-ամյա Ներսես Գեւորգյանը կյանքի տասը տարիները արդեն համակարգչային խաղեր խաղալով է անցկացրել:): “ Սա մոլուցք չի, բայց չափի մեջ է լավ:): FIFA 10-ում երրորդ տեղ զբաղեցրի, ես էլ եմ երաժիշտ”: FIFA 10 խաղի հաղթող ճանաչվեց 19-ամյա Ռուդոլֆ Շալգալդյանը. “Շուտվանից եմ խաղում, ու հենց ֆուտբոլ, իրական կյանքում ավելի հաճելի կլիներ, որ մարզիչ լինեի, ոչ թե ֆուտբոլիստ: Ծրագրավորող եմ, խաղերի հետ կապված չեմ խորանա, վեբ ծրագրավորման մեջ եմ մասնագիտանում: Վիրտուալ աշխարհից կախվածություն չունեմ, կան այդպիսինները, իրենց տեսնելով, էդ սխալը չեմ կրկնում:): Մեծ ցանկություն ունեմ մասնակցել միջազգային մրցաշարին”: Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի հիմնադիր Էդգար Սահակյանը շնորհավորեց մասնակիցներին, պատվոգրեր հանձնեց եւ պրոֆեսիոնալ գեյմինգի համար նախատեսված մրցանակներ: Ի դեպ, հաղթողները հնարավորություն ունեն Հայաստանը ներկայացնել WCG Աշխարհի առաջնությունում, որ կանցկացվի աշնանը Լոս Անջելեսում: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: