Երեւանում նշեցին “Բլումի օրը” 1904 թվականի հունիսի 16-ին իռլանդացի երիտասարդ գրող Ջեյմս Ջոյսը հանդիպեց իր ապագա կնոջը` Նորային: Ջոյսն այդ օրը պատմական դարձրեց 1922-ին լույս տեսած “Ուլիսես”-ով, որի իրադարձությունները տեղի են ունենում հենց այդ օրը: Տասնամյակներ շարունակ Իռլանդիայում եւ բազմաթիվ այլ երկրներում նշվում է “Բլումի օրը”` գլխավոր կերպարի պատվին եւ ի փառաբանումն համաշխարհային գրականությունը հեղաշրջած Ջոյսի հանճարի: Այս գրությամբ հրավիրատոմսեր էին ստացել երեւանյան BLOOMSDAY-ի հյուրերը:): Հենց հունիսի 16-ին Խնկո Ապոր անվան գրադարանում կայացած միջոցառումն ընդգրկում էր գրքի շնորհանդես-վաճառք, վեպի հուշանվերային օրինակների եւ հայ գեղանկարիչների ձեւավորմամբ ` եզակի շապիկների ցուցադրում: BRAVO.am-ն իր ընթերցողներին արդեն պատմել է մոդեռնիստական գրականության գլուխգործոց, մոտ 700 էջից բաղկացած եւ «ամենադժվար ընթեռնելի» համբավ ունեցող Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպի` հայերեն թարգմանվելու մասին: Թարգմանիչը Սամվել Մկրտչյանն է, ով համաշխարհային գրականության ինքնատիպ երեւույթի թարգմանությունից բացի, իրականացրել է մի նախագիծ, որը հնարավորություն է տալիս հաղորդակցվելու միանգամից երկու արվեստի` գրականության եւ գեղանկարչության հետ: BRAVO.am-ի հետ զրույցում գրքի թարգմանիչ Սամվել Մկրտչյանն ասաց, որ չի հիշում ինչո՞ւ կամ ինչպե՞ս հղացավ գաղափարը. «Դա եւս մեկ անգամ առիթ հանդիսացավ այսքան տաղանդավոր արվեստագետների մեկ հարկի տակ հավաքելու եւ շփվելու համար: Իսկ «Ուլիսեսի» նկարազարդ շապիկները կնպաստեն երկու կարեւորագույն արվեստի` գեղանկարչության եւ գրականության հաղորդակցմանը, ինչը, կարծում եմ, շատ հետաքրքիր է: Նկարներից բացի, կա նաեւ քանդակ. միշտ չէ, որ գրքի շապիկին կարող ենք քանդակ տեսնել:)»: Նկարազարդ շապիկներով գրքերը հետագայում իրենց հատուկ տեղը կգտնեն թարգմանչի տանը: Արվեստագետ ամուսիններ Նարեկ Ավետիսյանն ու Նանա Արամյանը միասին նկարազարդել են մեկ գիրք: Նարեկը նշում է, որ առաջարկը ստացել են Սամվել Մկրտչյանի կողմից. «Ժամանակակից արվեստի ներկայացուցիչները պետք է ձեւավորեին 15 գիրք: Ես եւ կինս միասին մեկը ձեւավորեցինք: Փորձել ենք ձեւավորել մեզ շատ բնորոշ որոշմամբ: Հակադրության վրա աշխատանք է` կարմիրի եւ սեւի համարդրությամբ, որն ինչ-որ տեղ ուժի եւ պայքարի իմաստ ունի»: Իսկ Նանա Արամյանը պատմեց, որ Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպն իր կյանքում շրջադարձային նշանակություն ունեցող գիրք է, որը կարդացել է դեռ 16-17 տարեկանում. «Այն շատ մեծ ազդեցություն թողեց ինձ վրա, փոխեց աշխարհընկալումս: Հիմա պարբերաբար ինչ-որ մտքեր եմ հիշում, որոնք տարբեր ժամանակներում տարբեր կերպ կարող եմ մեկնաբանել»: Նանան իր համար նվեր է համարում գրքի շապիկի ձեւավորման առաջարկը. «Այն կապեցի ավելի գլոբալ իմաստի հետ, որտեղ օգտագործել եմ սեւ եւ մանուշակագույն գույները. դրանք ներկա են իմ այժմյան գրեթե բոլոր գործերում: Հետաքրքիր եւ հաճելի աշխատանք էր»: Հետագայում նկարչուհին ծրագիր ունի շարունակել «Ուլիսեսի» թեման:): Միջոցառմանը ներկա արվեստագետներն իրենց հիացական կարծիքները հայտնեցին թե գրքի թարգմանության, թե նկարազարդման համար: «Շատ ուրախ եմ, որ նման մեծ գործ է արել Սամվել Մկրտչյանը, իսկ նրան ինչ-որ չափով օգնել են մեր նկարիչները, ովքեր ստեղծել են գեղեցիկ եւ ստեղծագործությանը շատ համահունչ նկարներ`յուրաքանչյուրն իր յուրովի մոտեցմամբ ու ընկալմամբ»,- մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Մանսուրյանը: Ներկաները նաեւ Ջեյմս Ջոյսի նկարով տորթը համտեսեցին, հյուրասիրության սեղանի շուրջ խոսեցին համաշխարհային նշանակություն ունեցող վեպի եւ հայ արվեստագետի`այդ վեպի հանդեպ ունեցած մոտեցման մասին: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: