×


Նուռ

“Սիրո Վենետիկում կուզեմ բազում անգամներ լինել:)” Արման Դավթյանին` Նուռին, պարբերաբար կարելի է Միլան մեկնելիս “բռնացնել”, բայց եթե դիզայներին խնդրեիր տպավորություններով կիսվել, չէր ստացվի:). գործուղումներ էին, ու չէր հասցնում ծանոթանալ քաղաքի հետ: Այս ամառ Նուռն ու Իտալիան հանդիպեցին, շփվեցին ու, վերջապես, միմյանց լավ ուսումնասիրեցին:): Ոսկերիչ-դիզայները տպավորված է վերադարձել: Nur “20 տարվա ընթացքում երբեք հանգստանալու ժամանակ չի եղել: Առաջին անգամ է, որ որոշեցի ամեն ինչի վրա խաչ քաշել, փակել, ոչինչ չանել, որովհետեւ այնքան էի հոգնել, մի քիչ էլ ինձ էր ժամանակ պետք տրամադրել”,- Bravo.am-ին ասաց Նուռը: Դիզայները, ամեն դեպքում, այս անգամ էլ միայն հանգիստը վայելել չկարողացավ:): “Միլանում երեք օր աշխատել եմ: Ամեն տարի տեղի ունեցող դասընթացներ են, որոշեցի համատեղել աշխատանքը ժամանցի հետ, վերցնել ընտանիքս, երեք օր աշխատելու հետ մեկտեղ մնացած 18 օրը հանգստանալ: Երեք տարբեր համալսարաններում տարբեր թեմաներով դասընթացներ եմ անցկացրել: Դասախոսություններիս հիմքում դրվում են դիզայնի օրենքներն ու իմ մոտեցումները: Վերջին դասընթացի ժամանակ, որ տեղի ունեցավ Տաշքենդում մինչ Իտալիա գնալը, հայտնաբերեցի` կարելի է դիզայնի հիմունքներ, կոմպոզիցիա եւ մի քիչ սիմվոլներ իմանալով` ճապոնական հիերոգլիֆները կարդալ: Որոշեցի հասկանալ` արդյոք միայն ինձ հետ է դա տեղի ունենում, թե բոլորն էլ կարող են. հարյուր հոգուց ճիշտ պատասխան ստացա, ստացվեց:): Տվյալ նորամուծությունը կիրառեցի նաեւ Միլանում, շատ մեծ արձագանք ունեցավ: Արվեստը համաշխարհային լեզու է, եթե այն գիտես, ապա քեզ համար այլեւս լեզվային խնդիրներ չկան: Արվեստի շնորհիվ բոլոր գաղտնագրերը բացվում են”,- նշեց Նուռը: Nur Ամեն ինչ սկսվեց Հռոմից Նուռն Իտալիայում հայերով հպարտանալու շատ առիթներ է ունեցել:). “Ճանապարհորդությունը սկսվեց Հռոմից: Չորս օր ման եկանք այնտեղ: Վատիկանից շատ մեծ տպավորություններ ստացանք` գերագույն տպավորություններ: Վատիկանի ամենամեծ արձանը, որ դրված է Սուրբ Պետրոս տաճարի մուտքի մոտ, Գրիգոր Լուսավորչի արձանն է, վրան էլ հայերեն տառերով գրված է` “Գրիգոր Լուսավորիչ, Հայաստան”: Հպարտ եմ,  ուրիշ տպավորությունների մեջ ես ընկնում, հասկանում` առաջին քրիստոնյա ազգ լինելը ընդունվում է ոչ միայն մեր կողմից”: “Հռոմում մեքենա վարձեցի, որ դրանով տեղաշարժվենք քաղաքից քաղաք: Այդպես ավելի հետաքրքիր է. տեսնում ես բնությունն ու ճանապարհի գեղեցկությունները, բացի դրանից, ազատ ես, որտեղ ուզում, կանգնում ես, շեղվում ճանապարհից:)”,- նշեց Նուռը: Nur Նուռն իր երազած Ֆլորենցիայում:) “Հետո մեկնեցինք Ֆլորենցիա. միշտ երազել եմ, ամբողջ կյանքս, աշխարհի արվեստի բույնն է: Երազել եմ Դավթի արձանը, Հռոմում գտնվող Սիքստինյան կապելլան տեսնել, շոշափել, զգալ, փոքր տարիքից այդ երազանքն ունեցել եմ: Մենք առավոտյան շատ վաղ դուրս էինք գալիս հյուրանոցից եւ ամբողջ ժամանակ ոտքով քաղաքում քայլում, խեղճ երեխաներս երեւի կյանքում այդքան չէին զբոսնել: Բայց բոլոր թանգարանները, պատկերասրահները, տեսարժան վայրերը մանրամասն տեսել ենք, ինչքան որ կա, ոչ թե ինչքան հնարավորություն ենք ունեցել: Դստրերս այս տարի փոխադրվում են չորրորդ դասարան, հետեւաբար պատմություն են անցնելու, որոշեցի մաստեր-կլաս անցկացնել:): Միանշանակ, շատ գոհ ու տպավորված են: Ֆլորենցիան ամբողջությամբ թանգարան է, մի հատ պատահական սալահատակ փողոցում չկա, ամեն ինչ պատմություն է, գեղեցիկ է: Իրականում, ես ավելի գեղեցիկ քաղաք չեմ պատկերացնում: Չափազանց երջանիկ եմ, որ վերջապես տեսա Բենվենուտո Չելինիի աշխատանքները, Միքելանջելոն, Լեոնարդոն ամբողջությամբ զգացի եւ հասկացա”,- ասաց Արման Դավթյանը: Nur “Անվերադարձ փոխվել եմ”. Նուռ “Միլանում պատմամշակութային կոթողներ շատ չկան, բայց շատ կարեւորները այնտեղ են: Օրինակ` Լեոնարդո դա Վինչիի “Խորհրդավոր ընթրիքը” ինձ վրա աննկարագրելի տպավորություն է թողել: Երբեւէ չեմ կարողացել հասկանալ` ինչն է այս նկարում այդքան գրավում մարդկանց: Կանգնում ես այդ նկարի առաջ, անբացատրելի զգացմունքներ են… Այնտեղից դուրս ես գալիս ուրիշ մարդ եւ այլեւս անվերադարձ փոխվում: Ես կարող է PR-ի զոհ լինեի, կինս էլ, բայց երեխաներս ինչպես ազդվեցին, իրենց համար դա աննկարագրելի վիճակ էր, դուրս եկան, ասում են` չեն հասկանում` ինչ եղավ:  Աղջիկս ասաց` պապ, իմ կյանքը փոխվեց”, - պատմեց Նուռը: Nur Ծուռ Պիզա, իսկ Նուռը տպավորված չէ:) “Հետո մեկնեցինք Պիզա: Այնտեղ, իհարկե, ոչինչ չկա նայելու բացի Պիզայի աշտարակից, որ, իսկապես, շատ ծուռ է: Վարկածներ կան` աշտարակը ծուռ են կառուցել, բայց այդպես չի. նոր տեխնոլոգիաներով պահում են, որ շուռ չգա: Ինչից եմ ենթադրել, որովհետեւ Իտալիայում գտնվող բոլոր աշտարակները սողանքների պատճառով մի թեթեւ ծուռ էին: Իր ծռությունից բացի ոչ մի հետաքրքիր բան Պիզայի աշտարակը չունի:)”: “Այնուհետեւ ծովափնյա Մարինա դի Պիզա  քաղաքում էինք, այնտեղ էլ իտալական կոլորիտը զգում ես: Փոքրիկ տնակ էինք վարձել ծովի ափին, ուր երեք օր պասիվ հանգիստ անցկացրինք. ուղղակի ավազին պառկել, ծովն ըմբոշխնել, երկնքին նայել… Երեխաներս ամենաշատը դա սիրեցին. լողում էին, խխունջներ հավաքում, բայց ճանապարհորդությունը շարունակվեց”: Nur “Վենետիկը հեքիաթային սիրո քաղաք է”. Նուռ Հաջորդ կանգառը Վենետիկում էր: “Ինձ միշտ թվում էր, որ տեսնեմ, կհասկանամ այն: Թեորիապես չէի հասկանում` ինչպես կարող է քաղաքը լինել ջրի մեջ, շենքերը դուրս գան ջրի միջից: Այդպես էլ չհասկացա:): Որ ասում են` Վենետիկը հեքիաթային սիրո քաղաք է, այդպես է: Ամեն վայրկյան զարմանում ես, ցանկանում հասկանալ, չես հասկանում, մյուս անգամ էլի ես ուզելու գալ այդ քաղաքը, գալու ես ու էլի ոչինչ չես հասկանալու: Վենետիկ միշտ կարելի է գնալ: Դա միակ քաղաքն է այս ճանապարհորդության մեջ, ուր կուզեմ եւս բազում անգամներ լինել:): Չէինք հասցրել դուրս գալ այդ քաղաքից, արդեն վերադառնալու ցանկություն կար”: Nur Վենետիկում Նուռին անչափ տպավորել է Սուրբ Ղազար կղզին. “Մեր հայկական տունը, հողը: Երեւան վերադառնալու նախորդ օրը գնացինք կղզի, խաղողօրհնեքի օրն էր: Գերագույն գեղեցկություն էր, մաքրամաքուր, գծած էր ամեն ինչ, դրախտ: Իզուր չէ, որ հայկական ամենամեծ հարստությունները պահպանվում են այնտեղ”: Իտալիայի մինուսները :) Դիզայները նշում է, որ ճանապարհորդությունը “բացասական” երանգ էլ է ունեցել:). “Տետրս դատարկ է մնացել, ոչ մի էսքիզ չեմ արել, չեմ աշխատել: Արվեստն այնտեղ այնքան շատ է, այնքան շատ ես ընդունում, որ տալու ցանկություն այլեւս չի լինում: Այնքան է լի այդ կտավը, որ դատարկ տեղ չկա` մի հատ էլ դու նկարես: Դրա համար չեմ զարմանում, որ այսօր Իտալիայում ժամանակակից արվեստը խիստ անկում է ապրում: Նկարչական ալբոմներ էինք ուզում գնել, որ երեխաները նկարեն, ամբողջ ճանապարհորդության ընթացքում ման ենք եկել այդ ալբոմներն ու չենք գտել, չեն վաճառվում, որովհետեւ ոչ մի երեխա չի ուզում նկարել”: Nur Նուռը նշում է` ուր էլ գնա, նույնքան տպավորված է վերադառնալու. մշակույթները տարբեր են: Դիզայները սեպտեմբերին մեկնում է Շանհայ, այս անգամ գործնական նպատակով. “Էքսպոյի եմ մասնակցելու, հայկական տաղավարն եմ ներկայացնելու: Հայաստանի անկախության օրն է նշվելու: Չինական արվեստը իմ ճաշակով չէ, բայց կքաղեմ այդ արվեստից այն, ինչ ուզում եմ”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Նուռի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW