Մհերն ու Սոնա Շահգելդյանը համերգ տվեցին:)
Սոնա Շահգելդյանին երեկ շատերը հարսի զգեստով են տեսել: Երգչուհու ձեռքի ծաղկեփունջը բռնող էլ է եղել:): Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած իրադարձությունը ոչ թե հարսանիք էր, այլ համերգ, Սոնա Շահգելդյանն էլ իր նոր երգն էր հնչեցնում: “Հարսի շոր”-ի խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է:
“Արամ Խաչատրյան” համերգասրահի բեմում Սոնա Շահգելդյանը մենակ չէր. երգիչ Մհերի հետ համատեղ համերգ էին տալիս: Երեկոն վարում էր Սուսաննա Շահինյանը: Համերգասրահային “Երաժշտական փոստարկղ”-ի ժամանակ հայկական, ռուսական, արտասահմանյան հին ու նոր սիրված երգեր էին հնչում, Մհերն ու Սոնան էլ հանդիսատեսին անընդհատ սեր էին խոստովանում:
Համերգին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հումորի վարպետ Աշոտ Ղազարյանը, երգիչների բարեկամները, ընկերները, երկրպագուները: Սուսաննա Շահինյանը, իր հաղորդման ձեւաչափին չդավաճանելով, նամակներ էր ընթերցում, օրինակ. “Որդիս ծառայում է բանակում, նրա հարսնացուն` Լիլիթը, սովորում է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում: Լիլիթը լավ աղջիկ է, դասերից ազատ ժամանակ համարյա ամեն օր գալիս է մեր տուն եւ ամեն ինչ անում, որ ես միայնակ չզգամ: Խնդրում եմ` Մհերի կատարմամբ որեւէ երգով ողջունեք մեր ապագա հարսնացուին”:
Մհերը որոշեց միանգամից երեք երգով ողջունել բոլոր նրանց, ովքեր գիտեն սիրել, հավատարիմ են իրենց զգացմունքներին եւ ովքեր գիտեն սպասել:): “Սիրո նոկտյուրն”-ի ժամանակ հուզվել էին բոլորը: “Յարը մարդուն յարա կուտա”,- երգեց Սոնա Շահգելդյանը, իր կատարումը նվիրեց “հարազատ մեկին” ու խնդրեց` ուրիշ բաներ չմտածել:): Ռուսական սիրված երգերի պոպուրի հնչեցնելու հերթն էլ եկավ, ինչը եւ արեց Մհերը:
Սուսաննա Շահինյանը նշեց, որ Սոնա Շահգելդյանը մեծ ակնածանքով է վերաբերվում հայ աշուղական արվեստին: Երգչուհին գուսան Շահենի “Զով գիշեր” ստեղծագործությունը կատարեց: Մի զորակոչիկ Սոնային ծաղկեփունջ նվիրեց, ՀՀ առաջին տիկնոջից էլ վերջինի հետ նկարվելու թույլտվություն խնդրեց: Սոնա Շահգելդյանը նշում է` սրտով է պետք երգել, որ մարդիկ հուզվեն:
“Հարսի շոր”-ից բացի մի պրեմիերա էլ եղավ, այս անգամ Մհերի կողմից: Նոր երգը “Ազատ Արցախ” է կոչվում: Երգիչը նաեւ “Դլե Յաման”-ը կատարեց: Առանց իր այցեքարտը դարձած “Հայաստան”-ի չէր կայանա համերգը:): Սոնա Շահգելդյանն էլ “Հայաստան աշխարհ”-ը կատարեց ու Վարդուհի Վարդանյանին հիշեց: Սիրված երգերի երեկոյի ավարտին, ինչպես որ ենթադրվում էր, Սոնան եւ Մհերը դուետով հանդես եկան:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: