×


Սուրեն Թադեւոսյան

Սուրեն Թադեւոսյան

Եվրոպայից Հայաստան` SLK Mersedes կաբրիալետով :) Ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը ամառը դիմավորել է աշխատանքային բուռն պայմաններում` ծննդյան 35-ամյակին նվիրված համերգ, նոր տեսահոլովակներ ու նոր ծրագրեր, որոնք հեռուստադիտողին հայտնի կդառնան մինչ տարեվերջ: Հենց այս աժիոտաժն էլ «ստիպեց» Սուրենին լիցքաթափվել: «Մինչ հուլիս ամիսը այնքան տանջված, հոգնած օրի էի հասել, որ որոշեցի անպայման հանգստանալ»,- Bravo.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսորը: Suren Tadevosyan Երբ աշխատանքն ու հանգիստը համատեղվում են :) «Ամենասկզբում որոշեցի համատեղել աշխատանքն ու հանգիստը` տեսահոլովակ նկարահանելով»,- ասում է ռեժիսորն ու հավելում, որ վաղուց էր ցանկանում այցելել Հորդանան,- «Աշխարհում շատ վայրերում եմ եղել, բայց Երուսաղեմում լինելու առիթ չէի ունեցել: Երբ իմացա , որ Հայաստանից ուղիղ չվերթ կա, որոշեցի օգտվել առիթից, Նարեկ Բավեյանի հետ մեկնեցինք, տեսահոլովակը նկարեցինք, որն օրերս մուտք գործեց հեռուստաեթեր, ու հանգստացանք»: Suren Tadevosyan Սուրենն ասում է , որ Հորդանանում մնացին ութ օր, բայց նշում, որ հանգստի համար  ցանկալի կլիներ եւս մեկ շաբաթ. «Երբ իրականում տեսնում ես այն, ինչ կա Հորդանանում, շատ ավելի լուրջ տպավորություններ ես ստանում: Պետրա քաղաքը, Կարմիր եւ Մեռյալ ծովերն ու շատ վայրեր հանգստի մեծ հնարավորություն են տալիս, որը շատ երկրներում չկա: Ես շատ ծովերում եւ օվկիանոսներում եմ եղել, ճիշտ է, դա մեր պատկերացրած ծովը չէր, ուր կարելի է լողալ, բայց այն կլիման եւ պայմանները, որ կային այնտեղ, յուրահատուկ էին. մենք գտնվում էինք աշխարհի ամենացածր վայրում` ծովի մակերեսից 412 մետր ներքեւ»: Suren Tadevosyan Ռեժիսորը «չի վախենում» ասել, որ Հորդանանն իր վրա շատ մեծ, լուրջ հետք է թողել. «Կարծում եմ` բոլոր ստեղծագործող մարդկանց մոտ այդպես է. երբ ինչ-որ բան քեզ ոգեւորում է, անկախ նրանից, թե որ բնագավառում, սկսում ես ներշնչվել, նոր ծրագրեր, մտքեր են ծնվում...»: Հենց այդ նոր ծրագրերով ու մտքերով էլ Սուրեն Թադեւոսյանը վերադարձել է հայրենիք, բայց սա, կարելի է ասել, նրա հանգստի միայն առաջին փուլն էր: :) «Վերադառնալուց հետո ես հասկացա, որ ժամանակը քիչ էր, ցանկություն եւ կարիք կար կրկին հանգստանալու»,- ասում է մեր զրուցակիցն ու հավելում, որ իր մոտ հանգիստը փոքր-ինչ այլ է. «Ես չեմ սիրում պառկել ծովափի ավազին ու ասել, որ հանգստացա: Դրա համար էլ որոշեցի հանգստանալ իմ խառնվածքին համապատասխան...»: Suren Tadevosyan Հանգստի երկրորդ փուլն ու մեքենայով շրջագայությունը Եվրոպայից Հայաստան :) Իր հանգստի մնացած մասը ռեժիսորն անցկացրեց Եվրոպայում, որտեղ մոտ կես տարի չէր եղել, չէր տեսել իր ընկերներին. «Որոշեցի պտտվել Եվրոպայում: Սկզբում գնացի Ամստերդամ, որը շատ եմ սիրում. դա գայթակղությունների քաղաք է, ամեն մարդ չէ, որ այնտեղ լինելուց հետո չի փոխվում: Երկու օր մնացի Ամստերդամում: Անգամ մարդկանց կողքից հետեւելը շատ հետաքրքիր էր, շատ տարբեր: Մարդ կա` ասում է, որ Ամստերդամը դժոխքի «ֆիլիալն է», շատերն էլ այն համարում են դրախտի մի մասը: Ամեն ոք յուրովի է ընդունում...»: Ամստերդամից հետո Սուրենը  ճանապարհ ընկավ դեպի Գերմանիա` Դյուսելդորֆ, որտեղ էլ ամբողջացան մեր զրուցակցի հանգստի պլանները: «Վաղուց ուզում էի նոր մեքենա գնել, յուրահատուկ մեքենա, որն այստեղ չէի գտնում: Ես ունեմ մեծը, բայց ուզում էի նաեւ փոքր, սպորտային մեքենա, որն էլ գնեցի հենց Գերմանիայում»: SLK Mersedes մակնիշի կաբրիալետով էլ Սուրենը ծրագրել էր կատարել իր շրջագայությունն ու հետ գալ հայրենիք: Ծրագիրն իրականացված է:). «Մեքենան վարելով` Գերմանիայից եկա Հայաստան: Գերմանիայից մտա Ավստրիա, Ավստրիայից Իտալիա` Վենետիկ, ուր երկու օր մնացի, որտեղից նավով մեքենան տեղափոխեցինք Իգումենիցի` Հունաստանի ծայրամաս, ամբողջ Հունաստանն անցա մեքենայով, մի օր մնացի Աթենքում, հետո մտա Թուրքիա, որտեղ նույնպես ծայրից ծայր շրջեցի, մեկ օր մնացի Ստամբուլում, մեկ օր` Տրապիզոնում, ապա մտա Վրաստան, երկու օր էլ մնացի Բաթումիում եւ վերադարձա Հայաստան: Միգուցե զարմանալի է, բայց ես այսպես եմ սիրում հանգստանալ:)»: Suren Tadevosyan Իր նոր մեքենայի մասին խոսելով` Սուրենն այն անվանում է էգոիստի մեքենա, որը հնարավոր չէ օգտագործել ընտանիքի համար, բայց քաղաքի ու շոգի պայմաններում հարմար է համարում: Իսկ մեր այն հարցին, թե ի՞նչ գնումներ է սովորաբար կատարում արտերկրից, պատասխանում է. «Հուշանվերներ ընկերներիս համար, հագուստ ինձ համար»: Սուրենն ասում է, որ Հայաստանում չի գտնում իր ճաշակին եւ չափսերին  համապատասխան հագուստ. «Բացի այն, որ այստեղ հագուստն անիմաստ թանկ է, նաեւ իմ ճաշակին համապատասխան բան չեմ գտնում... այնպես չի, որ էժան լինելու համար եմ դրսից գնում:)»: «Նաեւ Իսպանիա` տուն եմ գնալու :)» Չնայած ամառն ավարտվել է, բայց Սուրեն Թադեւոսյանը դեռ պետք է շարունակի իր ճամփորդությունը. ռեժիսորը պետք է մեկնի Իսպանիա` Վալենսիա, որտեղ էլ գտնվում է նրա ընտանիքը. «Այս անգամ արդեն ոչ թե հանգստի, այլ տուն եմ գնալու. մեծ աղջկաս ծնունդն է, 10 տարեկան է դառնում, պետք է գնամ ու մի  քիչ էլ ընտանիքիս մոտ մնամ...»: Սուրենն ասում է, որ իր զույգ երեխաների փոքր տարիքի պատճառով չեն կարողանում ընտանիքով ու երեք երեխաներով հանգստանալ. «Սպասում ենք, որ մի քիչ էլ մեծանան...:)»: Իսպանիայում մեր զրուցակիցը կմնա մեկ շաբաթ. «Ցավոք, չեմ կարող շատ մնալ, քանի որ հեռուստատեսությունում նոր եթերաշրջան է սկսվել...»: Նշենք, որ Սուրենի ընտանիքն արդեն մի քանի ամիս է` հանգստանում է Վալենսիայի իրենց տանը. «Իսպանիայում է գտնվում իմ տունը: Ես մայիսից եմ ընտանիքիս ուղարկել այնտեղ հանգստանալու. Իսպանիայում ավելի հարմար է, ծով կա եւ այլն...»: Suren Tadevosyan «Իսպանացիների ու իտալացիների մեջ եմ հայերի հետ նմանություն գտնում» Խոսելով օտարազգիների ու հայերի նմանությունների մասին` Սուրենն ասում է, որ իսպանացիների ու իտալացիների մեջ է հայերի հետ նմանություններ գտնում. «Ոչ թե տաքարյուն լինելու պահով, այլ զուտ մարդկային գործոնով. նրանց հետ կարող ես խոսել ու ինչ-որ բան հասկացնել: Ես ունեմ գերմանացի ընկեր, ում հետ մենք մինչեւ վերջ իրար չենք հասկանում...»: Ռեժիսորը ոչ մի երկրում իր նմանին չի փնտրում, փորձում է գտնել նրանց կոլորիտն ու հետաքրքրությունը. «Օրինակ, Թուրքիան, որը ես չեմ սիրում իմ պատճառներով, ունի իր հետաքրքրությունը, Իտալիան շատ տարբեր է. Սիցիլիայի մարդիկ հայերի կատարելագործված տեսակն են, իսկ, օրինակ, Միլանում միանգամայն այլ տեսակի մարդիկ են... ես մի քիչ ռուսներին եմ նմանեցնում»: «Վրաստանը չեմ սիրում...» «Վրաստանը չեմ սիրում մարդկանց պատճառով. այնքան բան կարող եմ պատմել իրենց «պայծառ ուղեղի» մասին:)... Իհարկե, չես կարող չգնահատել երկիրը. ամեն ինչ արվում է  գեղեցիկ լինելու համար, բայց սերունդ պետք է փոխվի, որ մարդիկ էլ փոխվեն: Ցավալի է, որ ռուսերեն անգամ մի տառ չգիտեն...»: Երկու օր մնալով Վրաստանում` մեր զրուցակիցը նկատել էր, որ Հայաստանում գործող վրացական ռեստորաններում ավելի համեղ են պատրաստում, քան Վրաստանի լավագույն ռեստորաններում: Suren Tadevosyan «Ես գուրման չեմ...» Խոհանոցի մասին խոսելով` Սուրենն ասում է, որ գուրման չէ, սիրում է աղցաններ, չի սիրում ծովային մթերքներ ու ձուկ. «Կարծում եմ` ամեն երկրում պետք է փորձել  նրանց բնորոշ կերակրատեսակները, Գերմանիայում` իրենց հատուկ նրբերշիկները, Ֆրանսիայում` պանիրն ու պանրի տեսականիով պատրաստված կերակուրները, Իսպանիայում` պայելյան, եւ այլն»: Զրույցի ընթացքում Սուրենը ժպիտով հիշեց նաեւ խոհանոցի հետ կապված մի դեպք. «Զարմանալի է, որ այն կերակրատեսակները, որ մեզ մոտ հայտնի են որպես զուտ իտալական կամ այլն, իրականում այդպիսինը չեն. ես Իտալիայում մի քանի օր փորձում էի բացատրել, որ «Կեսար» աղցան եմ ուզում, բայց դա նրանց ծանոթ չէր:)»: Հայկական խոհանոցից էլ մեր զրուցակիցը փոքր-ինչ հիասթափված է...  սիրում է աղցաններ եւ Էջմիածնի քուֆթա, բայց  չի սիրում քաբաբ-խորոված տարբերակը::) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Սուրեն Թադեւոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW