Վարդան Պետրոսյանն օրերս հայ հանդիսատեսին ներկայացրեց “Պարոնայք 50/50”-ը: Քաղաքական երգիծանք ժանրի այս նոր ներկայացումը կազմված է երկու մասից` 50 եւ 50 րոպե տեւողությամբ: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում “Պարոնայք 50/50”-ը կներկայացվի նաեւ օգոստոսի 13-ին եւ 14-ին, երգիծաբանը ծրագրում է ելույթ ունենալ նաեւ Գյումրիում եւ Վանաձորում:
Վարդան Պետրոսյանը “Պարոնայք 50/50” ներկայացմանը
Նախքան նոր ներկայացումը երեւանյան հանդիսատեսի դատին հանձնելը` դերասանն այն խաղացել է Լոս Անջելեսում, նշել է՝ սյուժեի մեջ փոփոխություններ է մտցրել: BRAVO.am-ին Վարդան Պետրոսյանը պատմել է ներկայացման “ծննդի”, բովանդակության եւ բեմում իր ունեցած ապրումների մասին.
Ամեն տարվա պես այս անգամ էլ հունվար-փետրվար ամիսներից պատրաստվում էի այս տարվա ներկայացումը: Թե ինչպիսին կլինի այն, առանձնապես չէի պատկերացնում: Գիտեի, որ կլինի ակտուալ, կապված խորհրդարանական եւ գալիք նախագահական ընտրությունների հետ: Այս տարին մի տեսակ ընտրությունների տարի էր մեզ մոտ, Ռուսաստանում, Ֆրանսիայում… Այդ ընթացքում մարդկանց հոգիները փոթորկվում են, սպասումների մեջ են լինում, այս ներկայացումն էլ ինչ-որ բանով պետք է կապված լիներ այդ ամենին: Նայում էի՝ ինչ էր կատարվում աշխարհում, համեմատում Հայաստանի հետ, փորձում զուգահեռներ տանել, հատկանշական տարբերություններ տեսնել՝ ինչով ենք նման, ինչով ենք տարբեր: Այդ ընթացքում կամաց-կամաց ծնվում են իմ մտքերը, գրառում եմ, ինչ-որ մի պահի դրանք կատակի են վերածվում…Այս ներկայացումը մտորումներ է ընտրություններից առաջ եւ հետո: Ցույց եմ տալիս այսօրվա աշխարհի ընթացքն ու մեզ` այդ ընթացի մեջ, մենք գնում ենք բոլորի հետեւից կամ բոլորի հետ: Լավ, թե վատ, աշխարհն այդպես գնում է… Լիբերալ-դեմոկրատները դա համարում են ազատության, աստվածաբանները` կործանման ճանապարհ:
“Պարոնայք, 50/50”-ն ունի բանաստեղծական, խորհրդանշական մի գիծ. գառնուկը, որ մեզնում ասոցացվում է Քրիստոսի հետ, մեզ վերջում տանում է դեպի լույսը, իսկ մենք այսօր փնտրում ենք` ուր ենք գնում, ես լույսն եմ տեսնում, այդ լույսի ճանապարհն եմ փորձում ցույց տալ, իսկ լույսի ճանապարհով ինձ տանում է գառնուկը: Այս ներկայացման մեջ դեռ շատ բաներ կփոխվեն. մարդիկ, որ մի անգամ տեսել են, էլի են ուզելու տեսնել… Գալիս են նախագահական ընտրությունները, կրքերը բորբոքվելու են, իսկ ես ասելիք ունեմ եւ կավելացնեմ: Թատրոնի պատմության մեջ դա թույլատրելի է, Ֆրանսիայի կաֆե-թատրոնում կա նման ժանր` օրվա ակտուալ թեման տանել թատրոն:
Վարդան Պետրոսյանը “Պարոնայք 50/50” ներկայացմանը
Նախնական տարբերակով այն խաղացի Լոս Անջելեսում, շատ լավ անցավ, բայց միշտ, երբ Երեւան եմ գալիս, ներկայացումը փոխում եմ` տեսնելով շատ հստակ բաներ, որոնցով մարդիկ ապրում են, կան բաներ, որ այլեւս պետք չեն մարդկանց: Սցենարական տեղաշարժեր եղան, ընթացքում նոր գիծ ավելացավ: Երբ եկա, եղել էր “Հարսնաքար”-ի ողբերգական դեպքը, ես էլ չեմ կարող լռել: Շատ վտանգավոր է երգիծական ներկայացման մեջ խոսել մարդկային զոհերի մասին: 1999-ին, երբ մեր խորհրդարանում եղավ հոկտեմբերի 27-ի դեպքը, ես անմիջապես անդրադարձա, շատ նուրբ պահ կա, բայց ես փորձեցի երգիծական ժանրում այդ ողբերգական պահից խոսել: Վերջերս իմ ընկերներից մի մեծ արվեստագետ հարցրեց` “Հարսնաքար”-ին անդրադարձել եմ, ասացի` այո, հավելեց՝ իսկ պառլամենտի սպանություններին անդրադարձա, էլի դրական պատասխան տվեցի: Հիշո՞ւմ եք, այդ ժամանակ ներկայացման ավարտին ռեփ էի կարդում` “ազատություն, դեմոկրատիա, տուն-տունիկ եք, արա, խաղում, էլ գործ չկա, իրար եք խփում, չեք ջոկում, որ վերեւից, շատ վերեւից` հմուտ ձեռքերի խմբակից, ես խաղերն են ղեկավարվում ու մեզ իրար դեմ են հանում շոյող ձեռքեր, որ սպանում են, համ տալիս են, համ տանում են, աշխարհներ են ղեկավարում, քանդում, վառում…”. շատ ծանր ռեփ էր, որից հետո կրակում էին վրաս: Ներկայացումը ցնցող ավարտ ուներ, ասում էի, որ ես կկանգնեմ, այսինքն` մենք կկանգնենք: Ես անդրադարձա նաեւ մարտի 1-ին, չէի կարող չանդրադառնալ: Այդ ժամանակ շատ ավելի բարդ էր, հասարակությունը, հանդիսատեսը ճեղքված էր երկու մասի, մի կատակի վրա մի մասն էր ծիծաղում, մյուսի վրա` մյուսը: Ինձ թվում է` ես կարողացել եմ…
Վարդան Պետրոսյանը “Պարոնայք 50/50” ներկայացմանը
Ամենադժվար բանն է կատակել ողբերգական թեմայի շուրջ: Գիտակցված եմ անում` հասկանալով եւ տեսնելով դրա բուժիչ նշանակությունը: Ամենածանրն, իհարկե, եղել է “Վերելք” ներկայացումը, մի քանի անգամ գրիչս վերցրել եւ դրել եմ` հիշելով Հրանտ Մաթեւոսյանի խոսքերը` “Չի ստացվում գրել”: Ցեղասպանության մասին հայ մարդը չի կարող գրել, առաջին տողերը գրելով՝ հասկանում ես, թե ինչքան փոքր ես դու այդ ցավի առջեւ, պատահական չէ, որ Ցեղասպանության մասին օտարներն ավելի լավ են գրում, նրանք ի վիճակի են կողքից նայել երեւույթին, մենք` ոչ: Հայրս եղել է Ցեղասպանության ականատեսը, ես հորիցս եմ ժառանգել այդ ցավը, չէի կարողանում գրել, բայց ինձ ստիպել եմ` հորս առջեւ պարտքս կատարելու համար: Հիշում եմ` Ծաղկաձորում 5 օր փակվեցի, որ վերջացնեմ աշխատանքս, երգ էի լսում, գրում, աչքերիցս արցունքներ էին հոսում, պատկերացնում էի հորս… Շատ դժվար է ողբերգության հետ կատակելը, բայց ես գիտեմ, որ դա դեղ է: 10-15 րոպեից ավելի չես կարող լսել ողբերգության մասին, կատակն ու լուրջը իրար կողք եմ դնում, պետք է շատ զգույշ վարվել, անընդհատ չտրորել ցավը:
50/50-նն առաջին հերթին մեր կիսված էությունն է. զվարճալի, բառախաղային անվանում է, որի տակ շատ բան կարելի է հասկանալ: Կիսով՝ վայրենի, կիսով՝ արիստոկրատ մեր էությունն է, մենք չենք կարողանում ամբողջանալ, իրար հետ ինչ-որ բան կիսել: Շատ բան կարող ենք գտնել սրա ներքո, խնդիրը շատ ընդհանրացված է:
Վարդան Պետրոսյանը “Պարոնայք 50/50” ներկայացմանը
Ես ծիծաղեցնում եմ, ցույց տալիս մեր կյանքը. ի՞նչ է անում աշխարհը, ի՞նչ ենք անում մենք. այս ամենը մի բանի համար է, որ վերջում հասնենք կարեւորին. երբ մեկը մյուսին լավություն է անում, ամբողջ տիեզերքը մի քայլ գնում է դեպի դրախտ եւ հակառակը: Մենք ենք մեր դժոխքը ստեղծել` մեր ձեռքով, եթե դրախտ ենք ուզում, մենք պետք է ստեղծենք: Քանիսը կհասկանան, կազդվեն `չգիտեմ, բայց անգամ մեկ-երկուսի դեպքում արդեն մեծ բան է:
Մեր կյանքում այնքան բան է պակասում. սա իմ կերպարի խոսքն է: Հաճախ ես ցույց եմ տալիս կերպարի, որի հետ կարող է համամիտ չլինեմ, բայց դա չի նշանակում, որ նա իրավունք չունի ապրել բեմում: Իրականում այնքան բան է մեզ կյանքում պակասում` հաց, պանիր, հոգատարություն, բարություն, աշխատատեղ, տուն, հնարավորություններ, սեր, գգվանք… Շատ բան է պակասում, որ կուզեինք ունենալ, բայց կա նաեւ շատ բան, որ ունենք եւ չենք նկատում: Երբ պակասից ենք խոսում, մեզ հասկանում են, իսկ երբ ասենք` մենք շատ բան ունենք, մեզ չեն հասկանա:
Մարդակերպների ու մարդակերների մասին. այս ներկայացման մեջ ես քնքշաբար խոսում եմ մարդակերպների, չսիրող մանկան պես էլ` օսլայած մարդակերների մասին: Քաղաքականությունը մարդակերության պես մի բան է, ծանր ու դաժան գործ: Քաղաքական գործիչները երկու խմբի են բաժանվում` մարդակերպներ եւ մարդակերներ: Նրանց մեջ կան զարգացած եւ հետ մնացած մարդիկ, որոնց ես անվանում եմ մարդակերպ, իսկ եղունգները կտրած, կոստյումով ու երկնագույն վերնաշապիկով մարդակերներն աշխարհ քանդողներն են…. Ինչո՞ւ են մերոնք փորձում նմանվել նրանց: Եկեք մնանք այնպիսին, ինչպիսին կանք:
Վարդան Պետրոսյանը “Պարոնայք 50/50” ներկայացմանը
Լույսն իրականում կա, եւ մարդիկ գնում են դեպի դա: Ինչքան ուժեղանում է խավարի ճնշումը, այնքան բացվում է լույսի հնարավորությունը, բնությունն ունի հավասարակշռության շատ մեծ օրենքներ: Ինչքան մթով սեղմվում է լույսը, այնքան այն դուրս գալու հնարավորություն է ստանում: Ազգովի՞ կգնանք դեպի լույսը, թե՞ հատ-հատ, այլ հարց է, բայց ինձ թվում է` անհատ-անհատ կգնանք, ազգովի գնալու համար Աստծո որդին է պետք, իսկ արվեստի մարդու շնորհիվ անհատները կարող են շարժվել… Բայց մի ծաղիկն իր շուրջը ստեղծում է միկրոկլիմա, ուրիշ ծաղիկներ են աճում, տարածվում են: Ես այդ լույսը շատ մոտ եմ տեսնում, այլ տեղ եւ ուրիշ ձեւ: Ցավն այն է, որ երբեմն մենք չենք հասկանում միմյանց…Հաճախ լույսը տեսնում են միայն քաղաքական իշխանության փոփոխության մեջ…
Այս ներկայացման մեջ բավական պատգամավորներ ունեմ: Քաղաքական գործիչներ, նախարարներ շատ են գալիս իմ ներկայացումներին, ես չեմ հրավիրում, իրենք տոմս են առնում ու գալիս, կամ էլ իրենց ինչ-որ մեկը հրավիրում է: Նախագահները չեն գալիս, իրենց կանայք են գալիս: “Վերելք”-ի ժամանակ Վարդան Օսկանյանն էր եկել, Գեղամյանն էլ է եղել իմ ներկայացումներին եւ “Մեր բեմի Սալվադոր Դալի” մակագրությամբ գիրք նվիրել ինձ:
Վարդան Պետրոսյանը “Պարոնայք 50/50” ներկայացմանը
Ամենամեծ երջանկությունն է, երբ քեզ հասկանում են. մի ֆիլմ կա` “Կապրենք մինչեւ երկուշաբթի”, տղաներից մեկն էր այսպես ասում: Շատ մեծ երջանկություն է քեզ սիրված զգալ մարդկանց կողմից: Երբ բացվում է վարագույրը, ես զգում եմ դա, այն փոխադարձ է: Մեծ կարոտից հետո բացվում է վարագույրը, ես չեմ կարող ձեռքով դիպչել նրանց, նրանք էլ՝ ինձ, ինչքա՞ն հույզ, սեր ու կարոտ կգնա դահլիճ, ինչքա՞նը կստանամ ես: Դու խաղում ես` ասես ասելով` “ինչքա՜ն եմ ես ձեզ կարոտել”: Եթե նկատել եք, վերջին ներկայացումների ժամանակ միշտ իջնում եմ դահլիճ, ձեռք տալիս մարդկանց, շատ մեծ եւ երանելի զգացմունքներ ունեմ հանդիսատեսի նկատմամբ, եւ նրանք գիտեն, թե որքան սեր է բեմից գալիս…
2015-ին նոր “Վերելք” եմ անելու. շատ ծրագրեր ունեմ: Հաճախ ծրագրում ես, բայց հանգամանքներն այնպես են դասավորում, որ դու անում ես ուրիշ ներկայացում: Կյանքը թելադրում է, իսկ իմ թատրոնը ներշնչվում է օրվա իրադարձություններից…
Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը/Bravo.am/
Լուսանկարները` Նազիկ Արմենակյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: