×


Վարդուհի Վարդանյան

Վարդուհի Վարդանյան

“Ինչքան Թութուշի երգերը հնչեն, նա ապրելու է” Ռուբենը համոզված է` շուտով կկարողանա դաշնամուրի վրա նվագել մայրիկի երգերը. երաժշտական դպրոց է հաճախում: Սեպտեմբերի 8-ը 13-ամյա տղայի համար կարեւոր ու պատասխանատու օր էր. կայացել է Վարդուհի Վարդանյանի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը, իսկ CD-ները մակագրել է հենց Ռուբենը` երգչուհու որդին: Վարդուհի Վարդանյանի որդին` Ռուբենը, եւ Սիրուշոն “Անչափ ուրախ եմ այսօր ու մեծ պատիվ եմ համարում, որ հնարավորություն ունեմ ստորագրել մայրիկիս` լավ երգերով այս ձայնասկավառակը: “Իմն ես”-ն իմ ամենասիրելի գործն է` շատ հետաքրքիր ու սիրուն երգ”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց Վարդուհի Վարդանյանի որդին` Ռուբեն Ավոյանը, ով թեեւ չի որոշել, թե ինչ մասնագիտություն է ընտրելու, բայց համոզված է` “երգն ու երաժշտությունն իր կյանքում, անպայման, կլինեն”: “Ինչքան Թութուշի երգերը հնչեն, նա ապրելու է: Նա ապրում է իմ սրտում, շատերի սրտում”, - երեկ Անդրեն հուզմունքը չէր կարողանում թաքցնել: Վարդուհի Վարդանյանը, երգչի խոսքերով, իր համար քրոջ պես է եղել. “Նրան երկրպագել եմ որպես երգչուհի: Երբ Ստեփանակերտում համերգ էր տալիս, կանգնած էի ծափահարում եւ գոռում էի, իսկապես շատ-շատ էի սիրում: Ծանոթությունից հետո  նա իմ կյանքում դարձավ մեկը, ով միշտ կարողանում էր կիսել ուրախությունս, դժվար պահերիս էլ սատարել: Նա անփոխարինելի է ինձ համար, իր կորստից հետո կյանքումս մնացած բացը լցնել չի լինում, այդպես էլ դատարկ է մինչ օրս”: Andre Անդրեն BRAVO.am-ին պատմեց, որ իր համար անչափ թանկ  մի նկար ունի. Վարդուհին է պատկերված` իր ամենահայտնի ու երգչի ամենասիրելի կապույտ զգեստով.  “Հենց նա է նվիրել իր նկարը` “Անդրեին` իմ լավագույն եղբորը” մակագրությամբ: Վարդուհուց բազմաթիվ հիշատակներ ունեմ` նվերները, իր ստորագրությամբ ձայնասկավառակները...”: Վարդուհի Վարդանյանի մահից հինգ տարի է անցել: Դժբախտ պատահարի հետեւանքով կյանքից վաղաժամ հեռացած երգչուհին այս տարի կդառնար 35 տարեկան: “Օր չկա, որ քրոջս չհիշենք, իր մասին չխոսենք, երգերից չլսենք, տեսանյութեր չդիտենք: Ասես այլ իրականություն ենք ստեղծել մեզ համար, որովհետեւ եթե սկսում ենք գիտակցել` ինչ է կատարվել, շատ դաժան է լինում...”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց Վարդուհու ավագ քույրը` Քրիստինե Վարդանյանը եւ հավելեց. “Զգեստապահարանում կախված են նրա համերգային շորերը, կոշիկները, պահել ենք զարդերը... Ամեն ինչ մնացել է այնպես, ինչպես իր կենդանության օրոք էր”: Qristine,Ruben,Sirusho and Syuzan Margaryan Նոր` “Իմն ես” ձայնասկավառակի թողարկումը նախաձեռնել է Վարդուհի Վարդանյանի ավագ քույրն ընտանիքի անդամների հետ: “Երեք ձայնասկավառակ էլ դեռ կկարողանանք թողարկել: Այս մեկում զետեղված է 15 երգ, որոնք բոլորովին նոր երգեր են եւ Վարդուհու ձայնասկավառակների մեջ դեռ չէին եղել”,- նշեց Քրիստինեն: Երգի պետական թատրոնում տեղի ունեցած շնորհանդեսին ներկա էին Սյուզան Մարգարյանը, Անդրեն, Սիրուշոն, Արսեն Գրիգորյանը, Արսեն Սաֆարյանը, Էմմա Պետրոսյանն ու Արամոն, Հռիփսիմե Հակոբյանը, Մարին, շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ, Վարդուհի Վարդանյանի բարեկամներն ու երկրպագուները: “Այսօր տոն է բոլորիս համար, իր ընկերների համար, որովհետեւ ձայնասկավառակի շնորհանդես է, եւ պետք է փորձենք ուրախանալ այդ առիթով: Երգերին, անպայման, ծանոթ եմ: Երկուսի` “Իմն ես”-ի եւ “Իմ լավ”-ի խոսքերի հեղինակը ես եմ”,- BRAVO.am-ին ասաց Սիրուշոն ու հավելեց. “Քանի որ ես եւ Վարդուհին շատ մտերիմ էինք,  բնականաբար, շատ ժամանակ էինք անցկացնում միասին, եւ հաճախ հենց հյուրախաղերի ժամանակ էլ գրվում էին երգերը, բայց այս երկուսն, իրոք, աննկարագրելի կարճ ժամանակահատվածում են գրվել` իրեն եւ ինձ ճանաչելով. երկուսս էլ վերջին վայրկյանի մարդիկ ենք... Հիշում եմ, որ նա եկավ ու ասաց` երկու ժամից պետք է գնա ստուդիա` ձայնագրվելու, իսկ ես պատրաստվում էի նկարահանման... Խոսքերը գրվեցին:)”: Luiza Ghambaryan and Hripsime Hakobyan Մարին էլ է շուտով նոր ձայնասկավառակ թողարկելու: Երգչուհու CD-ն “Երազանք” է կոչվում համանուն երգի պես, որը նվիրված է Վարդուհի Վարդանյանի հիշատակին:  “Երբ տասը տարեկան էի, այս երգն ինձ համար գրեց Մանե Հակոբյանը: «Երազանքն» իմ հեղինակային առաջին երգն է: Այդ ժամանակ Վարդուհին իմ ուսուցչուհին էր, նաեւ ծնող էր ու ամենահարազատ մարդկանցից մեկը: Ինքն ինձ համար երազանք էր, որ մեծանամ եւ դառնամ իր պես մարդ ու երգչուհի”,- ասաց Մարին: “Իմն ես”-ի շնորհանդեսին ներկա էր նաեւ Լուիզա Ղամբարյանը, ով թեեւ շատ մտերիմ չի եղել Վարդուհի Վարդանյանի հետ, բայց պակաս վառ հիշողություններ չունի.  “Իրար հանդիպելու դեպքում ունեցել ենք շատ պայծառ, անմիջական ու ազնիվ հարաբերություններ: Նրան միշտ համարել եմ երաժշտական լուրջ ճաշակ ունեցող երգչուհի”: Նշենք, որ հոկտեմբերի 16-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում կկայանա Վարդուհի Վարդանյանի հիշատակին նվիրված համերգ-երեկո, որին կմասնակցեն հայկական շոու-բիզնեսից երգչուհու բոլոր ընկերները եւ ոչ միայն:): Տեսքսը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW