×


«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին եւ Tamada-ին

«Հորիզոն» փառատոնի շրջանակում Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել էլեկտրոնային երաժշտության համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների․ միջոցառումը խոստանում է դառնալ տարածաշրջանի ամենասպասված երաժշտական իրադարձություններից մեկը։

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) և Turntables-ի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվող եռամաս փառատոնը մեկ հարթակում կհամախմբի միջազգային ճանաչում ունեցող արտիստներին և նրանց երկրպագուներին՝ Հայաստանի տարբեր անկյուններում ստեղծելով բացառիկ երաժշտական փորձառություն։ ՔՈԱՖ-ի կողմից ստացված հասույթն ուղղվելու է հիմնադրամի սոցիալական ծրագրերին։


«Հորիզոն» փառատոնի մեկնարկը կտրվի օգոստոսի 2-ին Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանում։ Միջոցառման գլխավոր արտիստներն են հոլանդացի հայտնի պրոդյուսեր ու live կատարող Satori-ն, որի երաժշտությունը միավորում է ակուստիկ գործիքների բնական հնչողությունն ու մեղեդային էլեկտրոնային երաժշտությունը, շվեդ արտիստ Son of Son-ը (Great Blondino), որի ժանրային սահմանները հատող ստեղծագործությունները նրան միջազգային ճանաչում են բերել, եւ վրացի երաժիշտ Tamada-ն, որի կենդանի ելույթները համադրում են ազգային մշակութային ժառանգությունն ու ժամանակակից էլեկտրոնային երաժշտությունը՝ ստեղծելով ինքնատիպ և խորապես ներգրավող մթնոլորտ։

Փառատոնի երկրորդ միջոցառումը կկայանա օգոստոսի 22-ին՝ պատմական Գառնիի տաճարում, որտեղ ելույթ կունենա աշխարհահռչակ գերմանացի պրոդյուսեր և live էլեկտրոնային երաժշտության առաջատար ներկայացուցիչ Stephan Bodzin-ը։ 

Փառատոնը կեզրափակվի սեպտեմբերի 25-ին։ Այդ միջոցառման վայրը և արտիստների կազմը կհայտարարվեն առաջիկայում։

Տոմսերի, ծրագրի և լրացուցիչ տեղեկության համար կարող եք այցելել փառատոնի պաշտոնական կայք։ 

Կարդալ ավելին

Quality Sign BW