×


Վրեժ Քասունի

Վրեժ Քասունի

“ReAnimania”. մանյակային սեր անիմացիայի հանդեպ:) ReAnimania միջազգային անիմացիոն երկրորդ կինոփառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 9-ին: Bravo.am-ը արդեն պատմել է, որ Երեւանը հինգ օր կհյուրընկալի անիմացիայի միջազգային վարպետների, երիտասարդ անիմատորների ու տոն կպարգեւի անիմացիայի սիրահարներին: Կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն, 2D անիմացիոն ռեժիսոր, կինոբեմադրիչ, նկարիչ եւ երգիծանկարիչ Վրեժ Քասունին մեր կայքին “ReAnimania”-ի սիրտն է բացել :): Դեռ շատ մանրամասների կտեղեկացնենք: “ReAnimania”-ի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունի - Մինչ  “ReAnimania 2010”-ը “ճաշակելը”, կներկայացնե՞ք` ինչու միտք հղացավ երեւանյան նման փառատոն իրականացնել: -“ReAnimania”-ի միտքը հինգ տարուց ավել կար, բայց վերջին երեք տարիներին շատ գործնականորեն մոտեցանք, ծրագրավորեցինք ու ստացվեց: Շարժառիթները մի քանիսն են. առաջին հերթին մեզ ժառանգված անիմացիոն դպրոց ու մշակույթ ունենք: Անիմացիոն կինոփառատոնը կարող է այն հետեւողականորեն առաջ տանել, տարածել, հետաքրքրությունը մեծացնել: Պատճառներից մեկն էլ կադրերի աճն ու մեր անիմացիոն ասպարեզի վրա միջազգային ուշադրություն հրավիրելն է: - Ցանկացած փառատոնի պես “ReAnimania”-ի հիմքո՞ւմ էլ է բիզնեսը: - Այս փառատոնը միայն փուչիկներ պայթեցնելու համար չէ. գործնական ծրագիր է: Լավ կադրեր պատրաստենք, երկու տարվա ընթացքում երկու լավ սցենար ունենանք արտադրելու համար, արտադրենք, առնվազն երկու հարյուր մարդու աշխատատեղ կբացվի: Այդ ընթացքում եթե երկու նոր սցենար էլ բերվի, նշանակում է` երկու հարյուր աշխատող մշտական աշխատանքով է ապահովվում: Այո, սա ոչ միայն ցուցադրական շոու է, այլեւ հիմնականում բիզնեսի նպատակով է արվում: Օրինակ, եթե Չինաստանն ու Հնդկաստանը մեծ քանակության պատվերներ են տալիս, ինչո՞ւ չէ, Երեւանում արտադրամասեր ստեղծենք: Վրեժ Քասունի. “Այս փառատոնը միայն փուչիկներ պայթեցնելու համար չէ. գործնական ծրագիր է” - Իսկ արդյունքները ե՞րբ “կքաղեք”: - Իհարկե, սա մեկ օրվա ծրագիր չէ. 7-ից 10 տարվա հետեւողական աշխատանք է պետք, որ Հայաստանը հասնի դրան: Ունենք նկարիչներ, գրաֆիկ դիզայներներ, արվեստագետներ, ովքեր ավարտելուց հետո միայն դիզայնի, նորաձեւության մեջ են մնում, շատերը կան, որ անիմացիայով են ուզում զբաղվել, բայց քանի որ պահանջարկը քիչ է, չի ստացվում: Բիզնես պլանը, որ մենք ուզում ենք աշխատացնել, գուցե դրանով շատ շուտ հասնենք: - Այս տարի միջազգային անիմացիոն կինոփառատոնի երկրորդ հայտնությունն է: Ի՞նչ տեմպերով է զարգանում “ReAnimania”-ն: - Շատ լավ օրինակ ունենք. 7-րդ տարին անցկացվող “Ոսկե Ծիրանը” իր ուրույն տեղն է գրավում աշխարհի կինոփառատոնների շրջանակում, բայց հիմա պետք չէ, որ մենք էլ 7 տարի սպասենք. ժամանակները փոխվել են, փորձում ենք կտրել ճանապարհները, 7 տարին 2 դարձնել` հովանավորներ, աջակիցներ են պետք, մենք արդեն կայացել ենք, պահն է այդ ապրանքանիշի որակը պահել ու առաջնային լինելու գաղափարը չկորցնել: Մաքս Հովարդը այս տարեվերջին Հոլիվուդում փորձելու է “ReAnimania”-ին նվիրված երեկո-ընթրիք կազմակերպել: Հայկական անիմացիոն ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրություն կլինի, քննարկում: Նա ասում է` “Մետաքսի ճանապարհը” պետք է վերականգնվի անիմացիայի ասպարեզում: Վրեժ Քասունի. “Կինոփառատոնը երեւի կբացվի ֆրանսիական “Բելվիլի երեք կանայք” ֆիլմով” - “ReAnimania”-ի ճյուղավորումները կներկայացնե՞ք: - Փառատոնի հիմնադրման առաջին օրից ունենք ուսուցողական, կրթական կազմակերպություն հասկացությունը, երկրորդը, բնականաբար, ֆիլմերի ցուցադրությունն ու մրցութային ծրագիրն է, երրորդը` բիզնես ֆորումն է: Փառատոնի հիմնադրումն ու միջազգային հանրության ուշադրությունը մեզ վրա սեւեռելն էր, անցյալ տարի մոտ երեք օրվա փոքրիկ մաստեր-կլասերով սկսեցինք, վարպետության դասընթացներ ենք անցկացնում: Նախատեսում ենք 2011-ին մեր ուժերով, անձնական ռեսուրսներով 18-ից 25 տարեկան անիմացիայով հետաքրքրվողներին դասավանդել ու նոր կադրեր պատրաստել: - “Տաղանդների որս” եք հայտարարել, անիմատոր, կերպարներ ստեղծող, պատկերապատող կամ միջավայրի նկարիչ դառնալ ցանկացողները իրենց աշխատանքների պորտֆոլիոները արդեն ներկայացնո՞ւմ են: -Այո, բայց մենք ավելին ենք սպասում, որովհետեւ հենց ընտրվողներին, լավագույն պորտֆոլիո ունեցողներին 2011-ին պետք է սկսենք դասավանդել, առայժմ անվճար, հույսով, որ աջակիցներ կլինեն: Վրեժ Քասունի. “ReAnimania-2010”-ին Կասկադում 5 օր բացօթյա ցուցադրություններ ենք ունենալու” - Նախորդ տարի փառատոնի շրջանակներում “MarAni” (Market of Animation) ֆորումի մասին խոսվեց, նախատեսվում էր ստեղծել անիմատորների հանդիպման, քննարկումների, գաղափարների փոխանակման վայր: Այս տարի ֆորումի հետ կապված ի՞նչ աշխատանքներ են տարվում: - Մեզ հաջողվել է անիմացիոն ստուդիաներին ու ՏՏ-ընկերություններին համախմբել: Ինչո՞ւ: Որովհետեւ վերջիններս խաղեր, տարբեր ծրագրեր ստեղծելիս միշտ անիմացիա են օգտագործում եւ անիմատորների կարիք ունեն: Մենք “ReAnimania”-ի առաստաղի տակ, “ՄարԱնի”-ի հովանու ներքո ուզում ենք համախմբել այս երկուսին: Անցյալ տարի ընդամենը “MarAni”-ի միտքը քարոզեցինք, երկու-երեք տաղավար ունեցանք, սկիզբն էր դա, բնական, որովհետեւ նման բիզնես-պլատֆորմ չի եղել ոչ միայն Հայաստանում, այլեւ ընդհանրապես տարածաշրջանում: Եթե ճիշտ շարունակենք, կլինենք առաջինն ու նաեւ առաջատարը: Վրեժ Քասունի. “Կինոփառատոնը կարող է հետեւողականորեն առաջ տանել մեր անիմացիոն դպրոցը” - “MarAni”-ին ինչքանո՞վ է հետաքրքրել շահառուներին: - Հիմա հետաքրքրությունը մեծ է, համաձայնողներ ու մասնակցողներ կան: Յոթ անիմացիոն ստուդիա ունենք, արդեն հինգ-վեցը համաձայնել են մասնակցել, մոտ 20 ՏՏ-ընկերություն էլ է մասնակցելու: Պլատֆորմում քննարկվելու է` IT աշխարհը ի՞նչ կարող է տրամադրել եւ անիմացիոն ծրագրերը զարգացնել, տարածաշրջանային ու միջազգային շուկա մտնելը: Ինչպես նաեւ անիմացիայի հետ կապված ՏՏ աշխարհը ինչի՞ կարիք ունի, ինչպե՞ս կարող են սերտորեն համագործակցել: Այսօր աշխարհով մեկ խաղերի շուկան ամենաընդունվածն է, լուրջ պահանջարկ կա: “Իրանի արքայազնը” ֆիլմը իրականում 80-ականներին առաջին համակարգիչների հետ տարածվել է որպես փոքրիկ խաղ: Այդ խաղի հեղինակը երիտասարդ Ջորդան Մեքներն է, նա ժամանակի ընթացքում զարգացրեց իր խաղը` վերածելով 3D-ի: Երկու տարի առաջ Ֆրանսիայում բիզնես-ֆորումի ժամանակ հանդիպել էինք, հայտարարեց, որ “Ուոլթ Դիսնեյը” իր խաղի գաղափարը վերցրել է:  Այսօր “Մոսկվա” կինոթատրոնում էլ է ցուցադրվում: Մի փոքրիկ խաղի գաղափարով հասավ այն մակարդակի, որ ունեցավ կինո, խաղերի տարբեր սերիաներ ու մուլտֆիլմերի շարք: Դա ուզում ենք մեզ մոտ էլ տարածել ու վատ չենք զգում, որ այս պարագայում copy paste-ի գաղափարն ենք օգտագործում. լավ օրինակ է, ու զրոյից անիվ հնարելու փոխարեն վերցնում ենք գաղափարը, զարգացնում: Ռեսուրս ունենք. աշխարհում Հայաստանը ՏՏ ոլորտում ճանաչված է որպես լավագույն արտադրող եւ ուղեղներ ունեցող երկիր, անիմացիայի մեջ էլ պատմություն ու տաղանդ ունենք, ունեցել ենք անիմացիայի լավագույն դպրոցներից մեկը: Մեզ մնում է համախմբել ու ուրիշ բիզնես-պլատֆորմ ստեղծել, մեր երիտասարդների համար աշխատանքային տեղեր բացել եւ հնարավորություն տալ երկիրը լքելու փոխարեն այստեղ աշխատել հենց թեկուզ արտասահմանի պատվերով: Ցանկացած բիզնես պլանի կայանալուն առնվազն երեք տարի է պետք: “MarAni”-ն կունենա նաեւ “Անիտա Սամիթ” ֆորումը` անիմացիայի եւ IT-ի գագաթնաժողով, մասնակից ընկերությունները կլոր սեղանի շուրջ հանդիպելու ու բանակցելու են` ինչպես զարգացնել այդ ճյուղը, նոր ապրանքներ ստեղծել ու արտասահմանյան շուկայում վաճառել: Վրեժ Քասունի. “Մեզ հաջողվել է անիմացիոն ստուդիաներին ու ՏՏ-ընկերություններին համախմբել” - Մասնակիցները չե՞ն հետաքրքրվում` որն է իրենց շահը: - Այո, բայց ռեալիստ պետք է լինենք, մենք շուկա չենք բացում, որ այդ պահին ապրանք վաճառվի, մեր նպատակն է ծանոթացնել միմյանց, որ մենք հնարենք նոր բիզնես նախագծերի ելքերը, ոչ թե որ ամեն մեկը մի բան վաճառի ու շահույթով տուն գնա: Կատակում եմ` այս տարի ամեն մեկս հինգ պիցցա պակաս ուտենք, այստեղ ծախսենք, ներդրում անենք: Մանավանդ երիտասարդները հավանում են նախագիծը: Հնարավոր է հյուր ունենանք. հենց Ջորդան Մեքներն է ներկա լինելու, եթե, իհարկե, գրաֆիկը համընկնի: Այս տարածաշրջանում եւ Արեւելյան Եվրոպայից մինչեւ Չինաստան ուրիշ այսպիսի պլատֆորմ չկա: Դրա համար Եվրոպայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Ռուսաստանից մեր գործընկերները շատ են արձագանքում, հնարավոր է` միջազգային ստուդիաներ էլ ներկա լինեն: - Մաքս Հովարդը “ReAnimania”-ի միջազգային խորհրդի անդամն ու նախագահն է, ինչպե՞ս սկսվեց իր եւ երեւանյան անիմացիոն կինոփառատոնի համագործակցությունը: - Մաքսը նա է, ով տարիներով “Դիսնեյի” լիամետրաժ ֆիլմերի բաժնի նախագահն է եղել, անկախ պրոդյուսեր է, անիմացիայի աշխարհում ամենաճանաչվածներից մեկը: Կորեայից էր հրավեր ստացել, բայց ի պատիվ մեզ` հրաժարվեց դրանից ու առաջնահերթությունը տվեց ReAnimania-ին, որովհետեւ նախորդ տարի տեսավ` ինչքան լուրջ կազմակերպեցինք փառատոնը: Այս տարի կրկին գալիս է եւ լիամետրաժ ֆիլմերի արտադրության սցենարների հետ կապված մաստեր-կլասս է անցկացնելու: Իր ընկերներին էլ է հրավիրում, որ “ReAnimania”-ին մասնակցեն: Օրինակ` “Մադագասկար” ֆիլմի ռեժիսորի կարճամետրաժ ֆիլմը ստացել ենք մեր մրցութային ծրագրերի համար: Վրեժ Քասունի. “Նախատեսում ենք 2011-ին մեր ուժերով, անձնական ռեսուրսներով 18-ից 25 տարեկան անիմացիայով հետաքրքրվողներին դասավանդել ու նոր կադրեր պատրաստել” - “ReAnimania 2010”-ի ծրագիրը կներկայացնե՞ք: - Բացի հիմնական մասից, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում 5 օր բացօթյա ցուցադրություններ ենք ունենալու: Անցյալ տարվա փառատոնային ֆիլմերը, որ շատերը չեն տեսել, ռեժիսորների, հյուրերի թույլտվությամբ ցուցադրելու ենք երեկոյան 21:30-ից  մինչեւ ֆիլմի ավարտը: Բացօթյա ֆիլմերը երեխաների համար չեն: “Մոսկվա” կինոթատրոնի եւ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի տարածքում պատրաստվում ենք անիմացիայի առաջին տեխնիկան ցուցադրել: Մեծ չափերի է լինելու, այ սա դիտելու հրավիրում ենք  բոլոր երեխաներին: Մանկական ծրագրերի դիտումից բացի այդ գործիքը կտեսնեն, թե ինչպես են անիմացիոն նկարները կողք կողքի հավաքվում… - Որպես “ReAnimania”-ի մեկնարկային ֆիլմ “Պերսեպոլիսն” էր ընտրվել: Այս տարի ո՞ր ֆիլմն է փառատոնը բացելու: - Բացման ֆիլմի համար երկու տարբերակ ունենք: Այս տարի շեշտը ֆրանսիական ֆիլմերի վրա ենք դնում, երեւի “Բելվիլի երեք կանայք” ֆիլմը կլինի, Օսկարի ներկայացված ֆիլմ է: Ֆիլմերի առումով այս տարի բավական հարուստ ենք: Վրեժ Քասունի. “Մաքս Հովարդը այս տարեվերջին Հոլիվուդում փորձելու է “ReAnimania”-ին նվիրված երեկո-ընթրիք կազմակերպել” - Ձե՞ր գաղափարն է անիմացիոն կինոփառատոնը “ReAnimania” անվանել: - Այո, որ հեռվից նայում ես, գրությունը «Արմենիա» է հուշում, երկրորդ` 70-ամյակը նշելը կենդանացնել չէինք կոչի, կենդանի էր, Խորհրդային Միությունից հետո վերակենդանացնելը ամենաճիշտ բանն է: Նաեւ կա սեր անիմացիայի հանդեպ, մանիա վիճակը` անիմանիա: Սխալմամբ ռեանիմացիա էլ են ասում, բայց անիմացիայի սիրահարների իմաստով է: Զրուցեց  Լիլիթ Բաբայանը /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW