Գեղեցկուհու հայկական ընտանիքն ու իրեն չճանաչող համագյուղացիները Քիմ Քարդաշյանի արմատներին է անդրադարձել “Sun”-ը: Ամսագիրը ռեալիթի-շոուի 31-ամյա աստղին ներկայացրել է որպես Միացյալ Նահանգների ամենասկանդալային կերպարներից մեկի, որը հպարտությամբ խոսում է իր հայկական արմատների մասին: “Ես մեծացել եմ հայկական մշակույթի ազդեցության ներքո: Մշտապես լսել եմ հայրենիքիս մասին պատմություններ եւ նշել եմ հայկական տոները: Հայրս սովորեցրել է մեզ երբեք չմոռանալ, թե որտեղից ենք եկել”,- ասել է Քարդաշյանը: Քարդաշյանները, ամսագրի փոխանցմամբ, սերում են Արեւելյան Թուրքիայում գտնվող Կարակալե գյուղից, որը շատ մոտ է Հայաստանի ներկայիս սահմանին եւ ժամանակին էթնիկ հայկական գյուղ է եղել: Հոդվածի հեղինակը նշել է, որ Կարակալեի զարգացվածության մակարդակը ցածր է, բնակիչներն անբարեկեցիկ պայմաններում են ապրում: Նրանք չեն ճանաչում Քիմին. երբեք չեն լսել իրենց համագյուղացու մասին: “Sun”-ը Քարդաշյաններին նվիրված ծավալուն հոդվածում անդրադարձել է նաեւ 1915 թվականին Թուրքիայի արեւելյան հատվածում տեղի ունեցած Մեծ Եղեռնին` նշելով, որ “Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան թուրքերը հայերին բռնի կերպով արտաքսել են սիրիական անապատները, որի ընթացքում հազարավորները մահացել են, որոշներին էլ ստիպել են իսլամ ընդունել”: Իսկ Քիմ Քարդաշյանն այս տարեսկզբին գրել է` “ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ մինչեւ այս ոճրագործության հարցը չվճռվի, հայ ժողովուրդը կապրի իր ընտանիքների հետ տեղի ունեցած ցավով”: Քիմի նախապապը Կալիֆոռնիա է գաղթել, կարողացել է հաստատվել օտար երկրում եւ նույնիսկ բիզնես սկսել: Քիմի հայրը` Ռոբերտ Քարդաշյանը, մահացել է 2003 թվականին քաղցկեղից: Նա հայտնի իրավաբան է եղել, որը զբաղվել է հանրահայտ մարդկանց դատական գործերով: Գեղեցկուհու մայրը` Քրիսը, ամերիկուհի է: “Sun”-ը նշել է նաեւ` Քիմը հայտնի է դարձել իր մասնակցությամբ սեքսուալ բնույթի տեսանյութի շնորհիվ: Նա ժամանակին եղել է Փերիս Հիլթոնի մտերիմ ընկերուհին, իսկ ամուսնությունը բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ տեւել է ընդամենը 72 օր: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` TheSun
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: