«Պատահական չի լինում ոչ մի բան...» :)
Օրերս հեռուստաեթեր մուտք գործեց Քրիստինե Պեպելյանի «Պատահական չի լինում» երգի տեսահոլովակն ու ուրախացրեց երգչուհու երկրպագուներին: Երգի երաժշտության հեղինակը Քրիստինեի լավ ընկեր, երգահան Արամ Ավագյանն է, ով այն ստեղծել է դեռեւս 2005-ին. «Երբ առաջին անգամ լսեցի երգը, խոսքերը դեռ գրված չէին: Ես խնդրեցի Անիտա Հախվերդյանին խոսքեր գրել այն թեմայով, որ կյանքում ոչինչ պատահական չի լինում: Անիտան շատ ճիշտ ընկալեց իմ միտքն ու ստեղծեց այս գեղեցիկ խոսքերը»,- Bravo.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին:
Տեսահոլովակը նկարահանվեց երգի ստեղծումից 5 տարի անց: Ի սկզբանե որոշված էր, որ ռեժիսորը պետք է լինի Կարեն Ստեփանյանը, ով շոու-բիզնեսում հայտնի է «KS» անունով. «Ինձ համար (կարծում եմ, որ շատերը կկիսեն իմ կարծիքը) Կարենն ունի հիանալի աչք, կադրի լավ ճաշակ եւ հրաշալի օպերատոր է: Ես շատ գոհ եմ աշխատանքից: Հուսամ, որ մարդիկ եւս կսիրեն այն»: Ինչպես հայտնի է տեսահոլովակից, այն սցենարական գիծ չունի, իսկ առանձնահատկությունն այն է, որ երգչուհին կադրում չի երգում. «Երկու սիրող մարդիկ գտնում են միմյանց, ժամանակ անցկացնում, իսկ միառժամանակ հետո հանդիպում իրենց հուշերի տանը: Նման է փոքրիկ ֆիլմի: Ավարտում նշված չէ` տղան, ում սպասում եմ, գալիս է, թե ոչ, եւ դա շատերին է հետաքրքրում... եթե ինձ եք հարցնում` այո, գալիս է:)»:
«Ես երգում եմ այն ժամանակ, երբ ասելիք ունեմ»
Քրիստինեն ասում է, որ իր մյուս երգերի համեմատ այս երգը եւս բացառություն չէ. «Իմ երգերն իմ կյանքի մասին են, իմ պատմությունն են պատմում: Երգն ինձ համար արտահայտվելու ամենալավ ձեւն է. շատ բաներ կան, որ խոսքով չես կարող ասել, իսկ երգով կարողանում ես խոսքդ հասցնել այն մարդուն, ով դրա տերն է»: «Պատահական չի լինում» երգը եւս ունի իր հասցեատերը, սրանք ուղղակի խոսքեր չեն, երգը պատահական չէ եւ ունի իր ասելիքը. «Ես երգում եմ այն ժամանակ, երբ ասելիք ունեմ»:)
«Մեծ մասսաների հետ աշխատողներն իրենց տարբեր ոլորտներում փորձելու իրավունք ունեն»
Ամեն օր ուղիղ եթերից հայերին բարի լույս մաղթող Քրիստինե Պեպելյանը հեռուստատեսության մասին հիացմունքով է խոսում`ասելով, որ այն իր համար հիանալի աշխարհ է. «Ճիշտ է, իմ առաջնային, գլխավոր աշխատանքը երգն է, բեմը: Ես չեմ ուզում այն կապել հեռուստատեսության հետ. դրանք երկու տարբեր հետաքրքրություններ են ինձ համար: Ես շատ ուրախ եմ այս գործն անում, ինձ համար հաճելի է նոր մարդկանց հետ շփվելն ու նոր ընկերներ գտնելը»,- ասում է մեր զրուցակիցն ու հավելում, որ մեծ մասսաների հետ աշխատողներն իրենց տարբեր ոլորտներում փորձելու իրավունք ունեն: «Սա աշխարհում ընդունված չափանիշ է. դերասանը միայն դերասան չէ, երգիչը` երգիչ, լրագրողը` լրագրող, եւ այլն»:
Քրիստինեն կարծում է, որ քննադատությունները հաճախ տեղին չեն լինում. «Մարդիկ, ովքեր քննադատում են (խոսքս ինչ-որ չափով ճանաչված մարդկանց մասին է) իրենք էլ են իրենց փորձել, փորձում տարբեր բնագավառներում. ինչ-որ բան անելուց առաջ լավ կլինի հիշեն` իրենք ինչով են զբաղվել, հետո նոր անդրադառնան մարդկանց այս կամ այն գործունեությանը»:
Մեր զրուցակցի համար շատ կարեւոր է ժողովրդի գնահատականը. «Երբ ես եթերում չէի, շատերն էին ասում, որ կարոտել են ինձ: Հասարակ մարդիկ, որ բնավ կապ չունեն այս ամենի հետ, շատ ավելի ճիշտ են գնահատում...»: Հեռուստատեսությունում Քրիստինե Պեպելյանը շատ առաջարկներ է ստանում ֆիլմերի, սերիալների եւ այլնի վերաբերյալ, բայց «Բարի լույս հայեր»-ը առայժմ միակ ծրագիրն է համարում, որի համար պատրաստ է աշխատել:
«Հիմա ստեղծագործական բուռն շրջան եմ ապրում:)»
Քրիստինեն պատրաստվում է թողարկել ձայնասկավառակ, որը երկար ժամանակ չի եղել. «Ես առանձնապես չեմ նեղվել այն մտքից, որ երկար ժամանակ ձայնասկավառակ չեմ թողարկել: Կարծում եմ, որ դրա կարիքը չեմ ունեցել. փոխարենը եղել են առանձին երգեր, որոնք ես տվել եմ իմ երկրպագուներին»: Ձայնասկավառակը կլինի մինչ գարուն: Անվանումը դեռ պարզ չէ: Այն կախված է նրանից, թե ինչ շրջան կլինի երգչուհու կյանքում: Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ օրեր առաջ Քրիստինեն ձայնագրել է Անուշ Ալեքսանյանի «Սիրտը իմ» երգը, որը հնչել է «Համազգային աստղ» նախագծի շրջանակներում. «Անուշից եւ Գրիգոր Նազարյանից ստացա թույլտվություն ու ձայնագրեցի երգը, ինչի համար շատ ուրախ եմ: Երբ երգը պատրաստ լինի, կմտածենք նաեւ տեսահոլովակի մասին»:
Կան նաեւ համերգային հրավերներ Ռուսաստանի մի քանի քաղաքներից, Բեյրութից: Համերգային շրջագայություն կլինի նաեւ Հայաստանի մարզերում. «Հերթականությունը դեռ որոշում ենք: Կարող եմ ասել, որ հոկտեմբերի 8-ին կլինեմ Վանաձորում, իսկ մյուս համերգների մասին կաշխատեմ ինչ-որ կերպ տեղեկացնել»:
«Մինչ տարեւերջ կլինեմ նաեւ ԱՄՆ-ում, բայց ոչ համերգային ծրագրով...»
Ամիսներ առաջ, երբ Քրիստինե Պեպելյանը ԱՄՆ-ում էր, բազմաթիվ լուրեր տարածվեցին, որոնք պատմում էին, թե ինչու երգչուհին մեկնեց Նահանգներ: Խոսքը հասավ նրան, որ նա ամուսնության նպատակով էր այնտեղ:): Իրականում Պեպելյանն այնտեղ զբաղված էր «Բարի լույս հայեր»-ի աշխատանքներով. «USArmenia-ի շրջանակներում ես մոտ 30 հաղորդում պատրաստեցի: Ես էլ եմ լսել մի քանի շատ տարբեր պատճառների մասին, բայց ես այնտեղ միայն աշխատելու նպատակով էի: Անձնականի մասին չեմ ուզում ծավալվել, բայց եթե անկեղծ` դրանք չեն էլ եղել»:
Ի դեպ, անձնական կյանքի ներկա վիճակի մասին. «Ուզում եմ ասել, որ ես շատ ուրախ եմ ապրում այս շրջանը: Թե ով ինչպես կհասկանա իմ ուրախությունը, թողնում եմ իրենց, բայց եթե իմ անձնականի մասին ենք խոսում` ասեմ, որ ամեն ինչ հրաշալի է:)»: Իսկ առաջիկա փոփոխությունների մասին երգչուհին ասում է. «Իհարկե, կլինեն... լավ թե վատ, բայց անպայման կլինեն:)»:
Քրիստինեն մինչեւ տարեվերջ եւս մեկ անգամ կմեկնի ԱՄՆ: Այս անգամ երգչուհին կայցելի իր ընկերներին. «Հատկապես Արամ Ավագյանին. արդեն 8 տարի է, երբ ԱՄՆ եմ գնում, ապրում եմ իրենց տանը, շատ մոտ եմ իր ընտանիքի հետ, շատ սիրում եմ նրա բալիկին: Ի դեպ, նոյեմբերին ես Արամին սպասում եմ Երեւանում:)»:
Քրիստինեն ասում է, որ բախտավոր մարդ է, շատ է սիրում իր աշխատանքը, բեմը, հանդիսատեսին: Արտիստի ու իր համար կարեւոր է համարում հանդիսատեսի ներկայությունը. «Ամեն մարդ յուրովի է քեզ ընդունում. կան մարդիկ, որ անընդհատ ծափահարում են, հուզվում, ժպտում կամ արտասվում: Ես սիրում եմ իմ հանդիսատեսին, իմ երկրպագուներին...»:
Զրույցի վերջում երգչուհին խոսեց նաեւ Bravo.am-ի մասին. «Շնորհակալ եմ Ձեր ստեղծագործական ողջ թիմին, որ մշտապես իմ կողքին եք, իմ ջերմ բարեւները բոլորին:): Ես միշտ պատրաստ եմ իմ ամեն քայլի մասին ձեզ տեղյակ պահել եւ առաջին ինֆորմացիան տրամադրել Bravo.am-ին:)»:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Քրիստինե Պեպելյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: