×


«Օրը կգա, մարդիկ պատիվ կհամարեն աջակցել «Արցախ» նվագախմբին». Հասմիկ Պապյան

Արցախի կամերային նվագախմբի գրեթե 20-ամյա ընթացքն ընդհատվեց 2023-ին Արցախից բռնի տեղահանումից եւ էթնիկ զտումից հետո։ Երեւանում խմբի վերածննդի եւ նոր կյանք տալու գաղափարը անտարբեր չթողեց օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին եւ թավջութակահար, դիրիժոր Նարեկ Հախնազարյանին։ Արդեն գնահատելով անցած ճանապարհը՝ նրանք փաստում են՝ բարդ, բայց կարեւոր ընթացք էր։

«Հայաստանում այսօր նվագախմբի պակաս չկա, բայց ես չէի ուզի, որ Արցախի մասին որպես հուշ, հիշողություն խոսենք։ Սա է նաեւ նպատակը, թե ինչու եմ փորձել վերականգնել «Արցախ» նվագախումբը։ Չեմ հաշտվում Արցախի կորստի հետ։ Հույս ունեմ՝ մի օր գալու է այդ բաղձալի օրը, որ լինի վերադարձ։ Մշակույթի մարդու ցանկություն եւ նպատակ է, որից ավելին այս պահին չեմ կարող անել»,- ասաց նվագախմբի հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ համահիմնադիր Հասմիկ Պապյանը։


Արցախում նվագախումբը գործում էր 11 հոգանոց կազմով, բացը լրացնելու համար համերգների ժամանակ երաժիշտներ էին հրավիրվում Հայաստանից։ 2024 թ.-ի հոկտեմբերին Երեւանում լսումներ կազմակերպեցին, եւ նվագախմբի անդամների թիվը հասավ 25-ի։ Հենց այդ կազմով էլ ելույթ ունեցան «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

«Արցախ» կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Նարեկ Հախնազարյանը փաստում է՝ մարտահրավերները շատ են, բայց հաղթահարում են մեծ եռանդով: Այս համերգն էլ չափազանց կարեւոր էր այդ ճանապարհին, քանի որ նրանց հետ միեւնույն բեմում էր վիրտուոզ երաժիշտ Սերգեյ Խաչատրյանը։


«Մեր նպատակն է դառնալ միջազգային չափանիշներին համապատասխանող նվագախումբ, քանի որ հայերը մեծ ներուժ եւ տաղանդ ունեն։ Ակտիվ աշխատում ենք, եւ շատ մեծ տարբերություն կա մեր առաջին եւ այս համերգի միջեւ։ Անգամ հյուրախաղերի հրավերներ ենք ստացել։ Պատրաստվում ենք հանդես գալ Կանադայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում։ Կանադա հրավիրում են աշնանը, բայց խնդրել եմ հետաձգել հյուրախաղերը մինչեւ գարուն, որպեսզի ավելի լավ պատրաստվենք եւ ամբողջ ներուժով ներկայանանք»,- նշեց Նարեկ Հախնազարյանը:

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ու Սերգեյ Խաչատրյանը հաճախ են միասին նվագել Հայաստանում ու արտերկրում, սակայն սա արտիստների առաջին համագործակցությունն է դիրիժոր-մենակատար ձեւաչափով:


«Ինձ զանգահարեց Նարեկ Հախնազարյանը եւ հայտնեց նվագախմբի հետ ելույթ ունենալու գաղափարի մասին։ Իհարկե, որպես հայ երաժիշտ՝ շատ կարեւոր է աջակցել այդ գաղափարին։ Էլ ավելի կարեւոր է, որ արցախցի մեր հայրենակիցներին ենք աջակցում, որ կարողանան շարունակել իրենց գործունեությունը, լինել երաժշտություն մեջ»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը:

Անվանի ջութակահարը  հիշում է, որ տարիներ առաջ ընկերներով կամերային նվագախումբ էին ստեղծել եւ համերգներ ունեցել նաեւ Ստեփանակերտում։ Հետեւաբար, կարեւորում է, որ յուրաքանչյուր երաժիշտ աջակցի նվագախմբի վերածննդին։


Հասմիկ Պապյանն էլ կրկին շեշտեց՝ Հայաստանում նվագախմբերի պակաս չկա, խնդիրն Արցախի նվագախումբը պահպանելն է եւ հենց այդ անունով. «Օրը կգա, մարդիկ պատիվ կհամարեն օգտակար լինել, աջակցել «Արցախ» կամերային նվագախմբին»։

Նարեկ Հախնազարյանի խոսքով՝ նվագախմբի անունը խնդիրներ չի ստեղծել, փոքր-ինչ դժվարացրել է ֆինանսավորման հարցը. «Ֆինանսական շատ աղբյուրներ՝ լինեն պետական, մասնավոր, անվան պատճառով չեղարկում են ֆինանսավորումը»։  


Հախնազարյանը շեշտում է՝ խնդիրներն իրենց չեն վհատեցնում. արցախյան ժառանգության կրողը լինելու պատասխանատվություն են ստանձնել։

Իսկ երեկոյին հնչեցին Բարտոկի «Ռումինական ժողովրդական պարեր», Հարությունյանի «Կոնցերտ ջութակի եւ լարային նվագախմբի համար» (մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան), Միրզոյանի «Շուշանիկ» եւ Շոստակովիչի «Կամերային սիմֆոնիա դո մինոր», «Օպուս 110ա» ստեղծագործությունները:

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW