×


Գարեգգին. «Սեփական մշակույթի բացառիկությունն ի ցույց դնելու ժամանակն է»

Նկարիչ Գարեգին Հարությունյանն ապրիլին մասնակցել է Միլանի դիզայնի շաբաթվան ու այնտեղից վերադարձել մեծ տպավորություններով եւ ոգեշնչմամբ: Նա BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է ժամանակակից միտումների ու հայկական մշակույթի հետ դրանց կապի, իր ճարտարապետ պապիկից ստացած ժառանգության, Սերգեյ Փարաջանովին նվիրված իր նոր աշխատանքի եւ համագործակցությունների մասին:

- Գարեգին, ի՞նչ արվեստանոցում ենք հիմա գտնվում ու որքա՞ն ժամանակ է, որ այստեղ եք ստեղծագործում։

- «Գարեգգին» ստուդիայում ենք, որտեղ արդեն հինգ տարի է՝ ստեղծագործում ենք 12 արտիստների հետ, որոնք ժամանակակից արվեստի մասն են կազմում եւ մշակութային տարբեր գործունեություն ծավալում։ Այստեղ տարբեր սերունդների միջեւ մշակութային շփում է տեղի ունենում, ավելի կրտսեր սերնդի ներկայացուցիչները դասընթացների են մասնակցում եւ մեզ հետ ընկերություն անում։ Նրանք կտրվում են փողոցից ու արվեստի մեջ ներգրավվում։


- Եվ ի՞նչ եք կարողանում տալ մեր քաղաքին ու մշակույթին առհասարակ։

- Ինքս ճարտարապետի ընտանիքից եմ ու ինձ համար առաջնային է պահպանել մեզ հասած հայկական ժառանգությունը, այն ժամանակից ձեւով ներկայացնել ու փոխանցել նոր սերնդին։ Նաեւ կարեւոր է մուրալների՝ սթրիթ արտերի մեծ մասշտաբներով ստեղծումը։ Վերջերս Սարյան փողոցի վրա «Մայրություն» անունը կրող նմանատիպ մի աշխատանք արեցինք, որն իր մեջ տարազային եւ սյուրռեալիստական տարրեր է պարունակում:  

gareggin_


- Ապրիլին մասնակցել ենք Միլանում կայացած դիզայնի շաբաթվան, մի քիչ պատմեք Ձեր տպավորությունների ու այնտեղ ստացած ոգեշնչման մասին։

- Ինձ հատկապես երկու ինստալյացիա տպավորեց. մեկը Լա Պելոտա տարածքում Hermès-ի ցուցադրությունն էր, որը ստացվել էր թեթեւ ու գրեթե մեդիտատիվ: Ներկայացված էին տան տարատեսակ պարագաներ՝ ափսեներ, սափորներ, բայց ամենահետաքրքիրը մասշտաբային պատերն էին, որոնք գետնի հետ չէին հատվում՝ մոտ մեկ մետր բարձրության վրա էին ու ասեք կախված էին օդի մեջ։ Այդ մինիմալիստական մոտեցումը՝ առանց ավելորդ դեկորացիաների, օգնում էր կենտրոնանալ հենց առարկաների վրա։ Երբ մաքրում ես տարածքը, մտքերը նույնպես պարզվում են։ Ես էլ մինիմալիստական գործեր ունեմ, Միլանում էլ ավելի ոգեշնչվեցի ու շատ բաներ սովորեցի։

- Այս տարի այն ամենահագեցածներից էր ու 18 հարթակում 1650 միջոցառում տեղի ունեցավ: Քանիսի՞ն հասցրիք ներկա լինել։

- Ինձ առաջին հերթին զարմացրին այն հսկայական հերթերը, որոնք գոյացել էին տարբեր հարթակների դիմաց. մարդիկ 4-5 ժամ սպասում էին, որ կարողանան ներս մտնել։ Քանի որ այնտեղ հրավերով էի, միանգամից էի հայտնվում ներսում ու բավական շատ տեղերում հասցրի լինել։ Ես վրացի արտիստի հետ էի շրջում, ուղեկցող էլ ունեինք, իսկ ցուցասրահներում մեզ էին միանում եւս 20 երկրից ժամանած արտիստներ, ու միասին էինք մեր ուսումնասիրություններն անում։ Այդ տարածքներում հսկայական ծավալի հետաքրքիր ինֆորմացիա կար, որոնք բոլորն էլ ժամանակից մտածելակերպին էին առնչվում։ Երկրորդ ցուցադրությունը, որ ինձ շատ տպավորեց, Seletti-ի Curious X: Sensorium Piazza ժամանակակից էկրաններով ու գունային դետալներով հետաքրքիր ինստալյացիան էր։ Այնտեղ լրիվ այլ իրականություն էր տիրում՝ ինտերակտիվ, փոփոխվող, համարյա կենդանի։ Այդ տարածքն ասես շնչեր. ամենուր ռեակտիվ մակերեսներ, հոտեր, ձայներ ու լույսեր էին, ամեն ինչն արձագանքում էր մարդկանց ներկայությանը։ Այդ փորձառությունն ինձ հիշեցրեց, որ արվեստը երբեմն հենց հանդիպման պահն է՝ մարդու եւ տարածության, տեխնոլոգիայի եւ զգայության։ Հենց տեղում նկարում էին մարդկանց դեմքերի տարբեր մասերն ու այդ կոլաժները տպագրում պայուսակների վրա, որոնք տրամադրում էին այցելուներին։






- Կարո՞ղ եք ավելի մանրամասն պատմել Seletti-ի մասին։

- Seletti-ն 1964 թվականին հիմնադրված առաջամարտիկ դիզայնի ապրանքանիշ է, որը հայտնի է իր էկլեկտիկ եւ սահմանները խախտող մոտեցմամբ։ Նորարարությունը, արվեստը եւ ֆունկցիոնալությունը համատեղելով՝ Seletti-ն սովորական առարկաները վերածում է արտասովոր իրերի։ Կենտրոնանալով ստեղծագործականության եւ ոչ ավանդական մտածողության վրա՝ ապրանքանիշը դարձել է իտալական դիզայնի համաշխարհային խորհրդանիշ, որը ոգեշնչում եւ զարմացնում է՝ յուրաքանչյուր տարածք դարձնելով անմոռանալի։

- Անհնար է նման վայրերից առանց ոգեշնչման ու նոր մտքերի վերադառնալ։

- Արտիստների համար այդ վարպետների գործերն իսկական ոսկիներ են, պետք է ավելի շատ շրջագայել ու սովորել նման գործերից, հետո ինքդ էլ չես հասկանում, թե ինչպես ես սկսում մի քանի անգամ ավելի լավ ստեղծագործել։  Դիզայնի շաբաթվա ընթացքում էլ զգացի, որ հիմա շատ հարկի են պարզ մետաղային լուծումները, որոնց կարելի էր տեսնել անգամ բաժակների ու շշերի վրա, կամ պատերի վրայի կտավների համադրության մեջ։ Ինքս էլ եմ հիմա փորձում մետաղների հետ աշխատել, որովհետեւ դրանք հետաքրքիր են նայվում: Միլանից էլ շատ բաներ քաղեցի, որ միանշանակ կօգտագործեմ Հայաստանում։

Այժմ աշխատում եմ 3 խոշոր նախագծի վրա՝ առաջին երկուսը կապված են քաղաքային արվեստի հետ, իսկ մյուսի մասին դեռ չեմ կարող խոսել։


- Է՞լ որտեղ մարդիկ կարող են տեսնել Ձեր աշխատանքները։

- Երեւանում ցուցահանդեսներ եմ ունենում, պատրաստվում եմ եւս մեկն էլ կազմակերպել ամռան վերջերին, պարզապես գործերս շատ են ու չեմ հասցնում այդ մասին մտածել։ Ես վաղուց եմ կոլոբորացիաներ անում:

- Իսկ ինչպե՞ս կիմանան որ հենց Ձերն են՝ ստորագրությա՞մբ, որ թողնում եք դրանց վրա։

- Այո՝ յուղաներկով գործերի վրա «Gareggin» գրությամբ, իսկ փոփ արտերի վրա սեւ ու սպիտակ դեմքով տարբերանշան եմ թողնում։ Նաեւ տարբեր սկսված կտավներ եմ ստեղծում ու փակցնում քաղաքի տարբեր անկյուններում, դրանց կարող եք հանդիպել Թումանյան, Պուշկին փողոցներում եւ Մաշտոցի պողոտայում։

- Ձեզ բոլորը ճանաչում են որպես Գարեգգին։

- Ինձ երկար ժամանակ տանը Գարիկ են անվանել, բայց մտածեցի ներկայանալ իմ իսկական անվամբ։ Գարեգինը հայկական գեղեցիկ անուն է, մանավանդ մեծ գործեր արած Գարեգին Նժդեհ էլ ունենք: Քեռուս հետո որոշեցինք երկու գ-ով գրել, որ ավելի առանձնանամ։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW