×


“Արեւորդի”

“Արեւորդի”

Բնապահպանական չորսօրյակ:) Երեւանյան “Արեւորդի”-ն` Հարավային Կովկասում բնապահպանական միակ փառատոնն այսօր կավարտի իր չորսօրյա “շքերթը”:): Երկու տարին մեկ տեղի ունեցող փառատոնն այս տարի իրականացվել է 3-րդ անգամ: “Գտիր քո հետքը բնության մեջ’’ խորագրով “Արեւորդու” նպատակն է տոն կազմակերպել եւ հենց այդ միջոցով իրազեկել հասարակությանը բնապահպանական արդի խնդիրների մասին: Arevordi 2011-ի փառատոնի ծրագրի շրջանակներում ներկայացվել են ոչ միայն բնապահպանական ֆիլմեր շուրջ 30 երկրներից, այլ նաեւ կազմակերպվել են բնապահպանական արշավներ, միջոցառումներ, նախաձեռնություններ: Այս անգամ կազմակերպիչները փառատոնը նվիրել են վայրի բնության պահպանությանը: “Բնախույզներ’’ ծրագրի շրջանակներում երիտասարդ էքստրեմալները մեկնում են անտառներ` բնությանը ավելի մոտիկից ծանոթանալու եւ բնապահպանական խնդիրներին լուծում գտնելու համար: Փառատոնը նաեւ  մեծ ուշադրություն է դարձնում Երեւանի կենդանաբանական այգուն,  որն այս տարի նշում է հիմնադրման 70-ամյակը: Arevordi “Արեւորդի’’-ն մեկնարկել է հոկտեմբերի 14-ին արդեն ավանդույթ դարձած դիմակահանդես-շքերթով: Ազատության հրապարակում էր հավաքվել ավելի քան 500 մասնակից` երեխաներ եւ երիտասարդներ, ովքեր ներկայացնում էին մայրաքաղաքի եւ մարզերի կրթօջախները: Գույնզգույն հագուստներով ու կենդանիներին մարմնավորող մարդիկ Ազատության հրապարակից սկսեցին իրենց երթն ու Հյուսիսային պողոտայով հասան մինչեւ Հանրապետության հրապարակ: Նրանց վերջին կանգառը Շառլ Ազնավուրի հրապարակն էր: Էլ ի՞նչ քայլերթ առանց երաժիշտների:): Երթը գլխավորել են Գերմանիայի Բրեմեն քաղաքից փառատոնին հյուր եկած “Կոնֆուսաո’’ խմբի երաժիշտները: “Մոսկվա’’ կինոթատրոնի դահլիճում կայացել է փառատոնի բացման պաշտոնական արարողությունը: Նախ` մեծ էկրանի վրա ցուցադրվել է 2009-ին կայացած “Արեւորդի” փառատոնի մասին տեսաշար, այնուհետեւ ելույթ են  ունեցել “Արեւորդի’’ փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ու “ՎիվաՍել-ՄՏՍ’’ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Երեկոյի ընթացքում ցուցադրվել է նաեւ ֆրանսիացի հայտնի վավերագիր Պատրիկ Ռուսելի “Գրին’’ ֆիլմը, որ անդրադառնում է անտառահատումների պատճառով անօգնական մնացած կենդանիների արդիական խնդիրներին: Narek Փառատոնի շրջանակներում անցկացվել է նաեւ ֆիլմերի մրցութային ծրագիր` վայրի բնություն, բնապահպանական, մանկապատանեկան ֆիլմեր անվանակարգերում: “Արեւորդի’’ փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նշել էր, որ մոտ 6 հազար դպրոցական կայցելի փառատոնի շրջանակներում ներկայացված տարբեր ֆիլմերի ցուցադրություններին, որոնց կհետեւեն քննարկումները: Ի դեպ, ֆիլմերն այս տարի ցուցադրվել են նոր ձեւաչափով` ոչ միայն կինոթատրոններում, այլ նաեւ այգիներում եւ նույնիսկ փողոցում: Բացման արարողության պաշտոնական մասի ավարտից եւ ֆիլմի ցուցադրությունից հետո “Մոսկվա’’ կինոթատրոնի առջեւ տեղադրված բեմում փառատոնի հյուրերին եւ պարզապես երեւանցի ռոքասեր հասարակությանը իրենց ելույթով ողջունել է  “Բամբիռ’’ ռոք-բենդը: Ու չնայած անձրեւին, մարդիկ մինչեւ վերջ լսեցին հայկական սիրելի բենդերից մեկին: Իսկ ‘’Բամբիռ’’-ն իր հերթին կատարեց հայտնի ու սիրված սեփական հիթերը, ինչպես նաեւ նոր երգեր: Վերջում “էլի, Էլի’’ վանկարկումների ներքո բամբիռները վերադարձան բեմ ու եւս մեկ երգ նվիրեցին հավաքվածներին:): “Արեւորդի”-ն իրականացվում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ: “ՎիվաՍել-ՄՏՍ’’ ընկերությունը փառատոնի գլխավոր աջակիցն է: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW