Մոնա Լիզայի խորհրդավոր ժպիտը անտարբեր չի թողել ռեժիսոր, սցենարիստ, դերասան Թելման Առաքելյանին եւ պրոդյուսեր Քրիստինե Հովհաննիսյանին։ Այդ ժպիտի գաղտնիքը բացահայտելու գործում նրանց օգնության են հասել Թամարա Պետրոսյանը, Զառա Սահակյանը եւ Նվարդ Դուդուկչյանը: «Մոնա Լիզա» ներկայացման պրեմիերան երեկ էր՝ «Բոհեմ» թատրոնում:
Իրադարձությունները տեղի են ունենում թանգարանում, որտեղ Մոնա Լիզան եւ արվեստի այլ գործեր քննարկում են մարդկանց ընտանեկան կյանքն ու համեմատություններ անում։
«Ներկայացման հիմքում, իհարկե, սերն է: Ամեն պարագայում ու դարեր շարունակ մարդկությունն ամեն դժվարությունից հետո որոշում է ընտրել սերը։ Եվ, ի վերջո, հումորն է, որ մեզ հետապնդում է շատ վաղուց։ Ներկայացնում ենք սիրային եռանկյունի՝ թանգարանային միջավայրում ապրումների միջոցով: Պետք է ընդունել, որ կյանքում էլ բազմաթիվ իրավիճակներ, անկախ իրենց դրամատիզմից, հումորային են»,- նշեց ռեժիսորը՝ խոստովանելով, որ անհամբերությամբ սպասում էին ներկայացումը հանդիսատեսի դատին հանձնելուն։
Ժամուկես ընթացող իրադարձություններին հետեւող Մոնա Լիզայի դերում Նվարդ Դուդուկչյանն է։ Մեր հարցին, թե իրական կյանքում էլ է երկար ու լուռ հետեւում իրադարձություններին, նա պատասխանեց. «Միանշանակ: Միշտ Մոնա Լիզայի նման նայում եմ կյանքին ու հետո մտածում եմ՝ այ, պետք է ինչ-որ բան ասեի, խոսեի, բայց արդեն ուշ է լինում։ Հուսամ՝ նրա նման ճիշտ պահին ճիշտ արձագանք կկարողանամ տալ: Բեմում Մոնա Լիզայի կատարյալ նմանակման պետք չէ սպասել. բոլորս հասկանում ենք՝ դրա համար հարկավոր է Լեոնարդո դա Վինչիի ներկայությունը»։
Տոմա Պետրոսյանին եւ իր կերպար Արմինեին միավորում է հոգեբանության հանդեպ սերը: «Այս դերն ինձ հնարավորություն տվեց փորձել հասկանալ կնոջը, որն ընտրում է տղամարդու, որին ես իրականում երբեք չէի ընտրի։ Ի դեպ, Զառայի հետ երկար տարիներ հանդես ենք եկել տարբեր նախագծերում, բայց սա մեր առաջին համատեղ ներկայացումն է: Առաջնախաղը, որպես այդպիսին, մեզ համար փորձություն է, որպեսզի հանդիսատեսին էլ դարձնենք մեր ներկայացման մասնիկը, իսկ կատակերգությունում հանդիսատեսը դերասանին գրեթե հավասար մասնակցություն ունի»,- նշեց դերասանուհին:
Զառա Սահակյանի խոսքով՝ փորձերի ընթացքում մանր-մանր կառուցել են ներկայացումը. «Ինձ համար ամենաուշագրավն այն է, որ թեեւ բազմաթիվ են սիրային եռանկյունիների տարբեր մեկնաբանությունները, կարելի է հետաքրքրել հանդիսատեսին, թեեւ շատ բարդ է: Կարծում եմ՝ կարողացանք: Կերպարս շատ եմ սիրում: Սցենարիստի ընտրած վերջաբանին էլ կողմ եմ՝ քանի դեռ կյանքը հոսում է, սուտը միշտ կա»:
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: