Տոնակատարությունը` Սիրահարների այգում:) Մայիսի 21-ին Սիրահարների այգում հավաքվածները ողջունում էին միմյանց` շնորհավորելով Եվրոպայի օրը: Հենց այգում էր նշվում Հայաստանում Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությունը. փուչիկներ, դրոշակներ, տոնական տրամադրություն ու բազմաբնույթ միջոցառումներ: Չնայած երեւանյան անձրեւային եղանակին` տոնակատարությունը մեկնարկեց ուղիղ ժամը 16:00-ին` մինչեւ կեսգիշեր շարունակվելու պայմանով:): Մեկնարկը նշանավորվեց տեղեկատվական ցուցահանդեսով, որի ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության, բնապահպանության, կրթության եւ այլ բնագավառներում Եվրոպական Միության աջակցությամբ իրականացվող ծրագրերին: Հետո արդեն այգու ամեն անկյունում իրականացվող մշակութային ծրագրի շրջանակներում ներկայացվում էին եվրոպական երկրների մշակույթը եւ ավանդույթները: Հունացիներն ու շոտլանդացիները պարի վարպետության դասեր վարեցին, եւ մի քանի րոպե անց բեմի կողքին գտնվող հարթակը վերածվեց պարահրապարակի. երեւանցիները բավական շուտ յուրացրեցին եվրոպական պարերը:): Լեհական ավանդական զգեստով բարեհամբյուր տատիկը հետաքրքրվողներին լեհական ձեռագործություն էր սովորեցնում` Wycinanki: Ֆրանսիայից ժամանած թատերախումբն էլ բեմադրությամբ ու երգեցողությամբ հանդես եկավ: Էլ ի՞նչ տոն առանց մրցույթների:): Այցելուները մասնակցեցին խաղ-մրցույթի. միջոցառման վերջում հայտնի դարձան հարցերին ճիշտ պատասխանողների անունները: Եվրոպայի օրվա մասին պատմող` պրոֆեսիոնալ կամ սիրողական մակարդակով նկարահանված 2 րոպեանոց տեսանյութերի` ավելի վաղ հայտարարված մրցույթի հաղթող Լուսինեն էլ ստացավ իր iPad-ը:): Ուղիղ ժամը 20:00-ին սկսվեց ֆոլկ DJ երեկույթը. հնչում էր բալկանյան, հայկական եւ իտալական երաժշտություն` DJ-ների բիթերի եւ ժողովրդական գործիքների համադրությամբ: Երեւան էին ժամանել իտալացի հայտնի երաժիշտ Լուկա Ռոսսին եւ Կարմինե Սկիալլան: Նրանք ներկայացան հայկական “Miq’s Art Project”-ի հետ: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան նաեւ DJ Սերժոն եւ DJ Ռոբերտ Սոկոն, ով հանդիսանում է “Balkan Beats” երաժշտական ոճի հիմնադիրը: Ներկայացնում ենք Եվրոպայի օրը նշողների լուսանկարները, ինչպես նաեւ` մրցույթի հաղթող Լուսիենի տեսանյութը:): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: