Չարենցն ասում էր՝ հայերիս ուժը միասնականության մեջ է: Հիմա էլ շատ գործածական է: Ի՞նչն է խնդիրը, որ այդքան շատ ենք կրկնում այս արտահայտությունը. երեւի բանն այն է, որ միասնական չենք, կամ պակաս համախմբված ենք: Կարծում ենք՝ եթե հայ ենք, կապող շատ թելեր ունենք, բայց բոլորն իրենց ձեռքերում սուր մկրատ ունեն եւ այն հաճախ գործի են դնում: Այս մասին BRAVO.am-ը զրուցել է Կանադայի Ռիչմոնդ քաղաքի հայ համայնքի հոգեւոր հայր Տեր Գեղարդ Կարապետյանի հետ:
Համայնքը քաղաքական խմբերի եւ հայացքների պատճառով կարող է երկու կամ երեք մասի բաժանվել։ Բացի դա, համախմբվածությունը կապված է, թե մարդիկ որտեղից են եկել։ Նախկինում կապն ավելի խոր է եղել, հիմա մեղմացել է։
Միջին Արեւելքից եկողներ կան, Հայաստանից, Եվրոպայից էլ կան, բայց քիչ են։ Մարդիկ, ովքեր գալիս են, իրենց հետ բերում են իրենց տեղական սովորույթները։ Ինչպես Տեր Գեղարդն է ասում՝ «Համայնքը խաղաղ է, այո, բայց, դժբախտաբար, շատ անգամ միասնական չէ»։
Տեր Գեղարդ Կարապետյանը
Ըստ վերջին մարդահամարի տվյալների (2014թ․)՝ Բրիտանական Կոլումբիայի տարածքում բնակվող հայերի թիվը հասնում է 3000-ի, հիմա այլ թիվ կլինի։ Բայց եկեղեցում քիչ մարդկանց կտեսնես. քիչ են հատկապես երիտասարդները։
«Բոլորը նույն մշակույթի զավակներն են, բոլորն էլ հայ են, բայց երբ խոսքը տոների մասին է, այս պարագայում՝ Հայաստանի կամ հայ ժողովրդի տոների մասին, շատ անգամներ համայնքի բոլոր հայերը չէ, որ մասնակցում են, ինչո՞ւ, պատասխանը մի քիչ ծանր է, բայց իրականությունն այն է, որ չեն մասնակցում»,- նշում է Տեր Գեղարդ Կարապետյանը:
Ինքնության պահպանման մասին
Արդյո՞ք պատճառն այն է, որ չենք բացահայտել խորքերում թաքնված մեր ինքնությունը։ Տեր հայրն իր պատասխանն ունի՝ ասում է՝ ամենքս էլ, որ համայնքում էլ լինենք, ինքնության մասին մեր պաշարը պետք է ունենանք, եւ եթե չունենք, ապա, այո, պարզապես հայկական ծագում ունեցող, բարի, հայ, եւ վերջ:
«Ինքնությունը շատ-շատ խոր եւ զորավոր սկզբունք է, որ մարդիկ պետք է ունենան, իսկ եթե մարդիկ չեն դաստիարակվել այդ ուղղությամբ, ի՞նչ պիտի ունենան։ Հայաստանում այդպիսի մարդիկ կան, ես դա նկատել եմ, հետեւաբար, այդպիսի մարդիկ, որ արտասահման են գալիս, աստիճանաբար ձուլվում են, եթե ոչ իրենք, ապա՝ իրենց զավակները, եթե ոչ՝ թոռները հարյուր տոկոսով ձուլվում են, այլեւս այնտեղ ինքնության հարց չկա, եւ այս պարագայում ո՛չ հայաստանցի, ո՛չ արտասահմանցի. երկուսն էլ նույն վիճակի մեջ են»։
Եկեղեցի - մարդ կապի մասին
Շատ մեղադրանքներ կան եկեղեցու ուղղությամբ։ Ուիլիամ Հոլման Հանտի հայտնի նկարն այդ մտքի հակապատկերն է։ Նկարում Քրիստոսը պատրաստվում է թակել վաղուց չբացված դուռը, որը դրսից բռնակ չունի, հետեւաբար, պետք է բացվի ներսից:
«Երբ որ գալիս է պահը խոսելու, քննադատելու, ամեն մեկը դառնում է գիտնական, մասնագետ, բայց հետո իրենց խոսքը իրենք իսկ չեն հարգում, իրենք չեն անում։ Այստեղ հայկական դպրոց չունենք, միայն կիրակնօրա դպրոց ունենք եկեղեցում։ Սակայն առաջին եկեղեցին եւ առաջին դպրոցը տունն է։ Դու ես հայրը, դու ես մայրը, դու ես ուսուցիչը, դու ես հոգեւորականը քո տան մեջ»,- նշում է Տեր հայրը:
Տեր Գեղարդ Կարապետյանը
Ի՞նչ պետք է անել միասնականությունը, ազգային դիմագիծը չկորցնելու համար։ Շատերն անտարբեր են, թե ինչ կլինի, բայց կան մարդիկ, ովքեր պայքարում են, սակայն, ինչպես Տեր Գեղարդն է ասում՝ մի կաթիլը օվկիանոսի մեջ շատ քիչ է որեւէ բան փոխելու համար, համախմբվել է պետք.
«Ցանկությունը չի դառնում ձեռք, ուրեմն՝ օդի մեջ մնաց, էլ ծափ չկա։ Հետաքրքիր բան կա մեր եկեղեցու մեջ․ միշտ երգում ենք «Տեր, ողորմեա»-ի վերջին տունը, ուզում ենք՝ «Ազգիս հայոց՝ սեր, միություն», ինչո՞ւ ենք միշտ ուզում, որովհետեւ չունենք, դրա համար ուզում ենք դարեր, դարեր։ Նայի՛ր, այսօր ո՞ւր ենք. դեռ ուզում ենք, դեռ ուզում: Երկու ականջ ունենալու գլխավոր վտանգն այն է, որ մեկից մտնում, մյուսից դուրս է գալիս։ Եվ ինչպես ավետարանական խոսքն է ասում՝ անապատի մեջ որքան ուզես, գոռա, լսող չկա»:
Տեքստը՝ Անահիտ Ամիրխանյանի
Լուսանկարները՝ Տեր Գեղարդ Կարապետյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: