“Հաղթանակով ենք վերադառնալու Կիպրոսից” Հայաստանի ֆուտզալի առաջնության չեմպիոն “Էրեբունի”-ն այսօր մեկնել է Կիպրոս` մասնակցելու օգոստոսի 13-ից 21-ը կայանալիք ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը: Հայերը մրցելու են Ալբանիայի, Ֆրանսիայի եւ Կիպրոսի չեմպիոնների հետ. թիմն ընդգրկված է "G" խմբում: BRAVO.am-ը հետեւել է տղաների` խաղարկությունից առաջ վերջին մարզմանն ու զրուցել նրանց հետ:): “Տղաները լավ մարզավիճակում են: Նրանցից երկուսն ունեն թեթեւ վնասվածքներ, բայց արդեն վերականգնման փուլում են”,- ասաց “Էրեբունի” սպորտային ակումբի մենեջեր Արման Մանուկյանն ու հավելեց. “Տարիքային սահմանափակում չկա, թիմի հիմնական կազմը երիտասարդ է , բայց, երբեմն, օգնում է խաղացող 40 տարեկան մարզիչը”: Թիմի անդամների մեծ մասը սկսել է մեծ ֆուտբոլից, հետո տեղափոխվել ֆուտզալ: Նրանց խոսքերով` ֆուտզալը տարբերվում է ֆուտբոլից, “հարկավոր է ավելի արագ կողմնորոշվել եւ շատ մտածել:)”: Դարպասապահ Հարութը (Հարություն Հարությունյան) մանկուց ֆուտբոլ է պարապել, խաղացել է Երեւանի ու Մոսկվայի մանկապատանեկան ակումբներում. “2007 թվականին եղավ իմ նորամուտը ֆուտզալի “Էրեբունի” թիմ, այժմ թիմում սերնդափոխություն է եղել, եւ հիմնական կազմը պրոֆեսիոնալ է: Մենք ունենք նպատակ եւ համոզված ենք, որ հաղթանակած ենք վերադառնալու”: Ավիկը (Ավետիս Տոնելյան), ով ֆուտբոլ է խաղում 10 տարեկանից եւ երազում է հանդես գալ արտերկրի ֆուտզալի առաջատար ակումբներում, նշեց` բարձր տրամադրությամբ են մեկնելու Կիպրոս. “Մրցակից թիմերի խաղը դիտել եմ, ուժեղ են, բայց մենք մեր խաղը լավ գիտենք”: Հենրիկ Գրիգորյանն էլ վստահեցրեց, որ Կիպրոսում հանդես կգան ճիշտ այնպես, ինչպես 2009-ին Ավստրիայում, երբ հաղթանակ էին տարել իրենց խմբում ընդգրկված բոլոր թիմերի նկատմամբ: Տղաների կյանքում առաջնայինը ֆուտբոլն է, բայց ունեն նաեւ այլ հետաքրքրություններ: Օրինակ` դարպասապահ Հարությունը երգեր եւ սցենարներ է գրում: Նրա գրած սցենարի հիման վրա ֆիլմ է նկարահանվել, սակայն Հարությունը նախընտրեց համեստորեն լռել այդ մասին:): Իսկ Վահան Սարգսյանը, ով ֆուտբոլ պարապել է 6 տարեկանից, ունի իրավաբանի մասնագիտություն: Աշխարհում մոտ 30 տարվա պատմություն ունեցող ֆուտզալը վերջին 5 տարվա ընթացքում հաջողությամբ զարգանում է նաեւ Հայաստանում: Ֆուտզալ խաղում են դահլիճում. հակառակորդ թիմերն ունեն 5 հոգանոց կազմեր` դարպասապահ եւ 4 խաղացող, սակայն խաղի ընթացքում կարող են լինել անսահմանափակ թվով փոփոխություններ: Խաղն ընթանում է 20 րոպեանոց խաղակեսերով: Տեքստը` Մարիամ Մանոյանի/Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: