×


“Խաչագողի հիշատակարանը”

“Խաչագողի հիշատակարանը”

Րաֆֆու հանրահայտ վեպն արդեն էկրանավորված է Սեպտեմբերի 4-ին “Մոսկվա” կինոթատրոնում կայացավ  “Խաչագողի հիշատակարանը” գեղարվեստական ֆիլմի պրեմիերան` հեղինակների, դերասանների ու բազում ճանաչված հյուրերի մասնակցությամբ: “Խաչագողի հիշատակարանը” Րաֆֆու “Խաչագողի հիշատակարանը” հանրահայտ վեպն էկրանավորվել է Հանրային հեռուստաընկերության կողմից: Բեմադրող ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, սցենարի հեղինակը` Արտակ Արզումանյանը, երաժշտության հեղինակը` Հայկոն: Գլխավոր դերերում են` Սամվել Թոփալյանը (Մուրադ), Հրաչյա Հարությունյանը (քավոր Պետրոս), Նազենի Հովհաննիսյանը (Նենե), Խորեն Լեւոնյանը (Րաֆֆի), պրոդյուսերներն են Մամիկոն Չատինյանն ու Հրաչ Քեշիշյանը: Nazeni Hovhannisyan Ֆիլմին սեփական ռեժիսորական լուծումները տված Հրաչ Քեշիշյանն ասաց, որ նկարահանումներն ու մոնտաժային աշխատանքը տեւել են մեկ տարուց մի քիչ ավել. “Գործն ակտուալ է նաեւ այսօր: Կարեւորն այն չէ, թե ֆիլմը որքան է նման վեպին կամ ինչքանով է հեռացել, կարեւորն ասելիքն է: Բավականին շատ ենթատեքստեր կան, որ կարող են “կպնել” յուրաքանչյուր հայի սրտին: Միգուցե ֆիլմը տեսնելով փորձենք մեր սխալները հասկանալ ու մի քիչ ճիշտ ապրել”: Hrach Qeshishyan Ռեժիսորի համար ֆիլմը շատ սիրելի ու թանկ է, նա նշեց, որ որոշակի պատգամներ ու հաղորդագրություններ է փորձել փոխանցել հանդիսատեսին. “Իհարկե, շատ սիրելի է ինձ համար ֆիլմը, բայց իմ կարիերայի ու կյանքի ընթացքում դեռ շատ գործեր կփորձեմ անել”, - ասաց Հրաչ Քեշիշյանն ու ավելացրեց, որ դժվար թե “Խաչագողի հիշատակարանը” ֆիլմը փառատոնների ներկայացնի: Հրաչ Քեշիշյանը նշեց, որ ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանի մի քանի մարզերում, Բուխարա քաղաքում, Վրաստանում, Ռուսաստանում: Պարսիկներին մարմնավորող կերպարները եղել են ուզբեկներ, ռուսներին մարմնավորել են ռուս դերասանները: Լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն արկածային ժանրում է, հեռուստատեսային տարբերակը բաղկացած կլինի մի քանի  սերիայից։ Samvel Topalyan Դերասան Սամվել Թոփալյանը ֆիլմի գլխավոր դերակատարներից է. մարմնավորել է խաչագող Մուրադին: Դերասանի համար սա առաջին դերն է գեղարվեստական ֆիլմում. “Կերպարիս սիրել եմ ու հաճույքով եմ խաղացել, բայց իմ արած աշխատանքին գնահատական չեմ ուզում տալ, թող հանդիսատեսը դատի: Դերասանն իրեն ցանկացած դերում պիտի պատկերացնի, Մուրադն էլ տարիքային առումով հույսը չկորցնելու, միշտ դեպի արմատները նայելու, ոչ որպես խաչագող, որոշակիորեն նման է, ինքս էլ իմ խաղով բնավորության որոշ գծեր դրել եմ իմ մարմնավորած Մուրադի մեջ: Ամենակարեւորը` մասնագիտությանս մեջ որոշակի փորձառություն ձեռք բերեցի”: Hayko Քավոր Պետրոսին մարմնավորած Հրաչյա Հարությունյանը կարծում է, որ իր կերպարի մեջ խտացված են եւ բացասական, եւ դրական բնավորության գծեր. “Խաղալիս չեմ կենտրոնացել նրա բացասական լինելու վրա, որովհետեւ յուրաքանչյուրին որ հարցնենք, չի ասի, որ ինքը բացասական կերպար է, այսինքն` իր արդարացումներն ունի: Փորձել եմ մարմնավորել մի մարդու, որը համոզված էր իր արարքներում: Որպես մարդ շատ տեղերում հերոսի հետ համաձայն չեմ, բայց ինչ-որ տեղ հասկանում եմ նրան”: Artur Utmazyan & Hrachya Harutyunyan Հրաչյա Հարությունյանը նշեց, որ ուրախ կլինի, եթե ֆիլմը լավ ընդունելության արժանանա, բայց պատրաստ է լսել լավ ու վատ քննադատական խոսքեր. “Քննադատություն միշտ էլ լինում է, բայց կարեւորը տեղին խոսքեր ու մտքեր լինեն: Կարծում եմ` ավելի արդիական գործ դժվար կլինի գտնել, չնայած որ գրված է 200 տարի առաջ”: “Թողնել ընտանիքը անտեր, երկար ու ձիգ տարիներ թափառել աշխարհի մի ծայրից դեպի մյուսը, արծաթ որսալու համար չխնայել ամեն տեսակ անազնիվ միջոցներ. դա խաչագողի գործն է։ Խաչագողը մի գարշելի տիպ է։ Նա ավերված, փչացած, անբարոյականացած հասարակության հրեշավոր ծնունդն է։ Նա նեխած ջրի մրուրն է”, - այսպես է սկսվում ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորը վստահ է` “Խաչագողի հիշատակարանը” բավականին ծավալուն է աշխարհագրական բազմազանությամբ, մասսայական տեսարանների ու դերասանների քանակով. “Հուսով եմ` ֆիլմն իր նպատակին կծառայի, իսկ գլխավոր դատավորը ժամանակն է ու հանդիսատեսը”,- պրեմիերայից հետո ասաց Հրաչ Քեշիշյանը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ Հրաչ Քեշիշյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport