Մարտան, Արամը, Նարեն եւ մյուսները երգում են վարդապետի գործերը Երգի թատրոնի նոր սերնդի ութ ներկայացուցիչ՝ Մարտան, Արամը, Նարեն, Ռուսլանը, Միլենան, Ռոբերտը, Անուշիկը եւ Գրիգորը, միասին երգում են Կոմիտասի ստեղծագործությունները: 5-րդ սերնդի սաները կոչ են անում՝ “Առաջ դեպի անցյալ՝ դեպի Կոմիտաս”: Դեռ ամիսներ առաջ Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի որոշմամբ` սկսվել են համերգ-ներկայացման փորձերը: “Մոկաց Միրզա”-ով երեկոն բացել է Ռուսլանը, մյուս գործերը կատարում են եռաձայն, քառաձայն, նույնիսկ` ութաձայն: Արթուր Գրիգորյանի դաշնամուրային նվագակցությամբ` երիտասարդները երգում են ու անընդհատ շարժման մեջ են: Նրանք դահլիճում նստում են, կանգնում, քայլում. ամեն երգ բեմադրված է: 1 ժամ 20 րոպե տեւողությամբ համերգի ընթացքում հնչում են վարդապետի` “Շողեր ջան”, “Հով արեք”, “Էրվում եմ”, “Կռունկ”, “Խնկի ծառ”, “Գարուն ա” եւ այլ շատ ու շատ ստեղծագործություններ: Երգերը մեկնաբանվում են Արթուր Գրիգորյանի ոճով՝ ավելի էստրադային ու ջազային: Մինչ համերգ-ներկայացումը հանդիսատեսին մատուցելը` տեղի են ունեցել փակ դիտումներ, ավարտին էլ՝ փոքրիկ բանավեճեր, որի ընթացքում ներկաները հայտնել են իրենց տեսակետը, գովասանքի խոսքերն ու քննադատությունը: Երգիչ Սերգեյ Գրիգորյանի կարծիքով, ով ներկա էր երեկոյին, Կոմիտասն երիտասարդների շուրթերից լավ է հնչում. “Հպարտ եմ, որ Կոմիտաս ունենք, առավել եւս հպարտ եմ այն մարդկանց համար, ովքեր այս օրերին երգում են Կոմիտաս: Նա մեզ թողել է երաժշտական ճիշտ “կմախք”, որը տարբեր սերունդներ տարբեր կերպ կարող են մեկնաբանել ու երգել”: Հաղորդավար, երգիչ Սամվել Գրիգորյանն էլ, ում դուստրը՝ Նարեն, համերգի մասնակիցներից մեկն է, հետեւյալն է ասել. “Երանի թե յուրաքնչյուրիս օրվա մեկ ժամն անցներ նման տեսակի երաժշտության ներքո: Շատ ուրախ եմ, որ իմ աղջիկն էլ նման հրաշալի երաժշտության մեջ է հասունանում”: “Գեղեցիկ է հնչում, բայց Կոմիտաս չէ”. Անժելա Երիտասարդ երաժիշտ Անժելան այլ կարծիքի է. նրա հավաստմամբ՝ այն մարդիկ, ովքեր չեն լսել վարդապետի գործերը, սխալ կհասկանան ու չեն ճանաչի նրա իսկական երգերը. “Գեղեցիկ է հնչում, բայց Կոմիտաս չէ, շատ մելիզմներ են ավելացված: Եթե նա ցանկանար նվագակցությամբ ներկայացնել, կաներ այդպես: Նրա երաժշտության մեջ բացակայում է խրոմատիզմը, քանի որ հայկական լադերում նման բան չկա: Շատ ավելի մեծ հաճույքով կլսեի, եթե այս ութնյակը, որն արտակարգ ձայն ունի, երգեր մաքուր Կոմիտաս”: Արթուր Գրիգորյանն էլ հակադարձել է` նշելով, որ Կոմիտասի երգերն աստիճանաբար քիչ են կատարվում, պետք է լավը տեսնել. “Ցավոք, թաղումներին են ավելի շատ հնչում, բայց Կոմիտասն այնքան գունավոր է, այնքան ճիշտ: Տաթեւիկ Հովհաննիսյանն էլ երգում է Կոմիտաս այնքան ճիշտ, այնքան ջազային, որ որեւէ մեկն իրավունք չունի բան ասել: Ինչո՞ւ եք վախենում ասել, որ Կոմիտասը հումորով տղա էր, հերիք է սեւացնենք, ինքը մերն է”: Երգիչ Արսեն Սաֆարյանի եղբայրը՝ երաժիշտ Արթուր Սաֆարյանը, շատ է հավանել հատկապես “Կռունկ” երգի մեկնաբանությունը: “Անժելան այսքան երիտասարդ աղջիկ է ու այսպես “դոշ է տալիս” Կոմիտասի երաժշտության համար, ուղղակի հրաշալի է”,-ասել է նա ու ավելացրել. “Բայց աշխարհն առաջ է գնում, ակադեմիական Կոմիտասին շատերն իրենց տանը չեն լսում, բայց այս մատուցմամբ միգուցե ավելի հաճախ լսեն”: Այսուհետ ամեն ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին Երգի պետական թատրոնի փոքրիկ դահլիճում դու էլ կարող ես դիտել “Կոմիտաս. եկել եմ” խորագրով համերգ-ներկայացումը եւ ունկնդրել նոր սերնդի կատարումները:): Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: