Ովքե՞ր են մասնակցել բարեգործական ընթրիքին Երգիչ Արամոն, ջազմեն Լեւոն Մալխասյանը, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը բարեգործական փակ ընթրիքի ընթացքում իրենց կատարումներն են նվիրել երեկոյի հյուրերին: Գաֆեսճյան արվեստի կենտրոնի սրահում օրերս կայացել է “Հայաստանի մանուկներ հիմնադրամ”-ի երեւանյան ամենամյա բարեգործական ընթրիքը, որի ընթացքում ելույթ են ունեցել հիմնադրամի հովանավորյալ գյուղերի ու համայնքների երեխաները՝ երգել են, դաշնամուր նվագել, բեմական ներկայացում ցուցադրել: Բարեգործական ճաշկերույթի հյուրերի թվում են եղել “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կնոջ հետ, Րաֆֆի եւ Արմինե Հովհաննիսյանները, նկարիչ Արեւիկ Պետրոսյանը, երաժիշտ Մարինե Ալեսը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը կնոջ հետ եւ ուրիշներ: “COAF”-ի բարերարները, գործընկերներն արդեն երկրորդ տարին հավաքվում են՝ մասնակցելու նվիրատվությունների երեկոյին: Հիմնադրամն աշխատում է Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանի տասը եւ Արագածոտնի մարզի երկու գյուղական համայնքներում: “Ինձ պիտանի եւ գործունյա եմ զգում. Սառա Հիմնադրամի ծրագրերը ներկայացրել են աշակերտները` պատմելով, թե ինչ փոփոխություններ են կատարվել իրենց համայնքներում ու դպրոցներում: Քարակերտ գյուղից 17-ամյա Սառա Խոսրովյանն ամռանը գյուղատնտեսական ծրագրի շրջանակում մեկնել է Միացյալ Նահանգներ. “Հինգ հոգով եղանք տարբեր քաղաքներում: Այնտեղ ստացած գիտելիքները փորձում եմ այստեղ կիրառել: Հիմա ավելի հմուտ եմ բանավիճում, ինձ պիտանի ու գործունյա եմ զգում”: Դալարիկ գյուղի ակտիվ դպրոցական Գայանե Տոնոյանն էլ նշել է, որ սիրում է, երբ իրեն “COAF-իկ” են անվանում: Արամոն առաջին անգամ էր մասնակցում հիմնադրամի տոնական երեկոյին, իր երգացանկից կատարեց “Իմ յարո”-ն. “Ուղղակի ցնցված եմ, մենք աճող լավ սերունդ ունենք: Նրանց սահուն խոսքը, միտքը հրաշալի է, բրավո(BRAVO.am:))”: Արեւիկ Պետրոսյանի “Աղոթք” նկարով սկսվեց աճուրդը: Նկարիչը հույս հայտնեց, որ իր աշխատանքը հիմնադրամին եկամուտ կբերի. “Նկարում երեք իմաստ եմ ամփոփել՝ հավատքը, լեզուն եւ արվեստը”: Աճուրդը սկսվեց 500 դոլարով, ամենաբարձր թիվն առաջարկողը Ռալֆ Յիրիկյանն էր՝ 10 000 դոլար: Նա որոշեց գումարը նվիրատվություն անել եւ նկարը չվերցնել: Երեկոն վարող Ալիսա Քալանթարյանն առաջարկեց այն պահել եւ հետագայում կրկին աճուրդի հանել: Նշենք, որ նվիրատվությունների արդյունքում հավաքվել է 40 000 դոլար: “Հիմնական գումարը հավաքվում է նյույորքյան ընթրիքից”. Սերոբ Խաչատրյան “Հայաստանի մանուկներ հիմնադրամ”-ի հիմնական միջոցները հավաքվում են Միացյալ Նահանգներում կազմակերպվող բարեգործական ընթրիքից, որն անց է կացվում 2004 թվականից: Այս տարի այն տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Նյու Յորքի “Մետրոպոլիտեն” թանգարանում: Հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սերոբ Խաչատրյանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ ավելի լավ են նախապատրաստվել, հովանավորներն էլ ավելացել են. “Բազմաթիվ գործարարներ սոցիալական պատասխանատվության շրջանակում հիմա ավելի շատ են աջակցում բարեգործական ծրագրերին: Շուրջ 120 մարդ մասնակցում է այսօրվա ընթրիքին, ամեն մեկն իր հնարավորությունների չափով գումար է հանգանակում: Պետք է նշեմ, որ տարվա մեջ մեկ անգամ իրականացվող ընթրիքով մեր ծախսերի որոշ մասն է փակվում: Հիմնական գումարը հավաքվում է Նյու Յորքի ամենամյա ընթրիքից”: Կազմակերպության հիմնադիր եւ խորհրդի ատենապետ Կարո Արմենի փոխանցմամբ՝ սփյուռքահայերը հետաքրքրված են իրենց ծրագրերով, հայաստանցիները եւս սկսել են աջակցել հիմնադրամին. “Նյու Յորքի աշխատակիցները տեղյակ են այստեղի ծրագրերից, մեր գաղափարները ներկայացնում են բարերարներին, որոնք գումար են հանգանակում Հայաստանի ծրագրերն իրականացնելու համար: Մեր հույսն այն է, որ Հայաստանի հայերը ֆինանսապես զորանան ու օգնեն լուծելու գյուղերի խնդիրները”: Նշենք, որ ընթրիքի հաջորդ օրը՝ նոյեմբերի 11-ի առավոտյան, հիմնադրամի աշխատակիցները կազմակերպել են Մյասնիկյան համայնքի վերանորոգված դպրոցի բացումը, ուր սովորում է 600 աշակերտ: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: