×


“Մեկ քառակուսի մետր”

“Մեկ քառակուսի մետր”

Թատրոն առանց թատրոնի:) Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) նոյեմբերի 8-ին մեկնարկեց 5-րդ “Մեկ քառակուսի մետր” թատերական փառատոնը, որի առանձնահատկությունն այն է, որ հենց մեկ քառակուսի մետր բեմահարթակի վրա խաղում են դերասանները:  Փառատոնի կարգախոսն է “Թատրոն առանց թատրոնի”: 20 րոպեանոց մոնոներկայացումով փառատոնը բացեց ֆրանսուհի հեքիաթասաց, բեմադրիչ Լողելին Քյոնիգը` “Քամին” հեքիաթով. “Հենց ֆրանսերենով խաղացի, որովհետեւ իմ լեզվով եմ գրել ու այդպես ավելի ճիշտ կլիներ ներկայացնել: Այս տարվա ապրիլից ապրում եմ Երեւանում ու չգիտեմ` դեռ ինչքան կմնամ այստեղ: 2005-ին հիմնել եմ իմ կազմակերպությունը, որի հիմնական գործունեությունը կապված է Կովկասի հետ. ավանդական երաժշտության տարբեր դրսեւորումներն եմ ուսումնասիրում, նաեւ դասավանդում եմ Հայաստանում ու Վրաստանում”, - մենախաղից հետո պատմեց ֆրանսուհին: Լողելին Քյոնիգ Փառատոնի հիմնադիր-նախագահ Գագիկ Ղազարէն նշեց, որ մրցութային ծրագրի բոլոր ներկայացումները բեմադրված են 1 քառակուսի մետր տարածքով բեմի վրա, տեւողությունն էլ չի գերազանցում 45 րոպեն, իսկ ժանրային առումով որեւէ սահմանափակում չկա: Նրա խոսքով, փառատոնի պատմության ընթացքում 1 քառակուսի մետրի վրա եղել է ե՛ւ մնջախաղ, ե՛ւ 6 դերասաններից կազմված բեմադրություն. “Կան գործեր, որոնց հետ ես համաձայն չեմ, բայց չեմ հանդգնում փոփոխել ու իմ կարծիքը թելադրել: Բեմական մտածողությունը պետք է ազատության մեջ լինի: Մենք որեւէ պրոֆեսիոնալ դերասանի կամ սկսնակ բեմադրիչի հատուկ չենք հրավիրում, ամեն մեկն ինքնակամ որոշում է մասնակցել, սա էլ իրենց ազատության մեջ է մտնում”: Գագիկ Ղազարէն նկատեց, որ փառատոնին գրեթե չեն մասնակցում թատերական ինստիտուտի ուսանողները. “Հատկապես Թատերականի ուսանողները պետք է հետաքրքրված լինեին: Ցավոք, ակտիվ չեն, միայն մեկ ուսանող է այս տարի մասնակցում: Պաստառներն առաջինը փակցվել են իրենց շենքում, պետք է որ տեղեկացված լինեն: Հուսանք, ապագայում մեծ ակտիվությամբ կմասնացեն”: Gagik Ghazare Փառատոնի ժյուրիի կազմում են ֆրանսիացի Լողելին Քյոնիգը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, բեմադրիչ Արմեն Մեհրաբյանը, որոնք կշնորհեն 3 մրցանակ՝ “Լավագույն գրական հիմք”, “Լավագույն բեմադրիչ” եւ “Լավագույն դերասան” անվանակարգերում, իսկ փառատոնի գլխավոր մրցանակակրին քվեարկությամբ կընտրեն իրենք՝ մասնակից բեմադրիչները: Նշենք, որ փառատոնին մասնակցում են բեմադրիչներ Իրանից, ԱՄՆ-ից, Լեհաստանից ու Հայաստանից: Միացյալ Նահանգները ներկայացնող Սոնիա Պալասանյանը հանդես կգա “Ես եւ դու” ներկայացմամբ, լեհ գրող Յանուշ Լեւոնը հատուկ ծրագրում կներկայացնի իր “Արարատը գիտի” ստեղծագործությունը, իսկ իրանցի Ալի Անսարին` “Մարդը, որ գող չդարձավ” տրագիկոմեդիան: Փառատոնում այս տարի ընդգրկված է 15 ներկայացում, որոնցից 10-ը` մրցութային ծրագրում: Այն կտեւի մինչեւ նոյեմբերի 14-ը, ներկայացումների մուտքն ազատ է: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW