×


“Միհր”

“Միհր”

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է ամերիկյան փառատոնին “Միհր” թատերախումբն առաջին անգամ Հայաստանը ներկայացրել է Կալիֆոռնիայի միջազգային թատերական փառատոնին: Թատրոնի դերասաններն օրերս վերադարձել են լավ տպավորություններով ու համագործակցության նոր հրավերներով: Mihr “Միհր”-ը պարի, շարժման ու պլաստիկայի լեզվով փառատոնին ներկայացրել է “Կոմիտասի 10-ը պատվիրանները” եւ “Գույներ” բեմադրությունները. “Կազմակերպիչներն ամեն ինչ արեցին, որ չորս հոգանոց կազմով մեկնենք. ներդրեցին շատ գումար ու մարդկային ռեսուրսներ, որ առանց խնդիրների տեղ հասնենք: Մեծ պատիվ էր, որ մենք բացեցինք փառատոնը, նաեւ վարպետության մի քանի դասընթաց անցկացրինք”, - BRAVO.am-ի հետ զրույցում ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ դերասան Ցոլակ Մլքե-Գալստյանը: Նրա խոսքերով՝  երիտասարդ թատերախումբը Կալիֆոռնիա է մեկնել ԱՄՆ-ում գործող Հայկական դրամատիկական դերասանների միության ղեկավար Բիանկա Բագատուրյանի հրավերով: Նրանք ելույթ են ունեցել Լոս-Անջելես, Կալաբասաս եւ Վենտուրա քաղաքներում: Mihr Ինչպես նշեց Ցոլակը, փառատոնի կազմակերպիչներն առաջարկել են  “Միհր”-ի ներկայացման լուսանկարներն օգտագործել ցուցանակների համար. “Հնարավոր է՝ շուտով Լոս-Անջելեսի մեծ պաստառների վրա լինեն հայկական թատերախմբի նկարները: Նաեւ պրոդյուսերների հետ ծանոթանալու լավ առիթ էր: Արդեն հրավերներ ունենք Իտալիայից, Աֆրիկայից ու կրկին Միացյալ Նահանգներից”: Սեպտեմբերի 8-ից 18-ը Լոս-Անջելեսում 3-րդ անգամ անցկացվող փառատոնին մասնակցել են Ճապոնիայի, Իտալիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Բելառուսի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների, Կանադայի, Ֆրանսիայի ու այլ երկրների թատրոններ, թատերախմբեր եւ անհատ դերասաններ. “Ինձ շատ է դուր եկել ամերիկյան ներկայացումը, որը ներկայացնում էր սեւամորթ դերասան եւ ողջ ընթացքում ներկայացման տեքստը կարդում էր ռեպի ձեւով: Հետաքրքիր մոտեցում էր. դրամատիկ թատրոնը՝ ռեպի տեսքով”: Mihr Ցոլակ Մլքե-Գալստյանը ամերիկյան թատրոնով ու պրոֆեսիոնալիզմով տպավորվել է. “Չնայած մեզնից շատ առաջ չեն, ուղղակի պրոֆեսիոնալ են ու մեծ ֆինանսների են տիրապետում: Ամերիկյան թատրոնը փակ շուկա է, կենտրոնացած է շոուների ու մյուզիքլների վրա: Թատերական նոր ուղղություններ այնքան էլ չկան, բայց անհատների շնորհիվ լավ ստեղծագործական քայլեր են անում, ինչի շնորհիվ Ամերիկան ժամանակակից արվեստի մեջ առաջատարներից է”: Երիտասարդ թատերախմբի նպատակը արտերկրում ելույթներ ունենալն ու միջազգային բեմից Հայաստանը ներկայացնելն է. “Շատ կցանկանայինք ավելի հաճախ մասնակցել բարձրակարգ փառատոնների, աշխատել թատերական նախագծերում, բայց ոչ մի դեպքում չեմ համաձայնի մնալ ու ապրել արտերկրում: Իմ հայրենիքը շատ եմ սիրում, մեր արվեստը չենք պատրաստվում վաճառել ու հեռանալ Հայաստանից: Հաճախ ենք մեկնում, մասնակցում փառատոնների, բայց մշտական մնալու առաջարկները մերժում ենք:” “Միհր” թատրոնը հիմնել է Ցոլակ Մլքե-Գալստյանը իր քրոջ՝  Շողակաթ Մլքե-Գալստյանի հետ: Նրանք աշխատում են պլաստիկ թատրոնի ոճում: Այս տարի ներկայացումներով մեկնել են Բելգիա, Ռուսաստան եւ Բելառուս, առաջիկայում պատրաստվում են մասնակցել “Հայֆեստ” թատերական փառատոնին: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/ Լուսանկարները` “Միհր” թատրոնի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին