×


15-րդ «Արմմոնո»-ն եւ Նարինե Գրիգորյանի անկեղծ մոնոներկայացումը

«Արմմոնո» միջազգային հոբելյանական 15-րդ փառատոնն արդեն պատմություն է. վերջին 5 օրերի ընթացքում Երեւանի թատրոններում ցուցադրվում էին բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոօպերա: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս մասնակցում էին ոչ միայն հայ արտիստները, այլեւ հրավիրված դերասաններ ու թատերագետներ Իսպանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Վրաստանից։

Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը


Փառատոնի բացումը վստահված էր բեմադրիչ-դերասանուհի Նարինե Գրիգորյանին՝ «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացմամբ։ Հանդիսականների մի մասը՝ հուզված, մյուս մասն էլ հիացական խոսքերով էին դուրս գալիս դահլիճից։ Նարինեն 50 րոպե շարունակ անկեղծորեն պատմում էր Արցախում ու Հրազդանում անցկացրած իր մանկության մասին, պատերազմի հետեւանքների, ամեն կրակոցից ու ականի պայթյունից նկուղում թաքնվելու, հայրիկի գերության ու ազատվելու, ընտանիքի մյուս անդամների մասին։ Նա վերհիշում է, թե ինչպես է դպրոցում քարտեզի վրա երկրագնդի օվկիանոսները թվարկելիս Խաղաղ օվկիանոսն անվանել Խաղաղության. «Թող հնչի սխալ, բայց թող ամենամեծը լինի Խաղաղության օվկիանոսը»։

Նրա ճամպրուկում պատերազմ տեսած մարդկանց խտացված պատմությունն է։ Վավերագրական կադրերում Նարինեի հայրն է պատմում Արցախյան պատերազմի մասին։ Նարինե Գրիգորյանը տեքստը համահեղինակել է Սառա Նալբանդյանի հետ, բեմադրության հարցում նրան աջակցել են ամուսինը՝ Սերգեյ Թովմասյանը, Վիկտորյա Ռիեդոն եւ այլք։

Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը


«Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշել է, որ այս տարի փառատոնային ծրագրում ներառված էր 28 մոնոներկայացում, որոնցից 6-ը՝ դեբյուտային.«Երբ 15 տարի առաջ Հակոբ Ղազանչյանը հիմնադրում էր այս փառատոնը, շատերը մտածում էին` արդյոք այն կունենա երկար կյանք, բայց ժամանակը ցույց տվեց, որ փառատոնը եղել է, կա ու, հուսով ենք, որ կլինի։ Դժվար է բոլոր ներկայացումները դիտել, բայց հուսամ՝ յուրաքանչյուրը գոնե մեկ ներկայացում կհիշի մինչեւ հաջորդ «Արմմոնո»-ն»։

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը փառատոնի բացման արարողության ընթացքում Մարիաննա Մխիթարյանին ոսկե մեդալ հանձնեց։ Արթուր Պողոսյանի խոսքով՝ գուցե տպավորություն է ստեղծվում, որ նմանատիպ փառատոն կազմակերպելը ծախսատարությամբ կամ կազմակերպչական առումով հեշտ է, քանի որ մեկ դերասանի թատրոն է, սակայն իր բարդություններն ունի. «Դերասանը պետք է կարողանա ցույց տալ իր մասնագիտական վարպետությունն ու համոզել հանդիսատեսին։ Եվ այս 15 տարին ցույց տվեց, որ այդ հետաքրքրությունը կա. այսօր էլ «Արմմոնո»-ն մեր թատերասերների կողմից գնահատվում է»։

«Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը


Այս տարվա փառատոնի նշանակալի ներկայացումներից էին Ուկրաինայի ժողովրդական արտիստ, «Մարիա» փառատոնի տնօրեն Լարիսա Կադիրովայի «Լաց մի´ եղեք իմ ետեւից երբեք», Թբիլիսիի Ռուսթավելու անվան ազգային թատրոնի առաջատար դերասան Բեսո Զանգուրիի «Փսիխոզ 4.48» (բեմադրությունը՝ վրացի բեմադրիչ Ռոբերտ Ստուրուայի) եւ դերասան Դմիտրի Բոզինի «Արքա-աղջիկը» մոնոներկայացումները:

Փառատոնի պատվավոր հյուրերի թվում էին մոնոփառատոնի տնօրեններ Մարիա Տանանան (Լիտվա), Ալեքսանդր Կնիգան (Ուկրաինա), Մարիա Յուրեւան (ՌԴ) եւ Պատի Դոմենեխը (Իսպանիա), թատերագետներ Արմինե Հովհաննիսյանը (Ռուսաստան), Ելենա Լիոպոն (Բելառուս) եւ Ալլա Պոդլուժնայան (Ուկրաինա): Փառատոնի շրջանակում անցկացվեցին նաեւ վարպետության դասեր` նվիրված թատրոնի զարգացման նոր ուղղություններին:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW