×


150 րոպե Կոմիտաս՝ Հանրային ռադիոյի եռասկավառակ ալբոմում

Ամիսներ շարունակ Հանրային ռադիոյի վերազինված ստուդիայում ձայնագրվել են կոմիտասյան ստեղծագործություններ, որոնցից արված ծաղկաքաղը ներկայացվում է եռասկավառակ ալբոմով։ «Կոմիտաս 150 րոպե/տարի» ալբոմի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 11-ին` Ռադիոտան բակում։

Ընդհանուր առմամբ Հանրային ռադիոյի վերագործարկված ստուդիայում ձայնագրվել է 9 ժամ երաժշտություն,  որից ալբոմում ներառվել է խորհրդանշական 150 րոպեն՝ ի մեծարում Կոմիտասի 150-ամյակի։

«Կոմիտաս 150 րոպե/տարի» ալբոմի շնորհանդեսին


«Նախաձեռնության հայեցակարգի գլխավոր հատկանիշն այն է, որ Կոմիտասը ներկայացված է ոչ միայն բնագրային տեսքով, այլեւ ամբողջական  երաժշտական լանդշաֆտով։ Այսինքն՝  ինչպես Կոմիտասի բնագրային ստեղծագործությունները, այնպես էլ այն բոլոր ստեղծագործական  դրսեւորումները, որ ստեղծվել են տասնամյակների ընթացքում»,- պատմել է ծրագրի գլխավոր գիտական- գեղարվեստական խորհրդատու Վահան Արծրունին։

Նա նաեւ հույս է հայտնել, որ ձայնասկավառակը կնպաստի հետագայում նոր երաժշտական մոտեցումների ստեղծմանը։

«Կոմիտաս 150 րոպե/տարի» ալբոմի շնորհանդեսին


Նախագծի պրոդյուսեր Էդգար Ամիրխանյանը պատմել է, որ ալբոմի շապիկի համար  ընտրել են Կոմիտասի ավելի խրոխտ, քաղաքացիական կերպար։

«Երեք ձայնասկավառակների վրա պատկերված են խորհրդանիշներ՝ եկեղեցի, կռուն եւ ծիրանի ծառ։ Բնականաբար, յուրաքանչյուր սկավառակ սկսվում է այդ ստեղծագործություններով։ Սկավառակները տուփից հանելու դեպքում ստացվում է Կոմիտասի ստորագրությունը»,- մանրամասնել է նա։

Նախագծի պրոդյուսերի խոսքով՝ ձայնասկավառակը վաճառքի ենթակա չէ, այլ բաժանվելու է երաժշտական դպրոցներին, գրադարաններին, կրթօջախներին։ Այն ներառում է երաժշտական տարբեր ձեւաչափեր` մենակատարայինից երգչախմբային, ֆոլկլորայինից ջազային եւ փորձարարական։

«Կոմիտաս 150 րոպե/տարի» ալբոմի շնորհանդեսին


Ալբոմի շնորհանդեսի ընթացքում կոմիտասյան կատարումներով ելույթ ունեցան այն խմբերն ու մենակատարները, որոնք մասնակցել են ալբոմի ստեղծմանը։

Նախաձեռնողները նշում են, որ նախագիծը կշարունակվի նաեւ առաջիկա տարիներին՝ որպես հարգանքի տուրք հայոց մեծերի հիշատակին։

Տեքստը եւ լուսանկարները` Գայանե Ենոքյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport