×


21-րդ դարի թավջութակի դեսպան Գոտիե Կապյուսոնը` երեւանյան բեմում


«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշրջանի երրորդ համերգը նշանավորվեց ֆրանսիացի հանրահայտ թավջութակահար Գոտիե Կապյուսոնի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ ելույթով։ Համերգը տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։



Գոտիե Կապյուսոնի երեւանյան համերգին


«Փառատոնի նշանաբանն է Հայաստան հրավիրել նման մեգա-աստղերի, եւ Գոտիե Կապյուսոնը սիրով համաձայնեց։ Սա մեծ պատիվ է ինչպես մեզ, այնպես էլ նրա համար, քանի որ «Երեւանյան հեռանկարները» համաշխարհային ասպարեզում լավագույն փառատոններից է։ Կատարումներն ընտրել ենք համատեղ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, եւ հազվագյուտ է, որ հնչում է 2 կոնցերտ»,- BRAVO.am-ի հետ զրուցում նշել է փառատոնի նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը։


Գոտիե Կապյոսոնը հայ հանդիսատեսին ներկայացավ երկու կատարումներով։ Դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ թավջութակի դեսպանը կատարեց Չայկովսկու Ռոկոկո վարիացիաները եւ Սեն Սանսի թիվ 1 կոնցերտը։ Ծափողջույններն այնքան բուռն էին, որ երաժիշտը ստիպված էր մի քանի անգամ վերադառնալ ետնաբեմից՝ նորից խոնարհվելու եւ ծափահարությունները վայելելու համար։

Գոտիե Կապյուսոնը եւ Էդուարդ Թոփչյանը


Ընդմիջումից հետո Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեց Չայկովսկու թիվ 5 սիմֆոնիան 4 մասից։


Գոտիե Կապյուսոնին անվանում են 21-րդ դարի թավջութակի դեսպան։ Նա սպասված հյուր է Բեռլինի, Վիեննայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի, Սիդնեյի, Լոնդոնի, Մյունխենի, Փարիզի սիմֆոնիկ նվագախմբերում։ Թավջութակահարը մշտապես համագործակցում է աշխարհահռչակ դիրիժորներ Լիոնել Բրենգյեի, Սեմյոն Բիչկովի, Գուստավո Դուդամելի, Շառլ Դյուտուայի, Քրիստոֆ Էշենբախի, Անդրես Օրոսկո-Էստրադայի եւ այլոց հետ։

Գոտիե Կապյուսոնի երեւանյան համերգին



Հավելենք, որ «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի հաջորդ բացառիկ համերգը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Ելույթ կունենան Գրեմմի մրցանակակիր ալտահար Քիմ Քաշքաշյանը, հարվածային գործիքների հանրահայտ կատարող Ռոբին Շուլկովսկին եւ սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ որպես դաշնակահար։

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport