×


7 կանոն եւ 7 փաստ անալ սեքսի մասին

Անընդհատ հետաձգում էի անդրադարձն այս թեմային: Մարդիկ «նախամուսնական սեքս» հասկացությունից են հուզվում ու կորցնում իրենց: «Կունիլինգուս» անմեղ բառն է 30 հազար դիտում հավաքում մի քանի օրում: 50-ն անց անձանց մոտ «սեքսի ազատականացում» արտահայտությունը խաչակնքվելու մղում է առաջացնում: Էլ ինչ նյութ այլընտրանքային տարբերակի՝ անալ սեքսի մասին:  Բայց արի ու տես, որ հետնամուտքի վերաբերյալ հետաքրքրությունն ավելի շատ է, քան կպատկերացնեի: Նվազագույնը 4 դեպք ստիպեց ինձ դարակ առ դարակ տեղեկատվություն մշակել անալ սեքսի մասին:

Կանանց փակ խմբում եմ ներառված, որտեղ վերջերս հարց ձեւակերպվեց՝ «Աղջիկնե՛ր, ճի՞շտ է, որ անալ սեքսից առաջ պետք է հոգնա անել»: Հարցին չտրվեց ոչ մի գրագետ պատասխան. միայն ծաղրանք կամ զզվանք «այդ օրգանը միայն աղտոտելու համար է» ոլորտից:

Հայտնի փաստ է Հայաստանում անալ սեքսի ֆենոմենը՝ որպես կուսապահպան տարբերակ: Ըստ այդմ, չեն դադարում նամակների հոսքն ու խնդրանքներն անդրադառնալ այս թեմային, քանզի անալը տարբերակ է սեռական կյանք վարելու եւ միաժամանակ կույս մնալու:  

Հղիություն եւ սեքս թեմայից հետո բողոքական նամակներ ստացվեցին՝ «իսկ ինչո՞ւ չեք անդրադարձել հղիության ընթացքում անալ սեքսի ճակատագրին` կարելի է, չի կարելի, ինչպես է կարելի»:

Ծանոթ գինեկոլոգից լսեցի մի փառահեղ իրական դեպք չհղիացող զույգի մասին: Անպտղության կասկածով դիմած զույգին մի քանի հարց տալուց ու հետազոտելուց հետո պարզվել է, որ կինը կույս է, իսկ զույգն ամիսներ շարունակ անալ սեքս է փորձարկում ու անհամբեր սպասում հղիության:

Եվ ուրեմն, տիկնայք եւ պարոնայք, իմ կողմից արդարացիորեն կբարձրացվեն ամենահրատապ հարցերը, կտրվեն կանոններն ու տեղեկատվություն սեքսի այս տարատեսակի մասին: Նյարդերից թույլ մարդկանց խնդրվում է լքել հարթակը: Սկսենք կարեւոր փաստերից:

*Անալ սեքսի մասին ավելի շատ խոսում են, քան զբաղվում դրանով:

*Անալ սեքսում ընդունված է տարբերել ակտիվ եւ պասիվ զուգընկերների: Ակտիվը նա է, ով ներմուծում է իր անդամը կամ ֆալոպրոթեզը զուգընկերոջ անուսի մեջ: Պասիվը համապատասխանաբար ընդունող կողմն է:

*Անուսում (հետանցք) մեծ թվով նյարդաթելեր կան՝ կապված փոքր կոնքի մկանների հետ, այդ պատճառով էլ օրգազմի ժամանակ հետանցքը ռիթմիկ կրճատվում է արգանդի հետ: Անալ անցքը շրջապատում է 2 մկանային օղակ: Արտաքին մկանային օղը հնարավոր է կծկել ու թուլացնել սեփական կամքով: Իսկ ահա ներքին՝ 1-1,5սմ խորության վրա գտնվող օղը կառավարվում է նյարդային համակարգի ինքնավար հատվածի կողմից՝  կամքից անկախ:

*Առանց կանխավ պատրաստվածության հնարավոր չէ աշխատել ներքին օղակի հետ, քանի որ այն սեղմվում ու ցավ է պատճառում: Եթե ցանկություն կա անալ սեքս փորձարկելու, պետք է սովորել կառավարել այն:

*Առաջին անգամ անալ սեքսից հաճույք ստանալը գրեթե անհնար է կնոջ համար: Եթե ավելացնենք, որ տղամարդկանց մեծ մասը չի էլ դիտարկում նախապատրաստվելու անհրաժեշտությունը (հատուկ քսուքներ, փեթինգ), ապա ստացվում է, որ կանայք ընթացքից միայն ցավ ու անհարմարավետություն են զգում: Անալ սեքսը չի կարող հանպատրաստից լինել, սա ակնհայտ է: 

*Ցանկալի է հիշել, որ եթե մեծ քանակի սերմնանյութ է հայտնվում ուղիղ աղիքում, այն կարող է լուծի էֆեկտ առաջացնել:

*Ըստ ամերիկյան հետազոտությունների՝ կանանց ու տղամարդկանց 65%-ն ի վիճակի է իրական հաճույք ստանալ անալ սեքսից: Հետազոտության զեկավար Մարկ Զանդերի խոսքով՝ դրանք, որպես կանոն, այն մարդիկ են, ում դուր է գալիս հետանցքում ճնշման ու լցվածության զգացողությունը:

Ինչո՞ւ են տղամարդիկ սիրում անալ սեքս

Անուսի մկաններն անգամներով ավելի պիրկ են, եւ դա անսովոր հաճույք է պարգեւում: Տղամարդու համար գրավիչ է այն փաստը, որ սեքսի այս տեսակով կարելի է զբաղվել մենստրուալ ցիկլի ընթացքում, ինչպես նաեւ չանհանգստանալ անցանկալի հղիության մասին:

Եթե նա պոտենցիայի հետ կապված խնդիրներ ունի, անալ սեքսը կարող է որոշակի լուծում տալ դրան, քանի որ հետանցքի մկաններն ունակ են պինդ գրկել սեռանդամը գրգռման գրեթե կամայական աստիճանում:

Որո՞նք են անալ սեքսի կանոնները

1. Առնանդամն անցավ ներմուծելու համար անհրաժեշտ է քսուքի բավարար քանակ՝ վազելինի կամ լուբրիկանտի տեսքով: Պահպանակ օգտագործելու դեպքում անհրաժեշտ է ջրային հիմքով քսուք ընտրել լատեքսը չքայքայելու համար:

2. Անհրաժեշտ է սովորականից ավելի ամուր պահպանակ ընտրել՝ հատուկ նշումով: Չմոռանանք, որ պահպանակը խիստ անհրաժեշտ է նաեւ ինֆեկցիոն հիվանդություններից պաշտպանվելու համար:

3. Չի՛ կարելի վագինալ սեքսով զբաղվել անալից հետո՝ առանց պահպանակը փոխելու: Անուսի միկրոֆլորան անսովոր ու վտանգավոր միջավայր է հեշտոցի համար: Հետանցքում խաղաղ ապրող մանրէները, պահպանակի հետ ժամանելով վագինալ տարածք, վերածվում են ագրեսորների եւ քորն ու այրոցն անպակաս դարձնում կնոջ մոտ:

4. Եթե սեռանդամը չափազանց երկար է ու ցավ է պատճառում պասիվ զուգընկերոջը, անհրաժեշտ է մուտքը սահմանափակող հատուկ օղակներ օգտագործել:

5. Անալ մերձեցումից առաջ խորհուրդ է տրվում դատարկել աղիքները, անհրաժեշտության դեպքում նաեւ հոգնա անել:

6. Պետք չէ չարաշահել հոգնայի կիրառումը, քանի որ այն կարող է վնասել անուսի հյուսվածքները: Բացի այդ, հաճախակի հոգնան օրգանիզմի բնական ռիթմերի համար կոպիտ միջամտություն է ու կարող է փորկապություն առաջացնել: Այն նաեւ, այսպես ասած, լվանում-մաքրում է աղիների բնական միկրոֆլորան:

7. Սեքսի անալ տարբերակը հակացուցված է հղիներին, եւ այն անձանց, ովքեր հետանցքում ունեն գոյացություններ, ուռուցքներ, թութք ու ճաքեր:

Անալ սեքս եւ օրենսդրություն

Երկրների մեծ մասում սեքսի այս տարատեսակը ոչ մի կերպ չի առնչվում օրենսդրության հետ: Եվ այնուամենայնիվ, Ասիայի, Աֆրիկայի ու Ամերիկայի մի շարք երկրներում կան օրենքներ, որոնք սահմանափակում կամ արգելում են անալ սեքսի որոշ ձեւաչափեր:

*Գայանայում անալ սեքսի փորձի համար սպառնում է 10 տարվա, իսկ կատարված ակտի համար՝ ցմահ ազատազրկում:

*Ջամայկայում հոմոսեքսուալ սեռական ակտի համար տրվում է տասը տարվա ազատազրկում:

*Կանադայի օրենքն արգելում է անալ սեքսը 18-ը չլրացած անձանց հետ: Մինչդեռ, թույլատրված են սեռական ակտիվության այլ ձեւաչափեր՝ սկսած 14-ից:

Եվ վերջում՝  2 ոսկե դիտարկում

Ինչպես անալ սեքսի փորձառությունն առաջադիմության նշան չէ, այնպես էլ դրա բացակայությունը հետամնացության նշան չէ: Այն փորձարկում է սեքսուալ կյանքում, որը չի վերաբերում ոչ ոքի, բացի ձեր ընթացիկ սեքս-զուգընկերոջից: 

Սեքսի այս տեսակը կարող է բազմազանություն մտցնել ձեր սեքսուալ կյանքում՝ առանց զուգընկեր փոխելու, բայց այն չի կարող փոխարինել սեքսի դասական՝ վագինալ տարբերակին, որքան էլ փորձարկումը ձեր քիմքին… ավելի ճիշտ` անուսին հաճելի լինի:

Եթե այս ողջ տեղեկտավությունից հետո դեռ հոգու եւ մարմնի կորով ունեք անալ սեքսով զբաղվելու համար, ապա էլ ոչինչ չի փրկի ձեզ դրանից: Բարի ժամանց: 

Աուրա Ֆ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW