Քրիստինե Պեպելյանն աշխատանքային նորություններով լի տարի է խոստանում իր երկրպագուներին: BRAVO.am-ը երգչուհու հետ ամփոփել է նախորդ տարին՝ խոսելով սպասվելիք նորությունների մասին, եւ ոչ միայն:
«Ընտանիքս առողջ է, ընկերներս կողքիս են, աշխատանքային դադար չի եղել, էլ ի՞նչ է պետք տարին բարեհաջող բնորոշելու համար: Ակտիվ էի բոլոր բնագավառներում. Կոնսերվատորիայի իմ աշխատանքից գրեթե մի օր չեմ բացակայել, նոր երգեր եմ ձայնագրել, երկու տեսահոլովակ եմ ներակայացրել, համերգների եմ մասնակցել: Մի խոսքով՝ ամեն ինչ արել եմ բացի հանգստանալուց, ու հիմա հասկանում եմ, որ գերհոգնածություն է սկսվում, անհապաղ հանգստի մեկնել է պետք»,- ասել է նա:
Քրիստինե Պեպելյանը
Այս տարին էլ երգչուհին աշխատանքային նորություններով է սկսում. «Փետրվարի 8-ին՝ Սուրբ Սարգսի օրը, ակումբային համերգով կներկայանամ իմ հանդիսատեսին: Ծրագրի մեծ մասն արդեն պատրաստ է, ակտիվ փորձեր ենք անում, որ կարողանանք գեղեցիկ ներկայանալ հյուրերին: Կապ չունի համերգասրահի մեծությունը. եթե նույնիսկ հինգ հոգանոց սրահ լինի, ես նույն կերպ եմ նախապատրաստվում, փորձում եմ հնարավորինս լավ աշխատել՝ գոհացնող արդյունքի հասնելու համար: Այդ օրն էլ իմ նվագախմբի հետ եմ ելույթ ունենալու, ովքեր նույնպես ջանք չենք խնայում գեղեցիկ օր պարգեւելու համար: Երգացանկի ընտրությունն ամենաբարդ գործընթացն է, բենդի անդամներն ուրիշ երգեր են առաջարկում, ես՝ ուրիշ, մեկն ասում է՝ այս երգն է սիրում, մյուսը՝ մեկ այլ երգի է նախապատվություն տալիս, ու սկսվում է «կռիվը»: Համերգը մոտ երկու ժամ է տեւելու, հին ու սիրված երգերից բացի պրեմիերաներ էլ են սպասվում: Այնպես որ, հաճելի երեկոն երաշխավորված է»:
Նա այս տարի մեծ մենահամերգով ներկայանալու մտադրություն ունի.«Դեռ ոչ մի բան հստակեցված չէ, բայց եթե ամեն ինչ մեր ծրագրածով գնա, տարեվերջին դարձյալ կհանդիպենք»:
Քրիստինե Պեպելյանը՝ որդու հետ
Երգչուհու նոր՝ «Դու կաս» երգը նվիրված է երեխաներին.«Այն ես՝ իմ, վստահ եմ, բոլոր լսողներն էլ իրենց երեխաներին են նվիրելու: Անպայման տեսահոլովակ կունենա, այժմ սյուժեի շուրջ քննարկումներն են: Կարծիք կա, որ հերոսը տղաս լինի, ինչին ես մի փոքր դեմ եմ: Չեմ ցանկանում շատ խոսել ու հատկապես, տարածել նրա լուսանկարները: Չեմ ուզում՝ երբ մեծանա, ինձ մեղադրի իրեն հանրային կյանք մտցնելու մեջ: Թող ինքն ընտրի իր կյանքի ուղին. չեմ ուզում իր փոխարեն որոշումներ կայացնել»:
Տարեմուտը Քրիստինեի համար տարբերվող է եղել.«Առաջին տարին էր, որ վերարկուս հագիս, պայուսակս ուսիս, շամպայնի բաժակն էլ ձեռքիս չէի շտապում շնորհավորել տնեցիներին ու վազել աշխատանքի:): Տանն եմ եղել ու ընտանիքիս հետ գեղեցիկ օր անցկացրել: Արեգը քնած էր, շատ ակտիվ երեխա է, ու բոլորս էլ հոգնած էինք, շատ կամաց էինք միմյանց շնորհավորում ու բարեմաղթանքներ հղում, որ նա հանկարծ չարթնանա: Մեծ ու գեղեցիկ տոնածառ էինք դրել, որ մի լավ տանջվենք, անդադար հետեւում էինք, որ շուռ չտա ու մի փորձանքի չգա: Ձմեռ պապից այս անգամ հաջողվեց խուսափել, բայց մյուս տարի արդեն պետք է նամակ գրենք ու նվերների սպասենք»,- եզրափակել է նա:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ երգչուհու արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: