Երիտասարդ դերասաններ Մարիամ Ալեքսանյանն ու Գոռ Համբարձումյանը նոր ֆոտոշարք ունեն, որը տարբերվում է նախորդներից: Մարիամը լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին՝ խոսելով կյանքի այս փուլի եւ նորությունների մասին:
«Ժպիտը դեմքիս եւ գեղեցիկ հագուստով լուսանկարվել եւս սիրում եմ, բայց հույզեր առաջացնող լուսանկարներս ավելի մեծ հաջողություն են ունեցել: Արձագանքները շատ են եղել, դիտողին գրավել է հոգուս բաց լինելը, չէ՞ որ մարդիկ հաճախ ամաչում են արտասվելիս կամ բարձր ծիծաղելիս լուսանկարվել, երբ դիմախաղն ու կնճիռներն են երեւում»,-նշել է դերասանուհին:
Մարիամ Ալեքսանյանը եւ Գոռ Համբարձումյանը
Նա մտաբերել է ներկայացումներից մեկի համար արված լուսանկարը.«Իմ առաջին էմոցիոնալ լուսանկարն էր, որում ինքս ինձ չեմ ճանաչել: Ապրումներս երեւում են այդ լուսանկարում: Այն մեծ տարածում գտավ սոցցանցերում, նույնիսկ ոչ հայկական էջերում եմ տեսել»:
Դերասանուհին պարզաբանել է սիրելիի հետ նման լուսանկարներ ունենալու գաղափարը.«Մեր անցած ուղին եղել է բարդ, էմոցիոնալ, նաեւ դրական, սիրով լի: Այդ լուսանկարներին նայելիս կզգաք ատելություն, տխրություն, երջանկություն, սեր, բազմազան զգացմունքներ...»:
Խոսելով իրենց հարաբերությունների ներկա փուլի մասի՝ Մարիամն ասել է.«Փառք Աստծո, լավ փուլում ենք: Բոլորիս մեկ-մեկ խանգարում է մեր հուզական լինելը: Մարդիկ հաճախ չեն մտածում, որ մեկ րոպե անգամ լռելը, շունչ քաշելն ու նոր խոսելը կարող է շատ բան փոխել: Երբեք չենք մտածում, թե դիմացինին ինչ կտանք այդ բառերով, որովհետեւ եսասեր ենք, միայն մեր մասին ենք մտածում, ուզում ենք ասել եւ մեր ուսերից գցել բեռը: Չեմ ընդունում՝ երբ ասում են, թե շատ պարզ մարդ են, ինչ մտածում են, այն էլ ասում են: Չէ, պարզ մարդ չեն, ուղղակի անտակտ են, չգիտեն՝ ինչպես են վիրավորում մարդուն, նրա երազանքները մեկ վայրկյանում կոտրում: Մենք երբեք չենք մտածում դիմացինին վիրավորելուց առաջ՝ լինի ընկեր, թե ընկերուհի»:
Մարիամ Ալեքսանյանը եւ Գոռ Համբարձումյանը
Նա նաեւ նշել է, որ նվիրվող մարդ է, ինչն էլ երբեմն փոխադարձ չի լինում. «Կարող եմ շատ նվիրվել՝ շատ-շատ, բայց երբ զգում եմ՝ անշնորհակալ են, չեմ կարողանում ներել: Երբեք չեմ անում մի բան ինչ-որ ակնկալիքով, ի սրտե եմ անում: Բայց երբ օգնում ես, լավ վերաբերմունքի ես սպասում, ինչը սխալ է. երբեք պետք չէ սպասել, քանի որ անշնորհակալ մարդը երբեք շորհակալ չի լինի: Շնորհակալ պետք է լինել ամեն ինչի համար եւ բոլորին՝ ծնողներին, Աստծուն: Շնորհակալ լինել կողակցին անցած ուղու համար, որովհետեւ եթե միասին չանցնեք բարդ փուլը, լավը երբեք չի գա»:
Մարիամը սկսել է երեւույթներին այլ կերպ նայել.«Սկսել եմ այլ կերպ մտածել, շատ բաների թեթեւ եմ նայում: Գնում եք, շատ լավ, գնացեք: Ամեն մի մարդու իմ կյանքից ճանապարհելիս հասկանում եմ, որ այն մարդիկ, ովքեր չեն շարժվել իրենց տեղից, ես շատ ճիշտ ընտրություն եմ արել»:
Թեեւ դերասանուհին ատում է ձմեռը ու ուզում է քնել արջի պես, տարին լավ է սկսել. «Կարծես ցրտից ֆոբիա ունենամ: Բայց 2020-ի ձմեռը գունեղ ստացվեց. գնում եմ յոգայի, մարզասրահ, թատրոնում էլ մեծ հաճույքով ու սիրով եմ մասնակցում փորձերին»:
Մարիամ Ալեքսանյանը եւ Գոռ Համբարձումյանը
Առաջիկայում կմեկնարկեն «Դեպի ճամբար 2» նախագծի աշխատանքները, որում Մարիամն ընդգրկված է.«Առաջարկի համար շատ ուրախ եմ եւ շնորհակալ Գրիգոր Դանիելյանին եւ Գարիկ Սեփխանյանին: Սպասում եմ մեր ուրախ եւ տաք օրերին: Կարծում եմ՝ նկարահանումները կլինեն ամռանը, սցենարին ծանոթ չեմ, ուզում եմ հենց նկարահանման օրերին ծանոթանալ ու հասկանալ՝ ինչ է լինելու»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Նարեկ Արշակյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: