BRAVO.am-ն իր բլից զրույցների շրջանակում այս անգամ խոսել է Լուիզա Ղամբարյանի հետ: Դրամատիկական թատրոնի դերասանուհին խոստովանել է, որ հայտնի լինելն իրեն երբեմն կաշկանդում է: Նրա հետ զրուցել ենք նաեւ գործընկերների, մարմնավորած դերերի եւ սպասվող նորությունների մասին:
- Ձեր առաջին դերը:
- Առաջինը 1994 թվականին եմ խաղացել՝ իմ հարազատ Դրամատիկական թատրոնի բեմում: Ամանորի առթիվ բեմադրված ներկայացման մեջ արքայադստեր էի մարմնավորում:
- Ձեր դերերի մասին:
- Շատ տարբեր են՝ ինչպես կյանքն ու մարդիկ: Յուրաքանչյուրն ունի իր խառնվածքն ու ասելիքը: Կյանքիս յուրաքանչյուր շրջանում այլ կերպ եմ նայում խաղացածս դերին: Այս տարիքում չեմ կարող նույն կերպ մարմնավորել Ջուլիետին, ինչպես տասը տարի առաջ էի մարմնավորում:
- Ձեր առաջին բեմելը:
- Առաջին անգամ 10 տարեկանում եմ բեմ բարձրացել: Այդ ժամանակ Խնկո Ապոր գրադարանի թատերախմբի անդամներից էի, մեր խմբավարը Երվանդ Օտյանի պիեսների մոտիվներով գրական կոմպոզիցիա էր բեմադրել, որում ընդգրկված էի նաեւ ես:
Լուիզա Ղամբարյանը
- Ձեր խաղացանկում ո՞ր դերն եք ամենաշատը սիրում:
- Ամենասիրելի դերս Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրանը» ներկայացման մեջ Այծեմնիկի կերպարն է: Ցավոք, այն այլեւս իմ խաղացանկում չէ:
- Կա՞ կինոոլորտում մեկը, ով Ձեր կուռքն է:
- Կուռքեր առհասարակ չունեմ: Ինձ բախտ է վիճակվել ունենալ մեծանուն այնպիսի խաղընկերներ, ինչպիսիք են՝ Խորեն Աբրահամյանը, Վլադիմիր Մսրյանը, Արթուր Ութմազյանը եւ այլք: Այժմ էլ ժամանակակից լավագույն դերասանների հետ եմ հանդես գալիս նույն բեմում:
- Դերասաններից ո՞ւմ հետ կցանկանաք նույն բեմում կամ ֆիլմում խաղալ:
- Մերիլ Սթրիփի հետ մի խորքային ֆիլմում կցանկանայի հանդես գալ:
- Ձեզ համար ամենաթանկ մրցանակը:
- Լեփ-լեցուն դահլիճներն ու գնահատող հանդիսատեսի ծափահարություններն ամենամեծ մրցանակն են:
- Ոլորտում Ձեր հայտնի ընկերը:
- Իմ ամենամտերիմ ընկերուհին այս ոլորտից չէ: Բնագավառում էլ շատ լավ գործընկերներ ունեմ, որոնց հետ հիանալի հարաբերությունների մեջ եմ:
Լուիզա Ղամբարյանը
- Ոլորտում Ձեր խորհրդատուն ու քննադատը:
- Իմ ուսուցչի՝ Արմեն Խանդիկյանի խոսքն ինձ համար շատ ազդեցիկ ու ծանրակշիռ է:
- Քանի՞ տարի եք բեմում:
- Շուտով 25 տարի կլինի, ինչ բեմում եմ:
- Ի՞նչ տվեց Ձեզ հայտնիությունը:
- Իմ բնույթով հայտնի մարդու խառնվածք չունեմ: Չեմ սիրում, որ ինձ ճանաչում են: Մի փոքր քաշվում եմ ու չեմ կարողանում վայելել պահը: Հայտնիությունը սահմանափակում է իմ ազատությունը: Շատ պարտավորեցնող է, պետք է կարողանաս արդարացնել քեզ վստահող մարդկանց սպասելիքները:
- Առաջիկայում ի՞նչ նորություններ կներկայացնեք Ձեր հանդիսատեսին:
- Արդեն սկսվել է «Արմատներ» սերիալի ցուցադրությունը, որում ես նույնպես նկարահանվում ե մ: Դրամատիկական թատրոնում էլ նոր ներկայացման փորձերով ենք զբաղված. աշնանը պրեմիերա կունենանք:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Լուիզա Ղամբարյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: