×


Ջրծաղիկի պատմություն, կամ ինչպես է դիմավորել 2020-ը Լիլի Էլբակյանի ընտանիքը

Լիլի Էլբակյանի եւ Համո Ադիյանի ընտանիքում այս տարվա Ամանորն առանձնացել է: Դերասանուհու եւ փոքրիկ Էդգարի վատառողջ լինելու պատճառով նրանք ստիպված են եղել չեղարկել ճամփորդությունը: BRAVO.am-ի հետ զրույցում Լիլին պատմել է ջրծաղիկի դրական կողմերի, եթերում քիչ հայտնվելու պատճառի, թատրոնի նորությունների մասին:

Դուբայի փոխարեն Վրաստան

Այս Ամանորը շատ հետաքրքիր անցավ. ծիծաղելի իրավիճակում հայտնվեցինք: Որոշել էինք գնալ Դուբայ, բայց դիմավորեցինք տանն ու ջրծաղիկով հիվանդ: Տղաս հիվանդացավ, ես էլ վարակվեցի: Սպասում էինք նաեւ, որ աղջիկս կհիվանդանա, այդ պատճառով որոշեցինք Վրաստան գնալ: Եթե նույնիսկ Էլմին վարակված լիներ, կարող էինք վերադառնալ. հեռու չէինք: Ավտոմեքենայով գնացինք, լավ ժամանակ անցկացրինք, հետաքրքիր վայրերում եղանք:

Էդգարը


Ջրծաղիկի դրական կողմերը

Ամեն տարի Ամանորին շատ զբաղված եմ լինում, քանի որ մանկական տարբեր ներկայացումներ եմ բեմադրում: Ջրծաղիկն ուներ իր դրական կողմերը. բալիկներիս հետ զարդարեցինք տոնածառը, միասին ժամանակ անցկացրինք: Պետք է նաեւ փաստեմ, որ երեխաներիս քիչ ժամանակ չեմ հատկացնում. աշխատում եմ տանը լինել ավելի շատ, քան՝ աշխատանքի վայրում: Չգիտեմ` ինչպես, բայց ստացվում է: Ամուսինս ինձ չի սահմանափակում այդ հարցում, տանը ոչ մի խնդիր չի առաջանում, բայց աշխատում եմ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել բալիկներիս հետ: Չեմ ուզում՝ իմ պակասը զգան:

Ա՜խ, այդ նամակները

Ամանորի գիշերը Ձմեռ պապը մեզ հյուր եկավ: Մենք թխվածքաբլիթներ էինք պատրաստել, որոնք նա եւ Ձյունանուշիկը կերել էին ու նվերը շքամուտքում թողել: Բալիկներս նախօրոք նամակներ էին գրել. մի անգամ գցեցինք Խամաճիկների թատրոնի արկղի մեջ, մի անգամ էլ՝ ուրիշ թատրոնի: Այնքան էին ոգեւորվել նամակներով, որ ամեն օր գրում էին: Մենք ասացինք, որ Ձմեռ պապիկն այլեւս չի աշխատում, ու նոր նամակները տեղ չեն հասնի:

Էլմին


«Չեմ կարող»

Միշտ ընդունել եմ այն դերերը, որոնք ինձ դուր են եկել. ամեն դերի չեմ համաձայնել: 25 մասանոց հեռուստադրամաներում նկարահանվելու մի քանի առաջարկ եմ մերժել, հիմնականում բազմասերիանոց նախագծերում նկարահանվելուն չեմ համաձայնում: Ժամանակին շատ առաջարկներ եմ մերժել տարբեր պատճառներով: Հիմա առաջվա պես առաջարկները շատ չեն: Գուցե այնքան եմ մերժել, որ մարդիկ մտածում են՝ կրկին կմերժեմ, դրա համար չեն առաջարկում: Կարծում եմ՝ ավելի լավ է ընդհանրապես չնկարահանվել, քան հանդես գալ ծացրորակ նախագծերում՝ գումարի, ճանաչման համար: Ես ներգրավվում եմ այնպիսի նախագծերում, որոնք ինձ հաճույք կպարգեւեն: Չեմ կարող եթերում անընդհատ լինելու համար համաձայնել ամեն դերի:

«Թատրոնը խորն է»

Այս Ամանորին թատրոնում այնքան տոմսեր էին վաճառվել, որ նույնիսկ դերասանները զարմացել էին: Բոլորը մտածում էին՝ տոնական օրերին ոչ ոք չի գա: Թատրոնը հանդիսատեսի մեծ հոսք ունի: Կար նահանջի շրջան, բայց հիմա Խամաճիկների թատրոն այնքան մարդ է գալիս, որ չենք հասցնում փորձեր անել: Այսօր ինֆորմացիան շատացել է, ու մարդիկ իրականության սով ունեն: Ամեն ինչ ցուցադրական ու ակնթարթային է դարձել, իսկ թատրոնն այնքան իմաստավորված ու խոր երեւույթ է: Մարդը չի կարող անընդհատ արագ սնունդ ուտել. ստեղծագործ է ու արվեստի կարիք ունի: Ես երեխաներիս տանում եմ թե՛ թատրոն, թե՛ պատկերասրահ: Մտածում էի՝ չեն ընկալի, բայց այդպես չէ: Մեր հասարակությունն աստիճանաբար ավելի թատերասեր է դառնում:

Համո Ադիյանը եւ Լիլի Էլբակյանը


Նոր առաջարկների մասին

Նոր ներկայացումներում խաղալու առաջարկներ ունեմ: Համաձայնության արդեն եկել ենք, բայց փակագծերը չեմ ցանկանա բացել: Հանդես եմ գալու գլխավոր կերպարներից մեկում: Փորձերը դեռ չեն սկսվել: Այս պահին հեռուստատեսային նախագծերում նկարահանվելու առաջարկներ չկան: 10 տարի առաջ նկարահանվել էի «Չնչիկ» ֆիլմում, այն ինձ համար խորհրդանշական նշանակություն ունի (դերասանուհին ֆիլմի միջոցով ծանոթացել է ամուսնու` Համոյի հետ,-հեղ.): Այս տարի մեծ պրեմիերա է սպասվում. Խամաճիկների թատրոնում բեմադրում եմ «Համլետը»: Կարծում եմ՝ երկու ամսից կլինի առաջնախաղը:

Զրուցեց Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Լիլի Էլբակյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW