×


Նոր արկածներ եւ հետաքրքիր զարգացումներ. «Ընդմիշտ վատ տղաները» սպասված ֆիլմը ԿինոՊարկի էկրաններին է

Ուիլ Սմիթը եւ Մարտին Լոուրենսը վերադառնում են վատ տղաների կերպարներում: Ֆիլմաշարի երրորդ մասը, որին կինոդիտողներն ավելի քան տասը տարի է` սպասում էին, արդեն մեծ էկրաններին է: Երեւան Մոլի «ԿինոՊարկ» կինոթատրոնում երեկ «Ընդմիշտ վատ տղաները» կատակերգական մարտաֆիլմի փակ նախադիտումն էր, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է հյուրերին ու հետաքրքիր մանրամասներ պարզել նոր ֆիլմի մասին:

«Ընդմիշտ վատ տղաները» ֆիլմի պրեմիերան ԿինոՊարկում


2019 թվական: Խուզարկու Մարկուս Բերնեթը թողել է ծառայությունը Մայամիի ոստիկանությունում եւ զբաղվում է մասնավոր քննչական գործունեությամբ: Այդ ընթացքում Մայք Լոուրին փորձում է հաղթահարել միջին տարիքի ճգնաժամն ու վերջ տալ միայնակ կյանքին։ Բայց երբ մի ալբանացի վարձկան նրանց հետեւից որս է սկսում, «վատ տղաները» ստիպված են կրկին միավորվել:

113 րոպե տեւողությամբ նոր մարտաֆիլմի ռեժիսորներն են Ադիլ Էլ Արբին եւ Բիլալ Ֆալլան, որոնց գլխավորությամբ նկարահանումները մեկնարկել են 2019-ի հունվարին: «Sony» ընկերությունը, սակայն, ֆիլմի երրորդ մասը նկարահանելու մտադրության մասին հայտնել էր դեռեւս 2009 թվականին: ««Ընդմիշտ վատ տղաները» իսկապես շատ սպասված ֆիլմ էր նաեւ Հայաստանում: Ընդհանուր առմամբ՝ մոտ 17 տարի պահանջվեց, որպեսզի հայտնի ֆիլմի երրորդ մասը մեծ էկրաններ բարձրանա: Մենք էլ, ինչպես մյուս բոլոր պահանջված ֆիլմերը, որոշեցինք այն ցուցադրել նաեւ մեզ մոտ՝ «ԿինոՊարկ»-ում: Ինքս դիտել եմ ֆիլմաշարի նախորդ երկու մասերը եւ կարող եմ ասել, որ դրանք իմ ամենասիրելի ֆիլմերի տասնյակում են»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց ԿինոՊարկի տնօրեն Արեգ Դանիելյանը:

«Ընդմիշտ վատ տղաները» ֆիլմի պրեմիերան ԿինոՊարկում


Նոր արկածներ, թանկարժեք ավտոմեքենաներ, շքեղ ապրելակերպ, հետաքրքիր զարգացումներ եւ, իհարկե, հումոր, որ փրկում է յուրաքանչյուր բարդ իրավիճակում. «Ընդմիշտ վատ տղաները» հավատարիմ է մնացել իր բոլոր առանձնահատկություններին, որոնցով առաջին ֆիլմը հայտնի ու սիրված դարձավ ողջ աշխարհում դեռեւս 1995 թվականին: 2003-ին մեծ էկրաններ բարձրացավ երկրորդ «Վատ տղաները» եւ գերազանցեց նախորդ ֆիլմի բոլոր ցուցանիշները՝ չհիասթափեցնելով կինոսերներին: Այս պահին երրորդն էլ չի զիջում իր վարկանիշով եւ կինովարձույթում հավաքած եկամուտներով: Բայց հատկանշական է, որ «Sony» ընկերությունն արդեն հայտարարել է ֆիլմի չորրորդ մասը նկարահանելու իր մտադրության մասին:

«Ընդմիշտ վատ տղաները» ֆիլմի պրեմիերան ԿինոՊարկում


Ամերիկյան «The Hollywood Reporter» պարբերականը հայտնում է, որ «Ընդմիշտ վատ տղաները» ֆիլմի սցենարիստ Քրիս Բրեմները նոր սցենար կգրի չորրորդ մասի համար: Դեռեւս հայտնի չէ՝ արդյո՞ք նոր ֆիլմի ռեժիսորները կրկին կլինեն Ադիլ Էլ Արբին եւ Բիլալ Ֆալլան, բայց Ուիլ Սմիթը եւ Մարտին Լոուրենսը հաստատ կվերադառնան ու կշարունակեն իրենց խաղը հայտնի դերերում: Իսկ մինչ այդ բաց մի թողեք ֆիլմը կինոթատրոնում դիտելու հնարավորությունը, քանի դեռ «Ընդմիշտ վատ տղաները» ԿինոՊարկի մեծ էկրաններին է:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին