×


«Շրխկան պոեզիայի» հայկական դրսեւորումները

Հայաստանում օրերս առաջին անգամ անցկացվել է «Շրխկան պոեզիա» (Slam Poetry) նախագիծը, որը համատեղում է պոեզիան, պերֆորմանսը, մրցույթը եւ հանդիսատեսի մասնակցության տարրերը։ Անվան ծագումը կապված է պոետների՝ մեծ էներգիայով ելույթի ոճի եւ հանդիսականի՝ պոեզիան գովելու կամ տապալելու կարողության հետ:

Նախագծի համակարգող Զառա Գեւորգյանը, երբ ԱՄՆ-ում ծանոթանում է «Շրխկան պոեզիային», որոշում է Հայաստանում եւս նման ծրագիր անցկացնել․«Այս ձեւաչափն ինձ գրավեց, հուզեց, հասկացա՝ մեր հասարակության մեջ, մեր միջավայրում շատ պակասում է, եւ երբ վերադարձա Հայաստան, բոլորին պատմում էի։ Ուրախ եմ՝ գտնվեցին մարդիկ, որոնք այս խենթ գաղափարին աջակցեցին, եւ մենք այսօր կարող ենք ներկայացնել «Շրխկան պոեզիա․ Հայաստան» նախագիծը»։

Վահան Բադալյանը եւ Զառա Գեւորգյանը


Նախագիծը մեկնարկել է հոկտեմբերին․ բաց հայտագրմամբ հարյուրից ավելի դիմումներ են ընդունվել, որոնցից ընտրվել է քսան մասնակից։ Նրանք մի քանի ամսվա ընթացքում հատուկ դասընթացներ են անցել, որոնք վարում էին բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը, «Փոքր թատրոն»-ի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Վահան Բադալյանը, «Դոգմա» ռոք-խմբի երգչուհի Զառա Գեւորգյանը, գրողներ Արփի Ոսկանյանը եւ Հասմիկ Սիմոնյանը։

««Շրխկան պոեզիան» հնարավորություն է տալիս, որ պոեզիայի էլիտիստական պատկերացումները, հատկապես Հայաստանում՝ վեհացված, բարձր դարակում դրված, մի քիչ փոփոխվեն, գոնե այլընտրանքային պատկերացում լինի, որը պոեզիան ավելի կմոտեցնի կյանքին։ Ինձ համար կարեւոր է նաեւ, որ մենք էլ մոտենանք պոեզիային»,- իր խոսքում նշեց դասընթացավար Վիոլետ Գրիգորյանը։


ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Էրիկա Քինգը ներկաներին եւ մասնակիցիներին ողջունելուց հետո ընդգծեց․«Ես հպարտ եմ այս նախագծի համար երկու պատճառով․ առաջինը, որ մեր փոխանակման ծրագրերի շրջանավարտը եկավ դեսպանատուն՝ այս ծրագիրն անելու առաջարկությամբ, եւ երկրորդ պատճառն այն է, որ «Շրխկան պոեզիան» հնարավորություն է տալիս քեզ ազատագրվել եւ ինքնարտահայտվել, հատկապես երիտասարդներին։ Սա պոեզիա է մարդկանց համար՝ մարդկանց կողմից»։

Հայաստանում առաջին «Շրխկան պոեզիայի» հաղթող դարձավ Ստելլա Ավետիքյանը։


Slam Poetry-ի գաղափարը սկիզբ է առել Չիկագոյում՝ 1980-ականներին, երբ տեղացի բանաստեղծ եւ շինարար Մարկ Քելլի Սմիթը, համարելով, որ պոեզիայի ընթերցումներն ու, առհասարակ, պոեզիան կորցրել են իրենց նախկին իրական կիրքը, որոշեց պոեզիան վերադարձնել ժողովրդին: Նա ստեղծեց ամեն շաբաթ տեղի ուենցող պոեզիայի միջոցառումներ, որոնց ամեն ոք կարող էր մասնակցել: Պոետները ելույթ էին ունենում, որից հետո հանդիսատեսից պատահականորեն ընտրված ժյուրիի հինգ անդամ գնահատում էր: Մրցույթի վերջում ամենաբարձր միավորներ ստացած մասնակիցը հաղթող էր ճանաչվում: Չնայած՝ մի շարք պոետներ համարում են, որ «Շրխկան պոեզիայի» մրցակցային բնույթն անարդար է, իսկ պոեզիայի լեզուն` չափազանց ոչ ֆորմալ, այն դարձել է պոեզիայի ամենահասանելի ձեւերից մեկը: Poetry Slam-ը անցկացվում է ցանկացած վայրում՝ զբոսայգիներում, գրախանութներում, սրճարաններում ու բարերում:

BRAVO.am
Լուսանկարները՝ Վարդինե Ենգիբարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW