Ավետիս Խախամյանի եւ Մայա Պողոսյանի ընտանիքն ավելի քան 2 շաբաթ անց է կացրել Թաիլանդում: Սա ճամփորդասեր զույգի երկրորդ այցն է էկզոտիկ երկիր. ինչպես Մայան է նշել BRAVO.am-ի հետ զրույցում, առաջին անգամ տասը տարի առաջ են եղել այնտեղ:
«Ես եւ տղաս շատ ենք սիրում տաք, արեւադարձային վայրեր: Ակտի՞վ, թե՞ պասիվ հանգիստ կանցկացնենք, էական չէ, կարեւորը՝ վայրը տաք լինի: Ամանորն այնտեղ դիմավորեցինք: Ինձ համար նախընտրելի չէ տոները նշելուց հետո մեկնել հանգստի: Այդ դեպքում լարվածությունը, կազմակերպչական աշխատանքները կրկնապատկվում են, եւ ֆիզիկապես հոգնում եմ»,- ասել է նա եւ հավելել, որ իրենց որոշումը ճիշտ էր. երբեւիցե այդքան ուրախ Ամանոր չեն նշել արտերկրում:
Մայա Պողոսյանն՝ ամուսնու եւ որդու հետ
Նրա խոսքով՝ ճամփորդելիս սովորաբար մի քանի հյուրանոց են փոխում: Այդպես ավելի հետաքրքիր է անցնում: Այս ուղեւորությունն էլ բացառություն չի եղել, եւ սկզբում եղել են նույն հյուրանոցում, որտեղ 10 տարի առաջ էին հանգստացել:
«Գերմանացիների, ճապոնացիների, ռուսների եւ հայ մեկ զույգի հետ մինչեւ լուսաբաց նշեցինք Նոր տարին: Կեսգիշերին բոլորիս հրավիրեցին լողափ, որտեղ կոտրվեցին շամպայնի շշերը, լցվեցին բրգաձեւ դասավորված բաժակներն ու ազդարարվեց Նոր տարվա սկիզբը: Հրավառությունն ու կազմակերպված երեկոն աներեւակայելի շքեղ էին: Աշխատանքի բերումով եւ նաեւ բազմաթիվ ճամփորդությունների ժամանակ շատ գեղեցիկ միջոցառումների եմ ականատես եղել: Այդ առումով ինձ դժվար է զարմացնել, բայց այս մեկի դեպքում իսկապես հիացած եմ: Ներկաների երեկոյան զգեստներն ու դիմահարդարումն, իհարկե, զիջում էր հայկական ավանդական ճոխությանը, սակայն երեկոն անմոռանալի անցավ»,-նշել է Մայան:
Մայա Պողոսյանը
Հաջորդ վայրը, ուր ցանկանում է այցելել, Մարաքեշն է.«Նախատեսում էի իմ գործընկերուհի Աննայի հետ մեկնել, սակայն խորհուրդ չեն տալիս կանանց միայնակ ճամփորդել այնտեղ: Ասում են՝ հնարավոր է՝ փախցնեն: Այդքան էլ չեմ հավատում, որ նման բան կարող է լինել, բայց դեռեւս չենք իրականացրել այդ ճամփորդությունը: Վերջին շրջանում սերֆինգն է սկսել ինձ դուր գալ, իսկ Պորտուգալիան ամենագեղեցիկ ու հարմար վայրերից է այդ մարզաձեւի սիրահարների համար»,-ասել է նա:
Մայան սիրում է հանգստի ընթացքում գեղեցիկ լուսանկարներ անել եւ կիսվել սոցցանցերի իր էջերում: Սակայն եթե նախկինում իրեն դուր էր գալիս հենց լուսանկարվելու ընթացքը, այսօր արդեն իրավիճակը փոքր-ինչ այլ է. լուսանկարում է այն վայրերն ու պահերը, որոնք իր համար աներեւակայելի գեղեցիկ են: Համոզված է՝ լուսանկարների միջոցով ցույց է տալիս իր հոգեվիճակը, ինչպես նաեւ այն, թե ինչպես է տեսնում իրեն շրջապատող աշխարհը:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մայա Պողոսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: