×


Ամենահետաքրքիրը՝ Փարիզի նորաձեւության շաբաթից

Փարիզում նախորդ շաբաթ հիանալի եղանակ էր, ու նորաձեւության մայրաքաղաքում հավաքված գեղեցկուհիներին ոչինչ չխանգարեց հանդես գալ ողջ հմայքով: Փողոցներում, թանգարաններում ու սրճարաններում` ամենուր տիրում էր բարձր նորաձեւության շունչը: Աշխարհի լավագույն դիզայներներ Պիերպաոլո Պիչչոլին, Մարիա Գրացիա Կյուրին, Ժան Պոլ Գոտյեն, Վիրջինիա Վիարն ու մյուսներն առիթը բաց չթողեցին ցույց տալու, թե ինչ է պետք կրել գարուն-ամառ 2020-ին՝ անկրկնելի տեսք ունենալու համար:

47 տարվա պատմություն ունեցող փարիզյան շաբաթը

Փարիզի նորաձեւության շաբաթը համեմատաբար երիտասարդ է. անցկացվում է 1973 թվականից: Կազմակերպիչները Ֆրանսիայի Բարձր նորաձեւության ու Պրետ-ա-Պորտեի ֆեդերացիաներն են:

Փարիզյան շաբաթվա հագուստներն ավելի շատ ընկալվում են որպես արվեստի նմուշներ. ավանդաբար յուրաքանչյուր ցուցադրություն հստակ մտածված շոու է իրենից ներկայացնում: Իրենց հավաքածուներն են ցուցադրում ամենահին նորաձեւության տներն ու ամենահայտնի դիզայներները:


Փարիզի նորաձեւության շաբաթն աշխարհում անցկացվող 4 հիմնականներից՝ Լոնդոն, Նյու Յորք, Միլան, մեկն է ու տեղի է ունենում կես տարին մեկ: Այն հյուրընկալում է առեւտրային-ցուցադրական Լուվրի կարուսել համալիրը: Չնայած դրան, հատկապես վերջին տարիներին շատ դիզայներներ իրենց շոուների համար ընտրում են ամենաանհավանական ու գեղեցիկ վայրերը: Այս տարվա ցուցադրությունն էլ այդ առումով բացառիկ էր:

Գոտյեի հրաժեշտի շոուն

Ժան Պոլ Գոտյեն զարմացրեց իր երկրպագուներին ու նորաձեւության ողջ աշխարհին՝ ցուցադրությունից մի քանի օր առաջ հայտնելով, որ գարուն-ամառ 2020-ը վերջինն է լինելու իր կարիերայում: 50 տարի այս ոլորտում աշխատելուց հետո նա որոշել է հեռանալ:


Արդյունքում վերջին ցուցադրությունը վերածվեց իսկապես հնարամիտ, կախարդող ու գրավիչ տեսարանի եւ ամփոփեց բացառիկ դիզայների գործունեության կես դարը, որը լի էր երեւակայությամբ, հումորով, ուրախությամբ ու մարդասիրությամբ:

Գոտյեն Փարիզի Շատլե թատրոնում ներկայացրեց 200 կերպար`10-ն անգամ ավելի, քան 1976-ին իր առաջին ցուցադրության ժամանակ:

1976-ից սկսած՝ Գոտյեի ցուցադրություններին մասնակցել են բոլոր տարիքի, սեռի ու էթնիկ պատկանելիության մոդելները, քանի որ նրա աշխատանքներն արտացոլում էին փողոցում քայլող իրական մարդկանց, որոնք միշտ դիզայների ոգեշնչման ամենակարեւոր աղբյուրն են եղել:


Հենց նա է Մադոննայի համար 1990 թվականին Blonde Ambition շրջագայության համար պատրաստել հայտնի կրծկալը: Իսկ վերջին շոուի ժամանակ վարպետը հավաքել է այն ամենն, ինչ ստեղծել է ողջ գործունեության ընթացքում:

«Այս ցուցադրության նպատակն էր ցույց տալ, որ չկա մեկ ընդհանուր գեղեցկություն, այն միշտ տարբեր է»,- ասել է 67-ամյա դիզայները:

Գոտյեի վերջին շոուն խորհրդանշական կերպով է մեկնարկել. առաջինը պոդիումում հայտնվել է դագաղ, որի վրա ասես հագցրած է եղել նրա հայտնի կրծկալը, ապա դուրս է եկել մոդելը: Ցուցադրության առավել վառ պահերը տեսանյութում են:



Valentino-ի տարբերվող հավաքածուն

Պիերպաոլո Պիչչոլին այս անգամ կոտրեց իր մասին եղած կարծրատիպերն ու Փարիզում ներկայացրեց լիովին նոր ու տարբերվող հավաքածու: Կերպարներն ավելի խիստ էին ու անհամաչափ տեսք ունեին: Վերափոխում՝ սա էր դիզայների նոր ու անսպասելի մեթոդը:



Փարիզի Հաշմանդամների պալատում Valentino-ի ամենաերկար սպասված ու ազդեցիկ ցուցադրություններից էր: Ամբողջովին սպիտակ տարածության մեջ հյուրերին սպասում էին նեոնային կանաչ կրպակներ, հսկայական հայելի եւ քարտեր, որոնց վրա Պիչչոլին հուշումներ էր տվել հյուրերին:


Նա առաջարկում է բազմաշերտ զգեստները կրել լայն գոտիներով, որոնք ճապոնական օբի են հիշեցնում, ամենաանհավանական գույների կոստյումներն ու թափանցիկ բլուզներն էլ՝ խոշոր բանտերով: Պիչչոլին չի վախենում խաղալ կտորների հետ՝ նրանց տալով բարդ ու մոգական տեսք: Հերթական անգամ շոուի հյուրերը հիացած էին. այդ մասին էին վկայում նրանց բուռն ծափահարությունները, որոնք խլացրին շոուի ընթացքում հնչող երաժշտությունը:

Chanel-ի սիրո խոստովանությունը Փարիզին

Շանելի ցուցադրության ժամանակ դեկորացիաներն առանձին արվեստ են իրենցից ներկայացնում: Նորաձեւության տան նախորդ ցուցադրությունը հազարավոր գրքերի շուրջն էր, իսկ այս անգամ Վիրջինիա Վիարը բոլորին հրավիրեց զբոսնել Փարիզի տանիքներին:

Դիզայներն այդկերպ սեր էր խոստովանում քաղաքին ու նրա ճարտարապետությանը, դրա հետ մեկտեղ էլ ժամանակակից փարիզուհիներին, որոնց համար ավելի հեշտ կլինի շրջել աստղերի տակ կոմբինիզոններով, վառ կոստյումներով, ջինսերով ու կիսաթափանցիկ զգեստներով:


Լայն թեւեր, ընդգրկուն գոտիներ ու թափանցիկ կտորներ նաեւ այլ ցուցադրությունների ժամանակ են եղել, իսկ ահա Chanel-ի նոր թրենդը սպիտակ զուգագուլպաներն են, որոնք կրում էին բոլոր մոդելները:



McQueen-ի թիմային աշխատանքը

Alexander McQueen-ի ստեղծագործական տնօրեն Սառա Բերտոնը ցանկանում է, որ մարդիկ ժամանակ գտնեն ու հանդիպեն, միասին աշխատեն ու միավորվեն աշխարհի հետ:

Այդ միտքն էլ նա օգտագործել է նոր հավաքածուն ստեղծելիս, որը համախմբել է Alexander McQueen-ի ողջ անձնակազմին, ներառյալ՝ կադրերի բաժինը: Թիմային աշխատանքը հիանալի է ստացվել:


Ներկայացվել են անկրկնելի կաշվե զգեստներ, Վիկտորյական դարաշրջանի ոճով հագուստներ, սպիտակ ժանյակներն էլ կցված էին բաճկոններին ու կիսաշրջազգեստներին:

Givenchy-ի հսկայական գլխարկները

Jacquemus բրենդի հիմնադիր Սիմոն Պորտ Ժակմյուն արժանի մրցակից ունի. հիմա նրա գլխարկներն ամենամեծն ու յուրահատուկը չեն: Ֆրանսիացու հետ որոշել է մրցակցել ոչ այլ ոք, քան Givenchy-ի ստեղծագործական տնօրեն Քլեր Ուեյթ Քելլերը: Նա Փարիզում ցուցադրեց հսկայական գլխարկներ, որոնցից աչք կտրել պարզապես չէր լինում:

Բազմաշերտ ու կիսաթափանցիկ սկավառակները լրացնում էին մետրերով մետաքսն ու հազարավոր բյուրեղները, իսկ չափազանց փոքրիկ, ասես կենդանի ծաղիկներն էլ զարդարում էին զգեստները, որոնցով շատ շուտով Օսկարի մրցանակաբաշխությանը հայտնվելու է դերասանուհիների մեծ մասը:



Հատուկ ուշադրություն է պետք դարձնել սուպերմոդել Կայա Գերբերի ճերմակ կիսաթափանցիկ մետաքսե զգեստին: Մասնագետներն ասում են, որ այն 2020 թվականի կատարյալ հարսանեկան զգեստի լավագույն օրինակն է:

Կայսերական Մեքսիկան՝ Elie Saab-ի զգեստներում

Elie Saab-ի երեկոյան զգեստների ցուցադրությունն աննկարագրելի տպավորություն է թողել: Մեկ հավաքածուում ամփոփված են բարձր նորաձեւությանը հատուկ բոլոր տարրերը՝ շքեղ կտորներ, ձեռքի աշխատանքի անկրկնելի նմուշներ, որոնք պատված են հուլունքներով ու քարերով, խոր բացվածքով զգեստներ, մեծ ականջօղեր, թանկագին զարդեր ու ոսկեզօծ կոշիկներ:


Հավաքածուում գերակշռում են սպիտակ, մարմնագույն ու կարմիր գույները, օգտագործվել են նաեւ ոսկեզօծ երանգներ եւ նուրբ ասեղնագործություն: Գույների ու պատկերների համար ոգեշնչման աղբյուր է եղել կայսերական Մեքսիկան:

Elie Saab-ը Մեքսիկայի ու Եվրոպայի հարուստ պատմությունը կարողացել է միավորել է մեկ գեղեցիկ ցուցադրության մեջ:

Dior-ի ֆեմինիստական շոուն

Dior-ի ցուցադրությունը Ռոդենի թանգարանում էր, կազմակերպչական աշխատանքներով զբաղվել է նկարիչ Ջուդի Չիկագոն: Բեմի կենտրոնում «Ի՞նչ կլինի, եթե աշխարհը ղեկավարեն կանայք» արտահայտությունն էր. մի քանի տասնյակ պաստառներ հարցնում էին ներկաներին՝ արդյոք այդ դեպքում կանայք ու տղամարդիկ հավասար իրավունքներ կունենային ու աշխարհում բռնություն կլիներ…



Մոդելները հիշեցնում են հին հունական աստվածուհիներին՝ ոսկեգույն զգեստներով, բազմաշերտ կիսաշրջազգեստներով ու ասեղնագործ թիկնոցներով: Կերպարներն ամբողջացնում են մեծ զարդերը՝ ոսկեզօծ շղթաներ, օձանման ապարանջաններ ու կիսալուսնաձեւ ականջօղեր:


«Իմ կարծիքով՝ աստվածուհիներն ամենուր են՝ կյանքում, արվեստում, ինչո՞ւ ոչ, նաեւ նորաձեւությունում»,- ասել է Dior-ի ստեղծագործական տնօրեն Մարիա Գրացիա Կյուրին: Նա մեկ անգամ չէ, որ անդրադառնում է կանանց խնդիրներին:

Guo Pei-ի Հիմալայները

Փարիզի նորաձեւության շաբաթվա եզրափակիչ ցուցադրություններից էր Guo Pei-ի երեկոն, որը հյուրընկալել էր Ֆրանսիայում արվեստի Palais de Tokyo ազգային թանգարանը:

Բրենդի ստեղծագործական տնօրենն այս անգամ ոգեշնչվել էր աշխարհի ամենաբարձր լեռներից՝ Հիմալայներից: Դրա համար էլ ցուցադրության համար ընտրվել էին արհեստական ձյունով ծածկված սպիտակ գորգեր ու սարեր: Սառը ձմռան շունչն էր հիշեցնում նաեւ մոդելների դիմահարդարումը՝ նրանց դեմքն ասես սառել էր ցրտից, այտերն էլ՝ կարմրել:



Guo Pei-ն իր ցուցադրությունով ցանկացել է ցույց տալ լեռնաշղթայի վրա ապրող մարդկանց մշակույթն ու արժեքները: Անձամբ նրան համար Հիմալայները սուրբ վայր է ու ոգեշնչման անկրկնելի աղբյուր:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին