×


Անցած տասնամյակի կարեւորագույն ֆիլմերն՝ առանց Օսկարի արձանիկի. մաս 1

Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը համոզված է՝ ֆիլմի արվեստագիտական արժանիքները եւ որակը կապակցված չեն ամենահայտնի (մասսայական եւ կոնսյումերիստական) կինոմրցանակաբաշխության արձանիկի առկայության հետ։ «Օսկար» մրցանակաբաշխությանն ընդառաջ կինոսեր հասարակության ուշադրությանն ենք ներկայացնում անցած տասնամյակի կարեւորագույն ֆիլմերը, որոնք այդպես էլ չեն արժանացել ամերիկացի կինոակադեմիկոսների գնահատականին։



«Ճերմակ ժապավենը», Միխայել Հանեկե

Մարդկային սադիզմի նյուանսները եւ դրա ընթացքում հոգու խրախճանքի եւ մաքառման վայրիվերումները կինոյի կոնտեքստում լավագույն հետազոտողներից ավստրիացի Միխայել Հանեկեն «Ճերմակ ժապավենը» դարձնում է իր ֆիլմագրության մեջ թեմայի ամենամղձավանջային հետազոտությունը։ Դեռեւս 20-րդ դարում պարզ դարձավ, որ երեխաների մասնակցությամբ հոգեբանական սարսափի հետ առնչվող բոլոր կինոպատմություններն ավելի սոսկալի եւ սահմռկեցուցիչ են, անգամ եթե սյուժեն թվում է անավարտ։ Հանեկեի սեւուսպիտակ էքզիստենցիալ առակը հենց 20-րդ դարի, ավելի ստույգ՝ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեի մասին է։ Փոքրահասակների մոտ արթացող եւ ձեւավորվող բացասականը, իհարկե, ունի խորհրդանշական եւ փոխաբերական իմաստ, ինչպես եւ գերմանական գյուղը եւ երեխաների թեւերին կապված սպիտակ ժապավենները։ Մռայլ եւ միապաղաղ մթնոլորտն ավելի հստակ է ընդգծում գլոբալ չարիքի գալուստը, որը ծնվում է ներսից՝ հանդարտ եւ անշտապ։


«Սրբազան շարժիչներ», Լեոս Կարաքս

Ֆրանսիական «անհսականալի, տարօրինակ ֆիլմերի» հեղինակ՝ գաղտնապահ Լեոս Կարաքսի «Սրբազան շարժիչներ» հակաուտոպիստական ակնարկ-ֆիլմը սկսել է նվաճել սինեֆիլների սրտերը ռեժիսորի հայրենիքից սկսած՝ Կաննի կինոփառատոնում կայացած համաշխարհային պրեմիերայից անմիջապես հետո։ Կինոքննադատները՝ կշտացած ստամոքսներով, ծանր-ծանր բարձրանում էին բազկաթոռներից՝ սրբելով շուրթերից ախորժելի պատառի մնացորդները. հենց այսպիսի նորաշունչ եւ նորարարական, մի փոքր ռադիկալ կինո տեսնելու ակնկալիքով են նրանք տեղավորվում ամենահեղինակավոր կինոփառատոների սրահներում։ Իսկ անպատրաստի հանդիսատեսը տարակուսած քորում էր գլուխը՝ ո՞վ է ֆիլմի գլխավոր հերոսը, որն անդադար կերպարանափոխվում է եւ մեկ օրվա կտրվածքով «ապրում» մի քանի կյանքով։


«Որս», Թոմաս Վինտերբերգ

Հավասարակշռված եւ բարեկեցիկ եվրոպական բարքերի մութ կողմը մաքսիմալ իմերսիվ, ռեալիստական եւ անխնա պատկերող Թոմաս Վինտերբերգը յուղոտ վրձնախազերով կերտում է անօգնական մարդու դիմանկարը «Որս»-ում։ Ընկերասեր եւ համերաշխ սոցիումը (այստեղ՝ դանիական գյուղը) պատրաստ է հոշոտել ցանկացածին՝ անգամ լիարժեք համոզված չլինելով մեղադրյալի արարքի հարցում։ Ոչ ոք ապահովագրված չէ՝ ասում է Վինտերբերգը, եւ իր ավագ ընկեր Լարս ֆոն Թրիերի հետեւից կրկնում է դարերից եկած ճշմարտությունն ամենավտանգավոր գազանի՝ մարդու մասին՝ դնելով վերջինիս ծայրահեղ հոգեբանական իրավիճակների մեջ։


«Լոբստեր», Յորգոս Լանտիմոս

Ծովային տասնոտանի խեցգետնին հայերենում ընդունված է «օմար» կոչել, սակայն հարցը լեզվական սովորույթի մեջ է. անգլախոսները «լոբստեր» են կոչում, մինչ գերմաներենում առկա է «hammer»-ը՝ այդտեղից էլ «օմար»։ Հունական նոր՝ «տարօրինակ» կոչվող կինոալիքի հիմնադիրներից ամենագլխավորը՝ Յորգոս Լանտիմոսը, ստեղծել է «Լոբստերը» բրիտանացի կինոգործիչների օգնությամբ, սակայն որպես հումք վերցնելով արեւելյան մարդու աշխարհայացքին բնորոշ դեռեւս չսպիացած վերքերը։ Ազգային առասպելների եւ կաղապարների հետ խաղացող եւ պարզ թվացող սյուժեն գրոտեսկային աբսուրդի հասցնող կինոգործիչը բռնում է ժամանակակից աշխարհի խնդիրներն ու դարերով եկած ճշմարտությունները կոկորդից եւ, պինդ խրելով եղունգները, բարձրացնում, հասցնում մինչեւ առաստաղ՝ թույլատրելիի առավելագույն սանդղակին։ Ավանդական ամուսնության ինստիտուտը «ե՞րբ ես ամուսնանալու» կարգախոսով չի հանդուրժում միայնակներին եւ պատրաստ է ազատվել վերջիններից, անգամ եթե անհրաժեշտ լինի վերածել նրանց կենդանիների։


«Թոնի Էրդման», Մարեն Ադե

«Տուրգենեւյան» հավերժ կոնֆլիկտն առաջ սլացող եւ թանձր հայրական սիրուց ծանրացած որդիների մասին՝ ձեւափոխված եւ շատ ավելի առօրեական, տեղ է գտել ժամանակակից գերմանական կինեմատոգրաֆի կարեւորագույն ռեժիսորներից մեկի՝ Մարեն Ադեի ֆիլմում։ Մեր օրերի բիզնես լեդիի կյանքը լի է հանդիպումներով, անդադար թվացող գործուղումներով եւ ձեռքից վայր չդրվող սմարթֆոնով, դուրս է մղում ցանկացած սենտիմենտ՝ անգամ հարազատ հոր հետ շփվելու միտումը։ Չկա ոչ ժամանակ, ոչ նկատելի պահանջ եւ ցանկություն երբեմնի հայրիկի սիրելի փոքր աղջկա կերպարը թեկուզ եւ կարճաժամկետ վերականգնելու համար։ Ժամանակին ծնողները կերպարանափոխվում էին փերիների եւ Ձմեռ պապիների՝ սեփական երեխաների կյանքն ավելի գունեղ եւ զվարթ դարձնելու համար, եւ ահա աղջկա հայրը՝ ամենամիամիտ եւ պարզ զգացմունքներին տրված, փոխում է սառնասիրտ դստեր առօրեան՝ կեղծամի եւ արհեստական ատամնաշարի արդյունքում դառնալով ոմն Թոնի Էրդման։ Ֆիլմ սիրո եւ ամենապարզ հաճույքներից ուրախանալու մասին, որի պակասը երբեմն բոլորս ունենք։


Դիանա Մարտիրոսյան

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին