×


Մկրտիչ Արզումանյանի բացասական կերպարից մինչեւ Արամ MP3-ի որդու «տխուր երեխայի» դերը «Պատվի համար»-ում

Առաջին ալիքը կներկայացնի գրական եւս մեկ ստեղծագործության՝ Շիրվանզադեի «Պատվի համար» դրամայի էկրանավորումը: Շուտով 16 մասանոց հեռուստանովելը եթերում կլինի, իսկ մինչ այդ BRAVO.am-ն այցելել է նկարահանման հրապարակ, պարզել հետաքրքիր մանրամասներ ու լուսանկարել աշխատանքային ընթացքը:

«Պատվի համար» հեռուստանովելի նկարահանումներին


Սցենարի հեղինակը դրամատուրգ Անահիտ Աղասարյանն է, ռեժիսորը՝ Հրաչ Քեշիշյանը: 20-րդ դարասկզբին գրված ստեղծագործությունը էկրանին կտենսենք 21-րդ դարի մոտիվներով. հեռուստանովելում իրադարձությունները տեղի են ունենում մեր օրերում, կա սյուժետային զարգացում:

Հրաչ Քեշիշյանը մեզ հետ զրույցում նշել է, որ կինոն ունի իր կանոնները.«Նույնիսկ 1956 թվականին նկարահանված «Պատվի համար» ֆիլմը բավական տարբերվում էր գրական գործից. այն եւս նկարահանված էր կինոսցենարի հիման վրա: Մենք փորձում ենք ստանալ հուզական, գեղեցիկ, ժամանակակից ու հետաքրքիր ֆիլմ՝ ժամանակ առ ժամանակ հղումներ անելով դասականի պատկերացրած ժամանակաշրջանին, այսինքն՝ պատմությունը պատմելով ոչ միայն 2020-ի կենցաղի միջոցով, այլ նաեւ որոշակի երեւակայություն մտցնելով այդ կենցաղում, ճաշակ թելադրելով: Փորձել ենք հեռուստանովելում խոսել նաեւ դասականի ժամանակներից դուրս հանդիպող որոշ խնդիրների մասին, որոնք կարելի է մատնանշել մեր օրերում»:

Հրաչ Քեշիշյանը


«Պատվի համար» հեռուստաֆիլմի դերասանական կազմում ընդգրկված են Ռաֆայել Քոթանջյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Աննա Էլբակյանը, Նարինե Պետրոսյանը, Սոս Ջանիբեկյանը, Անահիտ Կիրակոսյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Մկրտիչ Արզումանյանը եւ ուրիշներ:

Անձնակազմի ամենափոքր անդամն Արամ MP3-ի որդին է՝ Առնո Սարգսյանը, ով մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր աշխատանքին:

«Առնոն տաղանդավոր, հիասքանչ երեխա է, ով ոչ միայն ընկալում է կինոխցիկը եւ այս ողջ ընթացքը, այլեւ ամբողջությամբ մտնում է պատմության մեջ: Մի դեպք եղավ. առավոտյան եկել էր նկարահանման ու շատ տխուր էր: Բոլորս հարցնում էինք՝ ինչ է պատահել, ինչու է տխուր, նա էլ, թե՝ «Ամեն ինչ լավ է. իմ դերը տխուր երեխայի դեր է, չէ՞, ես կերպարիս մեջ եմ»,- ժպիտով մտաբերել է Հրաչ Քեշիշյանը:

Ռաֆայել Քոթանջյանը


Հեռուստանովելում բացասական դերով կներկայանա Մկրտիչ Արզումանյանը. «Կերտում եմ Մերուժանի կերպարը. խորամանկ, փողի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունեցող մարդ է: Լուրջ դեր է, քանի որ պահանջում է մաքսիմալ կենտրոնացում՝ իր բոլոր առանձնահատկությունները հասկանալու համար: Ամեն օր կերպարը զարգանում է, եւ իմ առջեւ հաղթահարելու նոր խնդիր է լինում: Պետք է ասեմ, որ ինձ շատ օգնում են ե՛ւ ռեժիսորը, ե՛ւ գործընկերներս. իսկապես շատ հարմարավետ է աշխատել Հրաչի հետ: Առհասարակ, լավ եւ ուժեղ թիմ է հավաքվել, իսկ դերասանի համար շատ կարեւոր է աշխատել դրական միջավայրում»:

Թեեւ երկար տարիներ ներկայացել է բացառապես երգիծական դերերով, Մկոն խոստովանում է՝ դրաման իրեն ավելի հոգեհարազատ է.«Շատ կուզեմ, որ նման նախագծերը շարունակական լինեն, որովհետեւ կարծում եմ՝ այս ժանրում շատ ասելիք ունեմ, իհարկե, նաեւ կատակերգության մեջ: Իրականում շատ դժվար է կերտել նաեւ երգիծական կերպարներ, քանի որ հատկապես այսօր, երբ մարդկանց կենցաղն այնքան էլ հեշտ չէ, դժվար է նրանց ուրախացնել, միայն զվարճալի դեմքերով չենք կարող ծիծաղեցնել հանդիսատեսին: Թե՛ դրամատիկ, եւ թե՛ կատակերգական կերպարներ կերտելիս ամենակարեւորն անկեղծությունն է»:

Մկրտիչ Արզումանյանը եւ Ալեքսանդր Խաչատրյանը


«Պատվի համար» հեռուստանովելի նկարահանումներն, ըստ ռեժիսորի, ընթանում են բավական արագ, զուգահեռաբար կատարվում են նաեւ մոնտաժային աշխատանքները, եւ արդեն Հանրայինի գարնանային եթերաշրջանում հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտել սպասված աշխատանքը:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին